ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայտարարությունը ոստիկանության ապօրինի գործողությունների վերաբերյալ
17:48, June 24, 2014 | Հայտարարություններ, Սեփական | Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք, Խոշտանգումներից և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունք, Հավաքների և միավորումների ազատություն | Քաղաքացիական վերահսկողությունՀՀ ոստիկանության կողմից էլեկտրաէներգիայի թանկացումների, Աֆրիկյանների տան ապամոնտաժման դեմ բողոքի ցույցի մասնակիցների նկատմամբ կիրառված ապօրինությունները հանդիսացան ՀՀ քաղաքացիների նկատմամբ ոստիկանական կազմակերպված բռնությունների հերթական դրսևորումները:
Ոստիկանությունը կոպտորեն խախտում է, քաղաքացիների ազատ տեղաշարժի, կարծիքի արտահայտման, հավաքների ազատության, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից, այդ թվում ֆիզիկական և հոգեբանական բռնություններից, զերծ մնալու իրավունքները: Նշված ապօրինություններն ուղեկցվում են առանց օրինական պահանջներ ներկայացնելու և հիմնավորումների քաղաքացիներին ոստիկանության բաժիններ ապօրինի բերման ենթարկելով, որը հանդիսանում է ՀՀ Սահմանադրությամբ, ինչպես նաև որպես ՄԱԿ-ի, Եվրոպայի խորհրդի և ԵԱՀԿ-ի անդամ պետություն ՀՀ-ի վերցրած պարտավորություններով մարդու իրավուքների կոպտագույն խախտումներ:
Հերթական անգամ խաղաղ ցուցարարների նկատմամբ ապօրինությունները կատարվում են ոստիկանության այն աշխատակիցների կողմից, որոնք նախկինում նույնպես աչքի են ընկել քաղաքացիների նկատմամբ իրենց բռնություններով: Շարունակվող ապօրինությունները ոստիկանության օրինախախտ աշխատակիցների գործողություններին իրավական գնահատական չտալու և նրանց պատասխանատվության չենթարկելու հետևանքն են:
Արդյունքում ձևավորված անպատժելիության մթնոլորտի հետևանքով քաղաքացիների նկատմամբ բռնությունները և նրանց իրավունքների խախտումները ստանում են շարունական և պարբերական բնույթ:
Հերթական անգամ ՀՀ գլխավոր դատախազը մատնված է անգործության և չի իրականացնում օրենքով սահմանված իր լիազորությունները:
Հաշվի առնելով ՀՀ Ազգային ժողովում ՀՀ գլխավոր դատախազի ստացած վստահության մեծ քվեն, պահանջում ենք ՀՀ ԱԺ պատգամավորներից, ովքեր իրենց համարում են ՀՀ քաղաքացիների կողմից ընտրվածներ
- Պահանջել ՀՀ գլխավոր դատախազից կատարելու ՀՀ Սահմանադրությամբ և օրենսդրությամբ իր լիազորությունների պատշաճ իրականացում, և ՀՀ քաղաքացիների նկատմամբ բռնություն կիրառած ոստիկանների վերաբերյալ քրեական գործերի հարուցում,
- Կազմակերպել խորհրդարանական լսումներ «ՀՀ քաղաքացիների նկատմամբ ոստիկանական բռնությունների փաստերով ՀՀ գլխավոր դատախազի պատասխանատվությունը» թեմայով:
24 հունիսի, 2014 թ.
Վանաձոր