Մանկահասակ Կարինե Հովհաննիսյանի մահվան գործով կկայանա ևս մեկ դատական նիստ
18:06, February 10, 2016 | Նորություններ, Սեփական լրատվություն | Երեխաների իրավունքներ, Կյանքի իրավունք | Կարինե Հովհաննիսյան2016 թվականի փետրվարի 9-ին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Էջմիածնի նստավայրում կայացավ 2015 թվականի հունիսի 16-ին Արմավիրի բժշկական կենտրոնում մահացած մանկահասակ Կարինե Հովհաննիսյանի գործով երրորդ դատական նիստը:
Հիշեցնենք, որ երեխայի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ Ա. Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով (բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ):
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի իրավաբան Անի Չատինյանը ներկայացնում է տուժող Կարինե Հովհաննիսյանի իրավահաջորդների շահերը:
Դատական նիստի ընթացքում ցուցմունք տվեցին Արմավիր ԲԿ երեք բուժաշխատողներ, որոնց ցուցմունքներն իրականում ուղղված էին մեղադրյալ Ա. Պետրոսյանի պաշտպանությանը: Վկաներն իրենց ցուցմունքներում նշում էին, որ մեղադրյալը ունեցել է դրական բնութագիր, իր մասնագիտական պարտականությունները կատարել է բարեխիղճ:
Արձանագրենք, որ կողմերի հարցադրումներին վկաները ոչ հստակ, հակասական և խուսափողական պատասխաններ էին տալիս:
Այն հարցին, թե արդյոք ճիշտ է եղել Կ. Հովհաննիսյանի նկատմամբ իրականացված բուժումը, վկաները պատասխանում էին, որ մեղադրյալ Ա. Պետրոսյանը լավ մասնագետ է, հոգատար և ուշադիր է հիվանդների նկատմամբ: Վկաներն իրենց ցուցմունքն սկսում էին նմանօրինակ խոսքերով, այնուհետև նշում, որ հարցին կարող են պատասխանել բժիշկները:
Վկաները պնդում էին, որ իրենց կողմից իրականացվել են անհրաժեշտ բոլոր գործողությունները, մինչդեռ փորձագիտական եզրակացությունն այլ պատկեր է ցույց տալիս:
2016 թվականի փետրվարի 9-ի դատական նիստին նախատեսված էր հարցաքննել ևս մեկ վկայի, որը չէր ներկայացել դատական նիստին: Դատարանը վկային բերման ենթարկելու մասին որոշում կայացրեց: Դատական նիստը հետաձգվեց:
Հաջորդ դատական նիստը նշանակաված է 2016 թվականի փետրվարի 29-ին՝ ժամը 12:00-ին:
Տես նաև՝ hcav.am