Դատարանը մերժեց ցուցարարի դեմ ոստիկանության հայցը և ոչ իրավաչափ ճանաչեց ցուցարարի նկատմամբ ոստիկանների գործողությունները
10:29, December 25, 2017 | Նորություններ, Սեփական լրատվություն | Հավաքների և միավորումների ազատություն | Ոստիկանություն2017 դեկտեմբերի 22-ին ՀՀ Վարչական դատարանը հրապարակեց ցուցարար Վահրամ Պետրոսյանի գործով վճիռը:
Հիշեցնենք՝ ՀՀ Ոստիկանությունը պահանջում է պատասխանատվության ենթարկել Վ. Պետրոսյանին ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180.1-րդ հոդվածի 11-րդ և 15-րդ կետերի պահանջներով: Իսկ Վ. Պետրոսյանն ու վերջինիս ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տ. Սիրադեղյանը հակընդդեմ հայցով պահանջում են ոչ իրավաչափ ճանաչել ՀՀ Ոստիկանության՝ հավաքը ցրելու, իրեն ձերբակալելու, ֆիզիկական ուժ գործադրելու գործողությունները:
Նախապես վճռի հրապարակման օր էր նշանակվել 2017 թ. հոկտեմբերի 27-ը, սակայն դատավորի զբաղվածության պատճառով այն հետաձգվել էր, իսկ հոկտեմբերի 30-ին դատարանը հայտարարել էր դատաքննությունը վերսկսելու մասին:
Դեկտեմբերի 22-ի վճռով դատարանը մերժեց ՀՀ Ոստիկանության հայցը և մասնակի բավարարեց ցուցարարի ու նրա ներկայացուցչի հակընդդեմ հայցը: Մասնավորապես՝ դատարանը ոչ իրավաչափ ճանաչեց Վ. Պետրոսյանին ձերբակալելու և նրա նկատմամբ ֆիզիկական ուժ գործադրելու՝ ոստիկանների գործողությունները: