Զորակոչիկի պիտանիության որոշումը փոխվել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի միջամտությամբ
17:14, January 31, 2018 | Նորություններ, Սեփական լրատվություն | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ | Զինված ուժերՏեսողության խնդիրներ ունեցող զորակոչիկ Դ. Ու.-ն ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աջակցությամբ 2018 թ. հունվարի 24-ին ճանաչվել է ժամանակավորապես ոչ պիտանի զինծառայությանը (տարկետում է ստացել 3 տարի ժամկետով)՝ «կարճատեսություն, միօպիկ աստիգմատիզմ» ախտորոշմամբ:
2017 թ. հուլիսի 7-ին՝ ամառային զորակոչի ընթացքում, ԿԲՀ որոշմամբ զորակոչիկը նույն խնդիրների առկայությամբ ստացել էր տարկետում 5 ամսով՝ բուժում ստանալու նպատակով:
Նույն տարկետումը ստացել էր նաև 2017 թ. դեկտեմբերի 21-ին՝ ձմեռային զորակոչի ժամանակ՝ այս անգամ «երկու աչքի միջին աստիճանի կարճատեսություն» ախտորոշմամբ: Սակայն զորակոչիկի փաստաթղթերում առկա խնդիրների ուսումնասիրությունից ակնհայտ դարձավ, որ նրա նկատմամբ կիրառվել է իրական վիճակին ակնհայտորեն չհամապատասխանող կետ:
Կազմակերպության կողմից համապատասխան հիմնավորումներ են ներկայացվել ՀՀ Պաշտպանության նախարարությանը, որպեսզի իրականացվի վերափորձաքննություն:
Դրա արդյունքում ստուգիչ հետազոտությամբ 2017 թ. դեկտեմբերի 21-ին 5 ամիս ժամկետով տրամադրված տարկետումը 2018 թ. հունվարի 24-ին փոխվեց՝ զորակոչիկը ճանաչվեց ժամանակավորապես ոչ պիտանի զինծառայությանը (տրամադրվեց տարկետում 3 տարի ժամկետով)՝ «կարճատեսություն, միօպիկ աստիգմատիզմ» ախտորոշմամբ:
Այնուհանդերձ, այս անգամ փաստաթղթերում առկա են զորակոչիկի տեսողության սրության հետ կապված այնպիսի տվյալներ, որոնց պարագայում զորակոչիկը պետք է ճանաչվի զինվորական ծառայությանը ոչ պիտանի՝ հանվելով հաշվառումից: Փաստաթղթերի համալիր ուսումնասիրությունից հետո բավարար հիմքերի դեպքում ՀՔԱ Վանաձորի գրասենյակը կբողոքարկի նաեւ այդ որոշումը: