«Իշխանությունը իր իսկ ստեղծած մեթոդի գերին է կարծես դարձել». Արթուր Սաքունց
15:05, July 21, 2016 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԻրավապաշտպան Արթուր Սաքունցը Aravot.am-ին ներկայացնելով իր տեսակետը այս գիշեր Խորենացի փողոցում եւ Սարի թաղում կատարվող իրավիճակի մասին՝ ասաց, որ իշխանությունն ակնհայտորեն, հանձինս ոստիկանների, իրավապահ մարմիններին հնարավորինս սադրում էր քաղաքացիների ինքնաբուխ ցույցը, որպեսզի հրահրի միջադեպեր, բախումներ ոստիկանության հետ. «Ինքնաբուխ ակցիայի մասնակիցների կողմից ստացված տեղեկատվության համաձայն, այդ քաղաքացիական հագուստով ոստիկանները կամ գործակալները, որոնք առաջիններից էին քարերի նետման հարցում եւ արդեն համազգեստով ոստիկանների նկատմամբ բռնությունների ցուցադրման օրինակներում, առաջ էր բերում այլ ցուցարարների համանման գործողությունները»:
Իրավապաշտպանը նշեց, որ արդեն տարբեր միջոցառումներում նկատվում է քաղաքացիական հագուստով ոստիկանների նմանօրինակ պահվածքը՝ հիշեցնելով անցած տարվա «Էլեկտրիկ Երեւանի» ժամանակ ջրցանի օրը, երբ ցուցարարների շարքերից քաղաքացիական հագուստով ոստիկաններն առաջինը բերման ենթարկեցին ցուցարարներին:
Այն, որ ծառերի տակ կանգնած մարդկանց բերման էին ենթարկում, բռնությամբ, ագրեսիվությամբ եւ հայհոյանքներով, ըստ իրավապաշտպանի, խոսում է այն մասին, որ սա ընդամենը պատրվակ էր, բայց իրական նպատակի վրեժխնդրությունն էր քաղաքացիներից, որոնք ցույցը իրականացնում են այնտեղ, որն, ըստ իրավապաշտպանի, դուրս է ոստիկանության գործողությունները կարգավորող որեւէ նորմից: Ըստ նրա՝ ցույցի իրական պատճառը նաեւ բռնության ուժ կիրառման դեմ էր ուղղված:
«Ոստիկանությունը, իրավապահ մարմինները իրենց գործողություններով գալիս են ցույց տալու, որ քաղաքական ղեկավարությունը ուժից, բռնությունից բացի, այլ լեզու, այլ մեթոդ չգիտի եւ չի էլ ուզում ունենա քաղաքացիների հետ հարաբերվելու հարցերում»,- նշեց իրավապաշտպանը՝ ավելացնելով, որ իշխանությունը պատասխանատու է այն ընդհանուր վիճակի համար, որ առաջացել է Հայաստանում. «Ինքն իր ուժային մեթոդներն է գերադասել, որպեսզի հիմնական գործիք կիրառի քաղաքացիների կողմից բարձրացված խնդիրների նկատմամբ եւ այդ գործելակերպը մինչեւ չփոխվի՝ այդ գործողությունները չեն դադարելու: Իշխանությունը իր իսկ ստեղծած մեթոդի գերին է կարծես դարձել, կրեատիվությունն էլ է կորցրել, շատ պրիմիտիվ, բռի, վայրի, մտածելակերպը եւ փակուղային դիքորոշումները բերելու է անընդհատ դժգոհությունների եւ մշտական այդ ճգնաժամերը կշարունակվեն, դա կլինի «Սասնա ծռերի», թե մեկ այլ խմբերի հետ»: