«Հայ կանանց ճակատի» անդամ Սուսաննա Սիմոնյանի բողոքը վերաքննիչը մերժեց. վճռաբեկ բողոք կներկայացվի
12:47, July 27, 2018 | Նորություններ, Սեփական լրատվություն2018 թ. հուլիսի 26-ին ՀՀ Վերաքննիչ վարչական դատարանը, Ք. Մկոյանի նախագահությամբ և Ա․ Սարգսյանի ու Ա․ Պողոսյանի մասնակցությամբ, մերժեց «Հայ կանանց ճակատի» անդամ Սուսաննա Սիմոնյանի գործով վերաքննիչ բողոքը և անփոփոխ թողեց ՀՀ Վարչական դատարանի 2017 թ․ ապրիլի 6-ի որոշում-վճիռը։
Ս. Սիմոյանն ու նրա ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տ. Սիրադեղյանը բողոքարկել էին ՀՀ Վարչական դատարանի 2017 թ. ապրիլի 6-ի որոշումը, որով դատարանը ՀՀ Ոստիկանության պահանջով Ս. Սիմոնյանին տուգանել էր 30.000 ՀՀ դրամով, իսկ ոստիկանների գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու մասին հակընդդեմ հայցը մասնակի էր բավարարել: Դատարանը ոչ իրավաչափ էր ճանաչել ՀՀ Ոստիկանության՝ ֆիզիկական ուժ գործադրելու գործողությունները և մերժել ՀՀ Ոստիկանության՝ ձերբակալելու, ձերբակալման ժամանակ չներկայանալու, վիրավորելու և առանց Ս․ Սիմոնյանի համաձայնության նրան տեսանկարահանելու գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջները:
Հիշեցնենք՝ Սուսաննա Սիմոնյանը Ժ. Սեֆիլյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդության քննարկման ժամանակ 2016 թ. հունիսի 22-ին տեղի ունեցած հավաքի մասնակիցներից է: Ոստիկանները նրան հավաքի վայրից ֆիզիկական ուժի գործադրմամբ ոստիկանության բաժին էին տեղափոխել, ապա պահանջել պատասխանատվության ենթարկել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 172.3-րդ հոդվածով՝ ոստիկանության ծառայողին վիրավորելու (ոստիկանի վրա թքելու) համար:
Երեկ կայացված որոշմամբ ՀՀ Վերաքննիչ վարչական դատարանն անհիմն է համարել բողոքաբերի փաստարկն այն առ, որ թքելն իրենից վիրավորանք չի ներկայացնում, քանի որ նշված գործողությունը լիովին համապատասխանում է վիրավորել եզրույթի հասկացությանը։ Ոստիկանության ծառայողի վրա թքելու վարքագիծն, ըստ դատարանի, անվիճելիորեն դրսևորվել է Ս․ Սիմոնյանի կողմից, ուղղված է եղել հստակ անձի՝ ոստիկանության ծառայողի դեմ և իրենից ներկայացնում է հասարակության մեջ ձևավորված վարքագծի ընդհանուր կանոններին հակասող, անձի արժանապատվությունը նսեմացնող վարքագիծ, որը բացասական է ընկալվում հասարակության կողմից։
Անդրադառնալով Ս․ Սիմոնյանին ձերբակալելու գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջին՝ ՀՀ Վերաքննիչ վարչական դատարանը նշել է, որ այս դեպքում վարչական ձերբակալման վերաբերյալ արձանագրությունից պարզվում է, որ վարչական ձերբակալումը իրականացվել է նաև ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով, հետևաբար, այս մասով ոստիկանության գործողություններն իրավաչափ են, քանի որ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու հիմքով վարչական ձերբակալում կատարելը ընդգրկված է ոստիկանության լիազորությունների շրջանակում։
Ինչ վերաբերում է Ս․ Սիմոնյանին տեսանկարահանելու գործողություններին, ապա ՀՀ Վերաքննիչ վարչական դատարանը եզրակացրել է, որ պարեկապահակետային ծառայության ծառայողը, իր ծառայությունն իրականացնելիս, օժտված է տեսախցիկով դիտարկում իրականացնելու լիազորությամբ, ուստի այս դեպքում ծառայողական պարտականությունները կատարելիս տեսանկարահանում իրականացնելը չի կարող դիտարկվել որպես սահմանադրական հիմնադրույթներին հակասող գործողություն։
Ս. Սիմոնյանն ու նրա ներկայացուցիչ Տ. Սիրադեղյանը պատրաստվում են Վերաքննիչ դատարանի որոշումը բողոքարկել ՀՀ Վճռաբեկ դատարանում: