Լիա Միսակյանի գործով սկսվել է դատական վիճաբանությունների փուլը
11:59, April 13, 2015 | Նորություններ, Սեփական լրատվություն | Արդար դատաքննության իրավունք, Երեխաների իրավունքներ | Լիա Միսակյան2015 թ. ապրիլի 9-ին ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ դատավոր Լ. Ավետիսյանի, վերսկսվեց 2 տարեկան երեք ամսական Լիա Միսակյանի մահվան դեպքի առթիվ Լիլիթ Վարդանյանի և Զարինե Այվազյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը:
Ամբաստանյալ Զարինե Այվազյանի պաշտպան Երեմ Սարգսյանը ներկայացրեց «Արաբկիր» ԲԿ-ի տնօրինության կողմից իր հարցմանն ի պատասխան ներկայացված գրությունը, որով Զարինե Այվազյանը բնութագրվել էր որպես պարտաճանաչ, բարեխիղճ ու կարգապահ աշխատող: Գրությանը կից դատարանին ներկայացվեցին նաև ծնողների կողմից տրված շնորհակալագրեր: Դատաքննության ընթացքում տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արթուր Սաքունցը հայտարարությամբ հայտնեց դատարանին, որ ներկայացված երեք շնորհակալագրերից միայն մեկն ունի ստորագրությանը նմանվող գրառում, որպիսի պայմաններում հնարավոր չէ վստահել դրանց արժանահավատությանը:
Այնուհետև, Զարինե Այվազյանի պաշտպանը միջնորդություն ներկայացրեց առաջին հանձնաժողովային փորձագիտական հանձնաժողովի նախագահի Արգամ Հովհաննիսյանին դատարան հրավիրելու և հարցաքննելու մասին: Նման միջնորդության հիմքն ըստ պաշտպանի հանդիսանում էր այն, որ առաջին հանձնաժողովային փորձաքննության եզրակացության մեջ հղումներ են կատարվել քրեական գործի նյութերին, իսկ կրկնակի հանձնաժողովային փորձաքննության եզրակացության մեջ գործի նյութերին որևէ հղում չի կատարվել, թեև եզրակացության մեջ գրված է՝ գործի նյութերով: Ե. Սարգսյանը գտավ, որ այդ հակասությունների պարզման նպատակով անհրաժեշտ է դատարան հրավիրել և հարցաքննել հանձնաժողովի նախագահ Ա. Հովհաննիսյանին:
Գործով մեղադրող Դավիթ Կարապետյանն առարկեց միջնորդության դեմ, նշելով, որ նախ՝ առաջին հանձնաժողովային փորձաքննության հանձնաժողովի անդամները հարցաքննվել են դատարանում, և հանձնաժողովի նախագահին ուղղվելիք հարցադրումները կարող էին նրանցից ճշտվել, բայց այդ, կրկնակի հանձնաժողովային դատաբժշկական եզրակացության մեջ ևս հղումներ են կատարվել գործի նյութերին:
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ա. Սաքունցը, համակարծիք լինելով մեղադրողի հետ, նշեց, որ մի հանձնաժողովի անդամների հարցաքննությամբ մյուսը հերքելու տակտիկան սխալ է, տուժողի իրավահաջորդի մյուս ներկայացուցիչ Տ. Սիրադեղյանը նույնպես առարկեց միջնորդության դեմ, նշելով, որ պաշտպանական կողմը բավարար ժամանակ ու հնարավորություն ուներ հուզող հարցադրումները դատարանում հարցաքննված փորձագետներին ուղղելու համար: Տուժողի իրավահաջորդ Գեորգի Միսակյանը նույնպես առարկեց միջնորդության դեմ, հայտնեց, որ ինքը տեսել է, որ Զարինե Այվազյանը ոչինչ չի արել երեխային բուժելու համար, որը հերքել հնարավոր չէ:
Մյուս ամբաստանյալ Լիլիթ Վարդանյանի պաշտպան Գ. Հովհաննիսյանը միացավ ներկայցված միջնորդությանը, ավելացրեց, որ մրցակցության սկզբունքի պահպանման նպատակով դատարանը պետք է բավարարի պաշտպանական կողմի միջնորդությունը, քանզի մյուս փորձագետները դատարանում հարցաքննվել են ըստ վարույթն իրականացրած մարմնի դատակոչի ցուցակի:
Նշվածի կապակցությամբ Ա. Սաքունցը նշեց, որ հավասարության սկզբունքի պահպանման համար պաշտպանական կողմի միջնորդության բավարարման դեպքում անհրաժեշտություն կառաջանա դատարանում հարցաքննել նաև կրկնակի դատաբժշկական փորձաքննության հանձնաժողովի բոլոր անդամներին, քանի որ այս դեպքում դատարանում հարցաքննվել էր միայն հանձնաժողովի նախագահը:
Դատարանը, քննարկելով ներկայացված միջնորդությունը, գտավ, որ այն անհիմն է և ենթակա է մերժման, քանզի փորձաքննության հանձնաժողովի անդամները հիրավիրվել և հարցաքննվել են դատարանում, եզրակացությունները հետազոտվել են, և նման պայմաններում հանձնաժողովի անդամին հրավիրելու և հարցաքննելու անհրաժեշտություն չկա:
Միջնորդությունը ներկայացրած պաշտպան Ե. Սարգսյանը հայտարարեց, որ դատարանը խախտում է ամբաստանյալների՝ արդար դատաքննության և մրցակցության իրավունքները:
Այնուհետև, Ե. Սարգսյանը ևս մեկ միջնորդություն ներկայացրեց: Այս միջնորդությամբ պաշտպանը բացարկ հայտնեց դատաբժիշկ Ս. Սևոյանին և միջնորդեց նրա կողմից կայացված եզրակացությունը ճանաչել անթույլտարելի ապացույց: Պաշտպանը վկայակոչեց ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի հոդվածները և ՀՀ առողջապության նախարարության կողմից հաստատված դատաբժշկական փորձաքննությունների կազմակերպման չափորոշիչների պահանջները, որոնց դրույթներն իր կարծիքով խախտվել են փորձաքննության կատարման ընթացքում: Ե. Սարգսյանը նշեց, որ դատաբժշկական փորձաքննության ընթացքում Լիա Միսակյանի թոքից վերցվել է 2 կտոր, նվազագույնը՝ 5 կտորի փոխարեն, երեխայի սիրտը մեծացած է եղել, որը փորձագետի կողմից նորմալ գնահատվեց, բացի այդ, փորձաքննությանը մասնակցել է նաև հյուսվածքաբան, սակայն նրա վերաբերյալ որևէ տվյալ չկա փորձագիտական եզրակացության մեջ, մինդեռ, հետագայում կրկնակի դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ, հղում անելով հյուսվածքաբանի հետևություններին, նշվել են հիվանդությունների վաղեմությունները: Բացի այդ, պաշտպանը նշեց, որ հարցաքննության ընթացքում փորձագետը հայտնել է, որ ծանոթ չէ ՀՀ առողջապահության նախարարության չափորոշիչներին: Այդպիսով, պաշտպանը հետևություն կատարեց, որ փորձաքննության եզրակացությունը կայացվել է սահմանված կարգի խախտմամբ, դրա իրավասությունը չունեցող անձի կողմից, ում անձեռնհասությունը հաստատվել է դատարանում և խնդրեց բավարարել ներկայացված միջնորդությունը: Միջնորդությանը կից դատարան ներկայացվեցին այլ գործերով կատարված դատաբժշկական փորձաքննությունների եզրակացություններ, որոնք հակասություններ էին պարունակում Լիա Միսակյանի մահվան դեպքով կատարված դատաբժշկական փորձաքննության հետ:
Մեղադրանքի կողմն առարկեց նաև այս միջնորդության դեմ, մասնավորապես, գործով մեղադրողը նշեց, որ թե՛ առաջին հանձնաժողովային փորձաքննությամբ և՛ թե կրկնակի հանձնաժողովային փորձաքննությամբ հղում է կատարվել դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացությանը, սակայն փորձագետների կողմից որևէ նշում չի կատարվել այդ եզրակացության թերությունների վերաբերյալ: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներ Ա. Սաքունցը և Տ. Սիրադեղյանը նույնպես առարկեցին ներկայացված միջնորդության դեմ, իսկ տուժողի իրավահաջորդ Գ. Միսակյանը նշեց, որ կենդանության օրոք ամբաստանյալները ոչինչ չեն արել իր դստերը բուժելու համար, իսկ այժմ պետք չէ մտածել, թե քանի կտոր է դատաբժիշկը վերցրել երեխայի թոքերից:
Լիլիթ Վարդանյանի պաշտպան Գ. Հովհաննիսյանը հավելեց, որ միջնորդությունը ներկայացվել է համատեղ, նշեց, որ Ս. Սևորյանը նախազգուշացվել է կեղծ եզրակացություն տալու համար նախատեսված քրեական պատասխանատվության համար, մինչդեռ, փորձաքննությանը մասնակցած հյուսվածքաբանը չի նախազգուշացվել նախատեսված քրեական պատասխանատվության համար:
Միջնորդության քննարկման համար դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ: Խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո դատարանը հրապարակեց կայացված որոշման ներածական և եզրափակիչ մասերը, որով մերժեց ինչպես դատաբժիշկ Ս. Սևոյանին բացարկ հայտնելու, այնպես էլ՝ փորձագիտական եզրակացության՝ որպես ապացույց անթույլատրելիությունը հաստատելու մասին միջնորդությունները:
Այսքանով պաշտպանական կողմի միջնորդությունները չավարտվեցին: Ամբաստանյալ Լիլիթ Վարդանյանի պաշտպան Գ. Հովհաննիսյանը կրկնակի դատաբժշկական փորձաքննության եզրակացության՝ որպես ապացույց անթույլատրելիությունը հաստատելու վերաբերյալ միջնորդություն ներկայացրեց դատարանին: Մասնավորապես, որպես հիմնավորում պաշտպանը նշեց, որ ամբաստանյալները փորձագիտական եզրակացությանը ուշ են ծանոթացել՝ քրեական գործի նյութերը ստանալուց հետո, փորձաքննությանը մասնակցած փորձագետները որոշմամբ փորձագետ չեն ճանաչվել, սակայն մասնակցել են փորձաքննությանը:
Մեղադրողն առարկեց միջնորդության դեմ, վկայակոչեց ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 85-րդ և 248-րդ հոդվածի դրույթները, նշեց, որ օրենսգրքի ընդհանուր մասի նորմերով հստակ սահմանված է, որ փորձագետը քրեական գործով չշահագրգռված այն անձն է, որին քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ կամ փորձաքննություն նշանակելու մասին որոշման համապատասխան` նշանակում է փորձագիտական հաստատության ղեկավարը: Բացի այդ, մեղադրողը նշեց, որ թույլ տրված խախտումները պետք է էական լինեն, մինչդեռ, պաշտպանական կողմը ապացույցներ չներկայացրեց էական խախտումների վերաբերյալ:
Տուժողի իրավահաջորդը և վերջինիս ներկայացուցիչները նույնպես առարկեցին միջնորդության դեմ և խնդրեցին մերժել այն:
Դատարանը, քննարկելով ներկայացված միջնորդությունը, գտավ, որ այն անհիմն է և ենթակա է մերժման:
Դատարանի հիշյալ որոշումից հետո ամբաստանյալ Զարինե Այվազյանի պաշտպանը խնդրեց ժամանակ տրամադրել դատարանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու համար: Դատարանը խնդրեց պաշտպանին հղում կատարել այն հոդվածին, որով դատարանը պարտավոր է ժամանակ տրամադրել ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու համար: Ե. Սարգսյանը հայտնեց, որ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը նախատեսում է, որ ամբաստանյալը պետք է ունենա իր պաշտպանությունն իրականացնելու իրական հնարավորություն, ողջամիտ ժամկետներ: Մեղադրող Դ. Կարապետյանը առարկեց միջնորդության դեմ, իսկ տուժողի իրավահաջորդը և նրա ներկայացուցիչները չառարկեցին միջնորդության դեմ, ավելին՝ Ա. Սաքունցը նշեց, որ միջնորդությունը պետք է բավարարվի, և պաշտպանական կողմին տրվի բավարար ժամանակ ինքնաբացարկի միջնորդությունը ներկայացնելու համար:
Դատարանը, քննության առնելով ներկայացված միջնորդությունը, մերժեց այն:
Ե. Սարգսյանը հայտարարեց, որ միջնորդության մերժմամբ դատարանը խախտեց ամբաստանյալների՝ պաշտպանության և արդար դատաքննության իրավունքները:
Այնուհետև, դատարանը դատաքննությունը համարեց ավարտված, անցավ դատական վիճաբանությունների փուլին: Սույն դատական նիստին մեղադրական ճառերով հանդես եկան մեղադրող Դ. Կարապետյանը, տուժողի իրավահաջորդ Գ. Միսակյանը, տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ա. Սաքունցը:
Մեղադրողն իր ճառով հիմնավոր համարեց առաջադրված մեղադրանքը, գտավ, որ գործով ձեռք են բերվել բավարար ապացույցներ Լիլիթ Վարդանյանի և Զարինե Այվազյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքի հատկանիշները հիմնավորելու համար, հղում կատարելով այդ ապացույցներին, միջնորդեց մեղավոր ճանաչել ամբաստանյալներին և, հաշվի առնելով Զարինե Այվազյանի արարքի առավել վտանգավորությունը, միջնորդեց նշանակել ազատազրկման ձևով պատիժ՝ Լիլիթ Վարդանյանի նկատմամբ 1 տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով 2 տարի ժամկետով, իսկ Զարիեն Այվազյանի նկատմամբ՝ 2 տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով 3 տարի ժամկետով: Միաժամանակ, մեղադրողը միջնորդեց ամբաստանյալների նկատմամբ կիրառել համաներում:
Ճառով հանդես եկավ նաև տուժողի իրավահաջորդ Գևորգի Միսակայնը: Վերջինս նշեց, որ այսքան ժամանակ չի եղել մի դեպք, երբ բժիշկներն իրենց անփութության և անգործության պատճառով կանգնեն դատարանի առջև: Գ. Միսակյանը մտահոգություն հայտնեց, որ մինչ օրս բժիշկները շարունակում են աշխատել բժշկական կենտրոնում, նա նշեց, որ չկա արդարացում մարդկանց, ովքեր կարող էին օգնել իր երեխային, բայց դա չեն արել: Նա նշեց, որ արդարությունը պետք է վերականգնվի, ՀՀ դատական մարմիններում և եվրոպական դատարանում, անկախ շահագրգիռ կողմերի պաշտոնեական դիրքից, և արդարությունը պետք է դաս լինի բոլորի համար, որպեսզի երեխաներին սպասարկեն բարձրակարգ բժիշկներ:
Այնուհետև, ճառով հանդես եկավ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ա. Սաքունցը: Վերջինս, նախ նշեց, որ տուժող կողմի համար գործով հիմնական նպատակը հետագայում նման հանցագործությունների կանխումն է: Նա հայտնեց, որ տուժող կողմի համար դատաքննության ընթացքում ձևավորվել է այն հիմնավոր կարծիքը, որ «Արաբկիր» ԲԿ-ի բուժանձնակազմի՝ սույն գործով ներգրավված աշխատակիցների համար Լիա Միսակյանի մահվան փաստով քննության նպատակը ոչ թե երեխայի մահվան իրական հանգամանքների բացահայտումն է, որը հնարավորություն կտար վերացնել նաև բժշկական սպասարկման թերությունները, այլ՝ բժշկական հիմնարկի և բուժանձնակազմի մեղավորության միանշանակ հերքումը: Ճառի շրջանակներում Ա. Սաքունցը վերլուծեց գործով ձեռք բերված ապացույցները, անդրադարձավ դրանց գնահատման հարցին: Նա նշեց, որ որ դատաքննության ընթացքում հարցաքննված «Արաբկիր» բժշկական կենտրոնի աշխատակիցների (այդ թվում՝ սույն գործով մեղադրվող Լիլիթ Վարդանյանի և Զարինե Այվազյանի) ցուցմունքներն ուղղված էին իրականության չբացահայտմանը, որի նպատակն ինչպես բուժանձնակազմի, այնպես բժշկական կենտրոնի թերությունների քողարկումն է: Մտահոգություն հայտնեց, որ Լիա Միսակյանի մահվան գործով նախաքննության ընթացքում և դատարանում հարցաքննված «Արաբկիր» ԲԿ-ի բոլոր աշխատակիցները շարունակում են աշխատել բժշկական կենտրոնում և բավականին ժամանակ ու իրական հնարավորություն ունեին միմյանց հետ համաձայնեցնելու իրենց ցուցմունքների բովանդակությունը: Ճառում անդրադարձ կատարվեց նաև ամբաստանյալների անգործության, անփութության հարցերին: Բացի այդ, Ա. Սաքունցը ներկայացրեց նաև բժշկական կենտրոնի կողմից թույլ տրված որոշ խախտումներ, թերություններ, որոնք առնչություն ունեն Լիա Միսակյանի մահվան հետ:
Այդպիսով, տուժողի իրավահաջորդ Ա. Սաքունցը գտավ, որ Լիլիթ Վարդանյանի և Զարինե Այվազյանի գործողություններն ու անգործությունը անմիջական պատճառական կապի մեջ են գտնվում Լիա Միսակյանի մահվան հանգամանքի հետ, ուստի դիմեց դատարանին՝ կատարված արարքում նրանց մեղավոր ճանաչելու պահանջով:
Գործով ամբաստանյալներ Լիլիթ Վարդանյանի և Զարինե Այվազյանի պաշտպանները պաշտպանական ճառերով հանդես կգան սույն գործով հաջորդ դատական նիստին:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա 2015 թ. մայիսի 4-ին, ժամը 14:00-ին: