ՀՀ Ոստիկանությունը տեսանկարահանող սարքերը փորձարկում է արդեն 8 տարի
20:35, June 25, 2015 | Նորություններ, Սեփական լրատվությունՀելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը կարևորում է ոստիկանության բաժանմունքներում տեսանկարահանող սարքերի տեղադրումը, որպեսզի տեխնիկապես արձանագրվի քաղաքացիների մուտքը և ելքը ոստիկանության բաժիններ: Միաժամանակ տեսանկարահանող միջոցների տեղադրումը հանդիսանում է ոստիկանության գործունեության թափանցիկության ապահովման կաևոր միջոցներից մեկը:
Դեռևս 2014թ-ի դեկտեմբերին կազմակերպությունը տեղեկատվություն ստանալու հարցում է ուղարկել ՀՀ ոստիկանության պետին՝ ՀՀ ոստիկանության Լոռու, Տավուշի և Շիրակի մարզերի բաժանմունքներում տեսանկարահանող սարքերի առկայության վերաբերյալ: Մասնավորապես, կազմակերպությունը փորձել է պարզել, թե ինչ քանակությամբ տեսանկարահանող սարքեր են տեղադրված ոստիկանության բաժանմունքներում, և ինչքան ժամանակով են պահպանվում և արխիվացվում դրանց միջոցով տեսանկարահանված նյութերը:
Ոստիկանության պատասխան գրությունից պարզվել է, որ 2012-2014թթ ընթացքում Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերի ոստիկանության բաժիններում և վարչություններում տեղադրվել են ընդհանուր թվով 71 տեսադիտման խցիկներ և տեսանկարահանող սարքեր, որոնցից 14-ը՝ Լոռու մարզում, 25-ը՝ Տավուշի մարզում և 32-ը՝ Շիրակի մարզում: Ուշագրավ է, որ տեսանկարահանող սարքերի թիվը՝ 22 հատ, անհամեմատ քիչ է քան տեսադիտման սարքերի թիվը՝ 49 հատ: Էլ ավելի անսպասելի էր, որ տեսանկարահանող սարքերով ստացված տեսանյութերի պահպանման ժամկետը ընդհամենը մեկ օր է:
Այսինքն, ոստիկանության բաժիններում քաղաքացիների մուտք գործելու և բաժիններից դուրս գալու, ի վերջո բաժիններում քաղաքացու գտնվելու տևողությունը, ինչպես նաև այս ընթացքում նրա նկատմամբ ոստիկանության աշխատակիցների վերաբերմունքը ցույց տվող և հավաստող տեսանյութերը պահպանվում են ընդհամենը մեկ օր: Եվ սա այն դեպքում, երբ ՀՀ օրենսդրությամբ՝ ցանկացած տեսակի բողոքի, դիմումի, քննարկման համար անհրաժեշտ ժամանակամիջոցը սկսվում է առնվազն 10 օրից:
Ոստիկանության Լոռու, Շիրակի և Տավուշի մարզային վարչություններում և նրանց ենթակա ստորաբաժանումներում տեղադրված տեսանկարահանող սարքերը, ըստ ոստիկանության 2015թ.-ի փետրվարի 13-ի պատասխանի, կրում են փորձնական բնույթ:
Ի դեպ այդ սարքավորումները ձեռք են բերվել 2006-2008թթ ընթացքում և մոտ 8 տարի, փաստորեն, գտնվում են փորձարկման մեջ:
Ըստ վերջերս ԶԼՄ-ներում տեղ գտած նորության՝ ԱՄՆ-ի նախագահը հայտարարության մեջ հայտնել է, որ պատրաստվում է ոստիկանության բաժանմունքներին հատկացնել 50 մլն դոլար յուրաքանչյուր ոստիկանի համազգեստին ամրացվող տեսախցիկներ ձեռք բերելու համար: Հասկանալի է, որ նման ներդրումները ուղղված են կանխելու ոստիկանության աշխատակիցների կողմից հնարավոր բռնարարքները և ապօրինությունները քաղաքացիների նկատմամբ, նաև տեխնիկապես արձանագրելու ռիսկային իրավիճակները, որոնցում կարող է հայտնվել ոստիկանության աշխատակիցը:
Ուսումնասիրելով ոստիկանությունում տեսանկարահանման միջազգային փորձը, հարկ ենք համարում անդրադառնալ ԱՄՆ-ում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Խորվաթիայում և Սերբիայում հարցաքննությունների տեսաձայնագրմանը, որը այս երկրների համար պարտադիր է քրեական դատավարության կամ օրենքով սահմանված այլ դեպքերում՝ անկախ վարույթն իրականացնող մարմնի հայեցողությունից կամ կողմի ցանկությունից:
Ուսումնասիրությունը ցույց է տվել նաև, որ մի քանի այլ երկրներում (Բուլղարիա, Ուկրանիա, Մոլդովա և Բելառուսիա) հարցաքննությունների տեսաձայնագրումը իրականացվում է, եթե այդ մասին որոշում է կայացնում վարույթն իրականցնող մարմինը կամ առկա է կողմի միջնորդությունը:
Մինչդեռ ՀՀ Ոստիկանության բաժանմունքներում տեսանկարահանող սարքերը փորձնական բնույթ են կրում և, բնականաբար, չեն ֆիկսում ոստիկանության միջացքներում և հարցաքննության սենյակներում քաղաքացիների նկատմամբ ոստիկանության աշխատակիցների կողմից իրականացվող բռնություններն ու ապօրինի գործողությունները:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պնդում է, որ ոստիկանության բաժինները պետք է ապահովվեն տեսաձայնագրման այնպիսի սարքերով, որոնցով ստացված նյութերը պետք է պահվեն քրեական դատավարությամբ, վարչական իրավախախտումների մասին օրենսդրությամբ սահմանված դատավարական, վարչարարության հետ կապված գործողությունների, դիմումների, բողոքների, քննարկման, ուսումնասիրության համար անհրաժեշտ ժամկետներում: