Ոստիկանների դեմ սուտ ցուցմունք տալու մեջ մեղադրվողն արդարացվեց
16:26, July 20, 2018 | Նորություններ, Սեփական լրատվություն2018 թ. հուլիսի 18-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ, արդարացրեց ոստիկանների դեմ սուտ ցուցմունք տալու մեջ մեղադրվող Արման Հովսեփյանին:
Արման Հովսեփյանի շահերը դատարանում պաշտպանում էր Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանը:
Ա. Հովսեփյանը ՀՀ Ոստիկանության Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցների՝ իրեն ծեծելու մասին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել 2017 թ. ապրիլի 19-ին, որով հայտնել է, որ ոստիկանները բռնություն են կիրառել իր նկատմամբ 2016 թ. հոկտեմբերին, երբ նախկին կնոջ ահազանգով եկել էին իրենց տուն:
Սրանով ոստիկաններին մեղադրել է ՀՀ Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված ծանր հանցագործություն կատարելու, այն է՝ պաշտոնատար անձանց կողմից բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ:
Ոստիկանների նկատմամբ հարուցված քրեական գործը ավելի ուշ՝ 2017թ. հունիսի 19-ին կարճվել է՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով:
Իսկ Արման Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածով նախատեսված հանցագործության՝ սուտ մատնություն անելու մեջ:
Դրա համար մեղադրող դատախազ Ա. Շահբազյանը դատարանում պահանջում էր մեկ տարվա ազատազրկման դատապարտել Ա. Հովսեփյանին:
Նրա պաշտպան, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանը իր պաշտպանական ճառում ընդգծեց, որ Ա. Հովսեփյանի գործողություններում դիտավորություն չի եղել, և նրան սուտ մատնություն կատարելու մեջ մեղադրելու համար անհրաժեշտ է հաստատել, որ վերջինս այդ արարքը կատարել է՝ գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է: Իսկ հանցագործություն տեղի ունենալու մասին ենթադրության դեպքում, անկախ նրանից՝ ենթադրությունը հիմնավոր է, թե՝ ոչ, հանցակազմը բացակայում է:
Ա. Զալյանը վկայակոչեց իր հնչեցրած փաստարկները հիմնավորող՝ ՀՀ Վճռաբեկ դատարանի մի շարք նախադեպային որոշումներ:
Ա. Հովսեփյանին առաջադրված մեղադրանքում վերը նշված հանգամանքներն առկա չեն. նրա կողմից դիտավորյալ կեղծ տեղեկատվություն տրամադրելու ապացույցներ չկան: Նա ներկայացրել է ոստիկանության ակտիվ գործողությունների՝ իր ընկալումը: Հատկապես, որ ոստիկանության ֆիզիկական ուժ կիրառելու հետևանքով նրա ցավ զգալն ու վնասվածքներ ստանալը հաստատվել է:
Ա. Զալյանը ամփոփելով դիրքորոշում հայտնեց, որ վերը նշված հանգամանքները բավարար են Ա. Հովսեփյանի նկատմամբ արդարացման դատավճիռ կայացնելու համար:
Քիչ անց Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ, արդարացման դատավճիռ կայացրեց: