Մաշտոցի պողոտայի ցուցարարի գործով վճիռը կհրապարակվի դեկտեմբերի 13-ին
10:32, November 23, 2017 | Նորություններ, Սեփական լրատվություն | Հավաքների և միավորումների ազատություն2017 թ. նոյեմբերի 22-ին ՀՀ Վարչական դատարանում շարունակվեց Մաշտոցի պողոտայի ցուցարար Գեղեցիկ Տոնոյանի գործով դատաքննությունը:
Հիշեցնենք՝ Ոստիկանությունը պահանջում է ցուցարարին պատասխանատվության ենթարկել ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180.1-րդ հոդվածի 11-րդ և 15-րդ կետերի պահանջներով: Իսկ Գ. Տոնոյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը պահանջում է ոչ իրավաչափ ճանաչել ոստիկանների գործողությունները:
Դատական նիստի ընթացքում հետազոտվեց պատասխանող և հակընդդեմ հայցվոր կողմի ներկայացրած տեսանյութը, որի վերաբերյալ կողմերն արտահայտեցին իրենց կարծիքը։ Ապա կողմերը հանդես եկան ամփոփիչ խոսքով։
ՀՀ Ոստիկանության ներկայացուցիչը պնդեց, որ ոստիկանությունը հավաքը չի ցրել, հավաքը շարունակվել է նաև մայթին և հասել իր տրամաբանական ավարտին։ Նա նշեց, որ հավաքի մասնակիցները գտնվել են փողոցում, եղել են ճանապարհային երթևեկության մասնակից և չպետք է խախտեին այլ անձանց իրավունքները։ Ս․ Մելիքյանն իրավաչափ որակեց հավաքի մասնակիցների նկատմամբ ֆիզիկական ուժի գործադրումը, միաժամանակ, անդրադառնալով պատասխանող կողմի այն պնդմանը, որ ոստիկանները պարտավոր էին ներկայանալ, նշեց, որ նրանք եղել են ծառայողական համազգեստով։
Ամփոփիչ խոսքով հանդես եկավ նաև պատասխանող և հակընդդեմ հայցվոր Գ․ Տոնոյանի ներկայացուցիչ Տ. Սիրադեղյանըը։ Վերջինս նշեց, որ ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180․1 հոդվածի 11-րդ մասով նախատեսված իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չի կազմվել և դատարան չի ներկայացվել, հետևաբար՝ անկախ արարքը կատարելու փաստից, Գ․ Տոնոյանը չի կարող այդ արարքի կատարման համար ենթարկվել վարչական պատասխանատվության։ Ապա հավելեց, որ պատասխանողը հավաքի բնականոն ընթացքին խոչընդոտող որևէ գործողություն չի կատարել։ ՀՀ Ոստիկանությունը որևէ ապացույց չի ներկայացրել Գ․ Տոնոյանին պահանջ ներկայացնելու մասին, հետևաբար այդ մասով ևս պատասխանատվության չպետք է ենթարկվի:
Տ․ Սիրադեղյանը խնդրեց ամբողջությամբ մերժել ոստիկանության հայցը։
Հակընդդեմ հայցի մասով Տ․ Սիրադեղյանը պնդեց, որ հավաքը խաղաղ բնույթ է կրել, իսկ այդ դեպքում ոստիկանությունը պարտավոր էր աջակցել հավաքին, ընդ որում՝ ոստիկանները պարտավոր էին ներկայանալ անկախ նրանից՝ համազգեստով են եղել, թե՝ ոչ: Հակընդդեմ հայցվորի ներկայացուցիչը իրավաչափ չհամարեց նաև Գ․ Տոնոյանի նկատմամբ ֆիզիկական ուժի գործադրումը և խնդրեց ամբողջությամբ բավարարել հակընդդեմ հայցը։
Դատաքննությունն այսքանով ավարտվեց․ վճիռը կհրապարակվի 2017 թ․ դեկտեմբերի 13-ին՝ ժամը 17։00-ին։