«Էլեկտրիկ Երևանի» մասնակցի բողոքի քննությանը վարույթն իրականացնողները չէին ներկայացել
11:56, July 4, 2017 | Նորություններ, Սեփական լրատվություն | Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք, Հավաքների և միավորումների ազատություն, Տեղաշարժի ազատություն2017 թ. մայիսի 11-ին Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժեց «Էլեկտրիկ Երևանի» մասնակից Միքայել Կիրակոսյանի և նրա ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանի բողոքը:
2015 թ. հուլիսի 6-ին բողոքի վայրից բռնությամբ բերման ենթարկվելու և դրա արդյունքում վնասվածքներ ստանալու վերաբերյալ Մ. Կիրակոսյանի ներկայացրած հանցագործության մասին հաղորդման հիման վրա ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ էր հարուցվել և 2016 թ. դեկտեմբերի 26-ին կարճվել: Դատարան ներկայացված բողոքով պահանջվել էր պարտավորեցնել վարույթն իրականացնող մարմնին վերացնել Մ. Կիրակոսյանի իրավունքների և ազատությունների խախտումը:
Առաջին ատյանի դատարանի որոշումից հետո վարույթն իրականացնող մարմնի որոշման դեմ ներկայացվել է նաև վերաքննիչ բողոք, որի քննությունը ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում, նախագահությամբ դատավոր՝ Ռ. Բարսեղյանի, սկսվեց 2017 թ. հուլիսի 3-ին:
Դատական նիստին ներկայացել էր միայն Մ. Կիրակոսյանի ներկայացուցիչ Տ. Սիրադեղյանը, որն էլ ներկայացրեց վերաքննիչ բողոքի հիմնավորումները և Մ. Կիրակոսյանի հավաքների ազատության, անձնական ազատության և անձեռնմելիության, ազատ տեղաշարժի իրավունքների սահմանափակման հանգամանքները: Նշեց, որ նրա նկատմամբ ֆիզիկական ուժի գործադրումը իրավաչափ չի եղել և ՀՀ ոստիկանության աշխատակիցների գործողություններում առկա են ՀՀ Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշները: Եվ վարույթն իրականացնող մարմնի և դատարանի որոշումներով խախտվել է բողոքաբերի իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքն, ինչպես նաև վերջինս զրկվել է կատարված հանրորեն վտանգավոր արարքով իրեն պատճառված վնասը վերականգնելու հնարավորությունից:
Բողոքաբերի ներկայացուցչին լսելուց հետո վարույթն իրականացնող մարմնին և մեղադրող դատախազին ևս դիրքորոշում արտահայտելու հնարավորություն տալու նպատակով դատարանը նիստը հետաձգեց և նշանակեց 2017 թ. հուլիսի 20-ին՝ ժամը 13:00-ին: