ԷՍ Ո՞ՒՐ ԵՔ, ԼՈՌԵՑԻ ՔԱՋ ՏՂԵՐՔ
13:42, April 19, 2012 | Նորություններ | Հավաքների և միավորումների ազատություն | Զինված ուժեր, ՈստիկանությունՕրերս Վանաձորում լոռեցի քաջ ու հայրենասեր երիտասարդությունը խափանեց ադրբեջանական ֆիլմերի տխրահռչակ փառատոնը: Քաջարի երիտասարդները հարձակվել են ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավապաշտպանների վրա, կոտրել գրասենյակի ապակիները:
Նրանք հայրենասիրական ճառեր են ասել ու նաեւ սպառնացել, որ կդիմեն նաեւ օրենքով արգելված միջոցների: Նույն օրը Լոռու Թեղուտ գյուղում Թեղուտի հանքավայրի անվտանգության աշխատակիցները գազանություններ են գործել, ծեծելով գյուղացիներին ու կոտրելով նրանցից մեկի ոտքը: Միայն այն բանի համար, որ նրանց դուր չեն եկել գյուղացիները: Գյուղացիները փակել են հանքավայրի ճանապարհը եւ պահանջել, որ իրենց մոտ բերեն այդ գազաններին: Ոստիկանությունն ու Լոռու մարզպետը միջամտել են, որ թույլ չտան «ինքնադատաստան»: Ի՞նչ եղան լոռեցի հայրենասերները: Չէ՞ որ իրենց համերկրացիներին են ծեծել ու ստորացրել: Ինչո՞ւ չեն գնում կանգնում իրենց համերկրացիների կողքին, որոնց այսօր թունավորում են, ծեծում, իսկ վաղն էլ հաստատ կտեղահանեն գյուղից, ավելորդ գլխացավանքից ազատվելու համար: Ինչո՞ւ չեն գնում նրանց պաշտպանեն: Թե՞ ադրբեջանական ֆիլմերի դեմ ակցիա անելն անվնաս է, խրախուսվում է, իսկ այ այս դեպքում, երբ դիմացինդ ոչ թե 4 տխմար ֆիլմ է, այլ իրական, կոնկրետ դեպք, «հայրենասիրությունը» պրծնում է: Կամ, երբ իրենց տարեկից երիտասարդները բանակում «ինքնասպանություններ» են գործում, եւ ՀՔԱ Վանաձորի գրասենյակն անում է հնարավորն ու անհնարը դրա դեմն առնելու համար, այդ նույն երիտասարդները գոնե մեկ անգամ բողոքեցի՞ն, պահանջեցի՞ն շտկել իրավիճակը: Թե՞ այդտեղ էլ է «հայրենասիրությունը» պրծնում: Իհարկե պրծնում է: Ընդհանրապես յուրահատուկ բան է հայկական հայրենասիրությունը՝ ստրկական ու անհասցե. այնպես են սիրում հայրենիքը, որ վերջինս պրծնում է աչքի առաջ:
Աղբյուրը՝ http://www.armtown.com/news/am/lra/20120418/63461/