ՀՔԱ Վանաձորի գրասենյակի դիրքորոշումը՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ
17:48, September 12, 2017 | Նորություններ, Սեփական լրատվություն | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ | Զինված ուժեր2017թ․ օգոստոսի 9-ին ՀՀ Արդարադատության նախարարության իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է դրվել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
Օրենքի նախագծով առաջարկվող մի շարք կարգավորումների վերաբերյալ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ներկայացրել է իր դիրքորոշումը:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակն առաջարկել է վերանայել զինվորական ծառայության ժամկետների հաշվարկման կարգը՝ սահմանելով զինվորական ծառայության ժամկետում ձերբակալման կամ որպես խափանման միջոց կիրառված կալանավորման ժամանակահատվածը չներառելու վերաբերյալ բացառություններ։
Նախագծում սահմանված և պարզաբանված չէ նաև «զինապարտ» հասկացությանը, որն օգտագործվում է Նախագծի 17-րդ հոդվածում: Կազմակերպությունն առաջարկել է համապատասխան հոդվածում սահմանել դրա բովանդակությունը: Ինչպես նաև խմբագրել նույն հոդվածի՝ զինապարտների և զինծառայողների առողջական վիճակի փորձաքննության կարգը սահամանող 3-րդ մասն ու առանձին հավելվածով սահմանել հիվանդությունների ցանկը՝ վերահաստատելով հիվանդությունների ցանկը բացառապես օրենքով սահմանելու՝ նախկինում հայտնած դիրքորոշումները:
Կազմակերպությունն առաջարկել է նաև հստակեցնել, թե ՀՀ Կառավարությունը որ դեպքերում և ինչ հիմքով կարող է զինվորական ծառայությունից ազատելու կամ տարկետում տրամադրելու որոշում կայացնել: Ինչպես նաև հստակեցնել պարտադիր զինվորական ծառայության զորակոչի կազմակերպմանը վերաբերող 27-րդ հոդվածի ընթացակարգային նորմերը: Մասնավորապես՝ պարտադիր է համարել զորակոչի կազմակերպումը՝ պաշտպանության նախարարության և զինված ուժերի գլխավոր շտաբի ենթակայություն չունեցող, քաղաքացիական ծառայություն հանդիսացող պետական գործակալության կողմից:
Օրենքի նախագծի վերաբերյալ իր դիրքորոշումը ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2017 թ. օգոստոսի 25-ին ներկայացրել է ՀՀ Պաշտպանության նախարարություն:
Առաջարկությունների ամբողջական փաթեթը ՀՔԱ Վանաձորի գրասենյակը կներկայացնի ավելի ուշ: