300 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ ՏՈՒԳԱՆՔ ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՎՍՏԱՀՎԱԾ ԱՆՁԻՆ
00:00, March 26, 2008 | Արդար դատաքննության իրավունքԼեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ, անկուսակցական Սոֆա Քալանթարյանին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը ճանաչեց մեղավոր եւ տուգանեց 300 հազար դրամով՝ ՀՀ նախագահի ընտրության օրը տեղամասային հանձնաժողովի աշխատանքը խոչընդոտելու համար:
Վանաձորի 30/22 տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Վահանյանն, այլեւս չկարողանալով վերահսկել իրավիճակը ու կանխել վստահված անձի միջամտությունները ընտրական գործընթացին, որոշել էր նրան հեռացնել ընտրատեղամասից: Այնուհետեւ հանձնաժողովի նախագահը դիմել էր ՀՀ ոստիկանության Վանաձորի քննչական բաժին:
«Սոֆա Քալանթարյանը պրովոկացիաներ է արել ու խանգարել մեր աշխատանքը»,-ասում է Էդուարդ Վահանյանը: Քալանթարյանը դրա հետ համաձայն չէ: Դատարանում եւս նա հայտարարեց, որ կատարել է իր գործառույթները ու որեւէ կերպ չի խանգարել ընտրական գործընթացին:
«Ժամը 11-ին, երբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին հայտնում էին մասնակիցների թիվը, 70-ով ավելին ասացին, քան իմ տվյալներն էին»,-ասում է 59-ամյա նախկին դասախոս Սոֆա Քալանթարյանը: Նրա կարծիքով՝ ամեն ինչ արեցին իրենից ազատվելու համար, քանի որ ինքն արձանագրում էր հանձնաժողովի կողմից թույլ տրված խախտումները:
«Ոստիկանները, ովքեր թեւերիցս քաշքշելով դուրս հանեցին տեղամասից, դատարանում հրաժարվեցին իրենց արարքից»,-բողոքում է Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձը:
Մեղադրող կողմը Լոռու մարզի դատախազ Կարեն Շահբազյանն էր: Նա վստահված անձին մեղադրեց մի շարք խախտումների մեջ՝ հանձնաժողովի անդամների ու ընտրողների հետ անհիմն վիճաբանության մեջ մտնելու, քվեաթերթիկները հաշվելիս՝ պահանջելու, որ ինքն անձամբ դա անի, քվեարկության նախորդ օրը չհրկիզվող պահարանը գաղտնի լուսանկարելու, ընտրողի անձնագիրը խլելու եւ այլն:
Սոֆա Քալանթարյանն ասում է՝ ինքը որեւէ քաղաքացուց անձնագիր չի խլել: Պարզապես մի քաղաքացի, ով գրանցված էր Ալավերդի քաղաքում, բայց ընտրում էր այդ տեղամասում, կասկածներ է առաջացրել իր մոտ: Ինքը դիմել է հանձնաժողովի նախագահին ու խնդրել ցույց տալ այն փաստաթուղթը,համաձայն որի ալավերցդի ընտրողն իրավունք ունի ընտրել Վանաձորում: Հանձնաժողովի նախագահ Էդուարդ Վահանյանը մերժել է կատարել նրա խնդրանքը, որից հետո Քալանթարյանը վազել է ընտրողի հետեւից ու լուսանկարել նրան:
Դատախազ Կարեն Շահբազյանի ասելով՝ նման միջադեպերի արդյունքում հանձնաժողովի աշխատանքները պարբերաբար ընդմիջվել են:
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը, լսելով հանձնաժողովի անդամներին, ընտրատեղամասում ծառայություն իրականացրած ոստիկաններին ու ալավերդցի Մարինե Սոսյանին, այսօր որոշեց, որ Քալանթարյանը խոչընդոտել է հանձնաժողովի
գործունեությունը:
Քալանթարյանի պաշտպաններ Կարեն Թումանյանն ու Էդմոն Մարուքյանն իրենց պաշտպանյալին առաջադրված մեղադրանքները համարում են անհիմն ու դատավճիռը բողոքարկելու են վերաքննիչ ատյանում: Եթե այն անփոփոխ թողնի դատավճիռը, Սոֆա Քալանթարյանի գործն ուղարկելու են Մարդու իրավունքների Եվրոպական դատարան:
«Դատախազի ու դատավորի գործունեությունը քաղաքական պատվեր էր, որովհետեւ այս ծրագիրը նախանշված էր դեռ վաղուց,-ասում է Սոֆա Քալանթարյանը,- Իրենք խախտումներ ու անօրինականություններ են անում, գցում ընդդիմության վրա»:
ԱՂԲՅՈՒՐԸ՝
http://www.echannel.am/?topic_id=1674
ՆԱԻՐԱ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ
ՎԱՆԱՁՈՐ