«Մեկուսացված քաղաքակրթություն»
00:00, June 23, 2006 | Քաղաքացիական նախաձեռնությունների աջակցությունՀունիսի 15-ին «Լոռի TV» հեռուստատեսության ուղիղ եթերում «Մեկուսացված քաղաքակրթություն» ծրագրի շրջանակներում կայացավ հեռուստաքննարկում՝ «Տնակային ավանի բնակիչների առողջական խնդիրները» թեմայով:
Եթերին մասնակցում էին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, տնակային ավանի բնակիչներ:
Հաղորդմանը մասնակցելու հրավերք էին ստացել նաև Լոռու մարզի մարզպետարանի առողջապահության վարչության պետ Ռոբերտ Դիլբարյանը, թիվ 4 թաղամասային համաբուժարանի տնօրեն Սոնյա Առուշանյանը, «Գուգարք» համաբուժարանի տնօրեն Մարինա Սիմոնյանը: Նրանք այդպես էլ չներկայացան հեռուստաքննարկմանը, բայց նրանց ուղղված հարցերը գրության տեսքով կուղարկվեն իրենց, իսկ ստացված պատասխանները կհրապարակվեն: Հեռուստաքննարկմանը մասնակցում էին քիմգործարանի տնակային ավանի բնակիչները:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքները ցույց են տալիս, որ տնակային ավանի բնակիչների 40 տոկոսի շրջանում կան խրոնիկ հիվանդներ, սակայն դրանց 70 տոկոսը հնարավորություն չունի ստանալ բժշկական օգնություն:
Ինչպիսի՞ խնդիրների են առնչվում տնակային ավանի բնակիչները: Ու՞մ են դիմում և ի՞նչ կարգի պատասխաններ են ստանում:
Տնակի բնակիչների մի մասը դժգոհում է դեղորայքի անմատչելիությունից, մյուս մասն առհասարակ բժշկական օգնության ստացման անմատչելիությունից:
Այս կամ այն տեսակի հիվանդությամբ տառապող տնակային ավանի բնակիչները խնդիրներ ունեն հաշմանդամության կարգի սահմանման հետ:
Տնակային ավանի բնակիչներին հետաքրքրում էր, թե ինչպես է սահմանվում և տնօրինվում անվճար բուժսպասարկումից օգտվողների ցանկը:
Տնակային ավանի բնակիչներն այն տպավորությունն են ստացել, որ առողջ հասարակությունից հաշմանդամներին արտաքսում են, մինչդեռ արտերկրում մեծ ջանքեր են գործադրում նրանց առողջ հասարակություն ինտեգրելու համար:
Առողջության հետ կապված խնդիրների առանձին մաս են կազմում տնակի բնակիչների՝ հատկապես երեխաների հոգեբանական տարբեր խնդիրները: Բնակիչները գտնում են, որ նրանց հետ պիտի աշխատեն հոգեբաններ: Պետություը նման կարգի հարցերով, ըստ տնակային ավանի բնակիչների, չի հետաքրքրվում: Օգնության խնդրանքով պետական այրերի աջակցությանը դիմած քաղաքացիներին պատասխանել են, թե եթե չեք կարողանում պահել, երեխաներ մի° ունեցեք:
Երեխաների առողջության վրա զգալի ազդեցություն են թողնում տնակների հարևանությամբ տեղակայված 3 գազալցման կայանները: Երեխաներն անընդհատ բողոքում են գլխապտույտից և սրտխառնոցից:
Մեծ վտանգ են ներկայացնում նաև թափառող շները, կատուները, որոնք հանդիսանում են տնակների տեղահանման հետևանքով առաջացած կենցաղային աղբի, վարակի տարածողները: Տնակային ավանում երեխաների համար խաղահրապարկներ չկան, իսկ շենքի բնակիչներն էլ նրանց աքսորում են շենքի բակից, ասելով՝ գնացեք, ձեր տնակի բակում խաղացեք:
Հեռուստաքննարկման մասնակիցները պայմանավորվեցին ՀՔԱ Վանաձորի աջակցությամբ սեփական ուժերով տնակային ավանի տարածքում իրականացնել շաբաթօրյակ, հավաքված աղբի տեղափոխման համար էլ դիմել քաղաքապետարան: