ՀՔԱ Վանաձորի գրասենյակը առաջարկներ է ներկայացրել ՀՀ քրեակատարողական համակարգում իրավիճակի բարելավման նպատակով 2018-2038 թվականների ռազմավարության իրականացման միջոցառումների ծրագրի վերաբերյալ
10:25, September 23, 2017 | Նորություններ, Սեփական լրատվություն2017 թ. օգոստոսի 24-ին ՀՀ ԱՆ իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է դրվել «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական համակարգում իրավիճակի բարելավման նպատակով 2018-2038 թվականների ռազմավարությունը և դրա իրականացման 2018-2038 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ Կառավարության որոշման նախագիծը։
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը և ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խումբը համատեղ մշակել և ներկայացրել են առաջարկություններ Նախագծի վերաբերյալ:
Իրականացված վերլուծության արդյունքում վերհանվել են մի շարք իրավական, կառուցվածքային և տեխնիկական խնդիրներ։ Նախագծում բացակայում են վերստուգիչ չափորոշիչներ, առանձին գործողությունների համար սահմանված չեն կատարման ժամկետներ, որոշ միջոցառումներ, գործողություններ և արդյունքներ հստակեցման և խմբագրման կարիք ունեն։
Առաջարկվել են գործուն քայլեր ձեռնարկել անազատության մեջ գտնվող անձանց զբաղվածության ապահովման ուղղությամբ, քրեակատարողական հիմնարկներում բժիշկների անկախությունն ապահովելու համար բուժծառայությունն ընդգրկել ՀՀ առողջապահության նախարարության համակարգում, քննարկել բջջային հեռախոսների կիրառությունը քրեակատարողական հիմնարկներում թույլատրելու հնարավորությունը և այլն։
Նախագծի հեղինակին ներկայացվել են նաև հավելյալ գործողությունների վերաբերյալ առաջարկություններ՝ ստեղծել խոշտանգումների և մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության և խտրականության դեմ պայքարի բաժին և մշակել ազատազրկված անձանց տեսակցության իրավունքի վերաբերյալ օրենսդրական փաթեթ։
Առաջարկներն ամբողջությամբ՝ ԱՅՍՏԵՂ