“Այդ ոստիկանը իր տեղում չէ”
00:00, June 4, 2010 | Մամլո հաղորդագրություններ | Հավաքների և միավորումների ազատություն, Տեղաշարժի ազատությունՈստիկանությունը պետք է հրաժարվի իր այն աշխատակցից, ով ցուցմունք է տվել, թե 23-ամյա լրագրողն իր նկատմամբ բռնություն է կիրառել: Այս կարծիքին է Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
“Այդ նշանակում է, որ նա իր տեղում չէ: Եթե դու չես կարող կանխարգելել քո նկատմամբ աղջկա կողմից բռնությունը, ապա վաղը` սպանության կամ զենքի կիրառման ժամանակ, ի՞նչ ես անելու, փախչելո՞ւ ես, մտնե՞ս ծակը”,-ասում է իրավապաշտպանը:
“Հայկական ժամանակ” թերթի լրագրող Անի Գեւորգյանը չնայած 72 ժամյա ձերբակալությունից հետո ստորագրությամբ ազատ արձակվեց, սակայն նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար:
Արթուր Սաքունցն ենթադրել է, որ նրան մեղադրանք կառաջադրվի. “Չ՞է որ ինչ-որ ձեւով ոստիկանները պետք է արդարացնեին իրենց գործողությունները”: Նա համարում է, որ պատահական չի ձերբակալվել հենց “Հայկական ժամանակ” թերթի աշխատակիցը: Չնայած թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը անազատության մեջ է, սակայն. “Խմբագրին նստացրել են, բայց, իշխանության գնահատմամբ, էլի հանգիստ չի մնում, թերթի մոտեցումները չեն փոխվել”:
“Ժառանգություն” խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի համար անսպասելի է եղել լրագրողի ձերբակալությունը: Ըստ նրա, եթե իշխանությունները խելացի լինեին, ապա նրան չպետք է ձերբակալեին:
“Այն տենդենցն է, որ կամաց-կամաց մեր պետությունն ավելի է ամրագրում իր տոտալիտար համակարգը, եւ սա դրա դրսեւորումներից է”,- ասում է Զարուհի Փոստանջյանը: Նա, հիշեցնենք, Անիին հանդիպել է ոստիկանության Կենտրոնի բաժնում եւ վստահեցնում էր, որ բերման ենթարկելիս նրա նկատմամբ բռնություն է կիրառվել:
“Ամեն ինչ պետք է լինի օրենքի շրջանակներում: Բնականաբար շատ կուզեմ, որ լրագրողը մեղավոր չլինի եւ մեր երկրում որեւէ մեկի ազատությունները չսահմանափակվեն` ոչ լրագրողի, ոչ քաղաքացու, եւ ոչ էլ ոստիկանություն օրինական գործողությունները խոչընդոտվեն քաղաքացիների կողմից”,-ասում է ՀՀԿ պատգամավոր Էդուարդ Շարմազանովը:
Նա այլ մեկնաբանություններ չի ցանկանում տալ` սպասելով իրավապահ մարմինների գնահատականներին: “Իմ կարծիքը շատ հստակ է, ես դեմ եմ օրենքի ցանկացած , նամանավանդ խոսքի ազատության ոտնահարման: Իմ կոլեգաները խոսել են ոստիկանապետի հետ, ասել է` պիտի ներկայացնի փաստեր, սպասենք այդ փաստերին”,-ասաց ՀՀԿ-ական պատգամավորը: