Հենց կոռուպցիայի հովանավորներն են թուլացրել բանակը, երկրի պաշտպանունակությունը՝ թիկունքից հարվածելով սեփական ժողովրդին
17:48, May 20, 2016 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԱպրիլի 25-ին պաշտոնական վարկածով ինքնասպանություն գործած ժամկետային զինծառայող 18-ամյա Հովհաննես Պետրոսյանի հայրը չի հավատում պաշտոնական վարկածին: Մահացած զինծառայողի հայրը վստահ է, որ որդուն սպանել են, եւ հայտարարում է՝ սպաները որդու դեմ լարված են եղել, քանի որ վերջինս թույլ չի տվել նրանց բենզին գողանալ:
Ապրիլի 2-ին պատերազմական գործողությունների ժամանակ զոհված փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանի հայրը զգոնության կոչ էր անում ՀՀ իշխանություններին՝ ասելով, որ «զարթնել է պետք», փոխգնդապետի հայրը նաեւ հայտարարեց ԶՈՒ-երում թալանի ու անպատասխանատվության մասին:
Երկու տարի առաջ շարքային Ներսես Կարապետյանի հարազատներն էին բողոքում, որ իրենց որդու «գլխին սարքել են, հասցրել մահվան» շուրջ 200 հազար դրամի պատճառով: Պարտքը գոյացել էր այն պատճառով, որ վառելիք են գողացել, Ներսեսը պակասորդ է տվել, հետո անընդհատ ստիպել են պակասորդի փոխարեն վճարել:
Ըստ իրավապաշտպան Արթուր Սաքունցի՝ ոչինչ, այդ թվում ապրիլյան քառօրյա պատերազմը չի կարող ստիպել ՀՀ իշխանություններին շտկելու իրավիճակը ԶՈՒ-երում: Հիմա էլ, ըստ նրա, չեն նկատվում իշխանությունների կողմից ջանքեր, որոնք միտված են շտկելու իրավիճակը:
Սաքունցը հիշում է տարիներ առաջ բացված Նարեկ Այվազյանի գործը, երիտասարդ սպան լուրջ խնդիրներ է ունեցել վառելիքի գողության հետ կապված, որի պատճառով նրան ապօրինաբար դատապարտել էին ազատազրկման:
Իսկ ամենաաղմկոտն, իհարկե, գեներալ Խաչատուրովի տղայի անվան հետ կապվող պատմությունն է: «Խաչատուրովի տղան ենթականերին ստիպել էր վարկեր վերցնել եւ իրեն տալ այդ գումարները, որից հետո գործը հասավ մինչեւ իսկ նրան հեռացնելուն, բայց հետո նրան նորից վերականգնեցին: Ես կուզենայի հիշեցնել գեներալ-մայոր Միքայել Գրիգորյանի հայտնի նամակը, որը հրապարակվեց 2010 թ.-ին. պաշտպանության նախարարին հասցեագրած իր նամակում խոսում էր համատարած գողությունների ու հանցագործությունների մասին: Եվ հիմա այն, ինչի մասին այսօր բարձրաձայնում են ժամկետային զինծառայող Հովհաննես Պետրոսյանի կամ պատերազմին զոհված փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանի ծնողները, իհարկե, նորություն չէ՝ սկսած 2010 թ.-ից»:
Ըստ Արթուր Սաքունցի՝ նորությունը, թերեւս, այն է, որ առաջին անգամ մարդիկ, ՀՀ քաղաքացիները, զոհվածների հարազատները տեսնում են անմիջական կապն այդ հանցագործությունների եւ ռազմական գործողությունների միջեւ:
Ըստ իրավապաշտպանի՝ տարիներ շարունակ կոռուպցիան ու թալանը, որը հովանավորվել է ամենաբարձր՝ նախագահի ինստիտուտի մակարդակով, կեղեքել ու թուլացրել են հայկական ԶՈՒ-երը եւ հարվածել բանակին հենց թիկունքից:
«Այն բոլոր բացահայտումները, ահազանգերը, քննադատությունները, որ արվել են անցած տարիների ընթացքում, եւ այն ժամանակ էլ նույն ձեւակերպումն էին տալիս, որ չի կարելի բանակին կպչել, թշնամու ջրաղացին ջուր լցնել, նրանք ընդամենը սեփական պատասխանատվությունը սքողելու, պատասխանատվությունից խուսափելու եւ հանցագործությունները հովանավորելու նպատակ ունեն: Վերջին հինգ տարիների ընթացքում այդ անգործությունն է, որ թշնամու ջրաղացին ջուր է լցրել, որ արժեցել է մարդկային կյանքեր:
Եվ, ցավոք սրտի, հիմա բոլորն են այդպես կարծում, որ առաջին թնամին կոռուպցիան է եւ հովանավորող պաշտոնատար անձինք: Եվ այն, որ Ս. Սարգսյանն առնվազն երեք բարձրաստիճան պաշտոնյաներ հեռացրեց աշխատանքից, հենց վկայում է այն մասին, որ մեր՝ տարիների ընթացքում հնչեցրած բոլոր ահազանգերը եւ քննադատություններն առավել քան հիմքեր են ունեցել: Եվ այդ ահազանգերը, որոնք պատշաճ ուշադրության չեն արժանացել, հենց դրանք հանգեցրեցին այսօրվա վիճակին, որի հետեւանքով ունեցանք 92 եւ ավելի զոհեր»:
Ըստ Սաքունցի՝ այսօր էլ ինչ կատարվում է, ձեւական, իմիտացիոն բնույթ է կրում, քանի որ մեկ-երկու պաշտոնյաների աշխատանքից հեռացնելը խնդրի լուծման եղանակ չէ:
«Հիմա եթե փորձում են ընդամենը պաշտոնից հեռացնելով բավարարվել, դա համարժեք պատիժ չէ, դա պատասխանատվություն չէ: Պետք է հիշեցնեմ, որ հենց նրանք, ովքեր սիրում էին կրկնել՝ «թշնամու ջրաղացին ջուր լցնել» արտահայտությունը եւ դրանով իսկ պարտակում էին իրենց թալանը, հենց իրենք կոռուպցիայի հովանավորներն էին, մեր հակառակորդը, որոնք թուլացրեցին բանակը, երկրի պաշտպանունակությունը, եւ հովանավորելով կոռուպցիան՝ հարվածներ հասցրեցին սեփական ժողովրդին թիկունքից»: