Կառավարությունը բացահայտ անգործություն է ցուցաբերում
00:00, February 16, 2009 | Նորություններ | Կոռուպցիայի կանխարգելում, Քաղաքացիական նախաձեռնությունների աջակցությունՀՀ կառավարությունը Լոռու մարզպետարանին «հանձնարարել է» զբաղվել Թումանյանի շրջանի Ալավերդի քաղաքի և Մղարթ գյուղի մոտ 50 բնակիչների աշխատանքային իրավունքի պաշտպանության հարցով: Մինչդեռ, խնդրի կարգավորումը Լոռու մարզպետարանի լիազորությունների և իրավասությունների շրջանակից դուրս է:
Խնդիրը կայանում է նրանում, որ 2007թ. մարտի 1-ից Թումանյանի շրջանի Ալավերդի քաղաքի և Մղարթ գյուղի մոտ 50 բնակիչներ աշխատանքի են ընդունվել «Ջի Էմ Մաղարո» փակ բաժնետիրական ընկերությունում: Ընկերության գլխավոր տնօրենը հանդիսացել է Տիգրան Աթանեսյանը, իսկ հիմնադիրը` Գագիկ Ծառուկյանը: Աշխատանքի ընդունելուց հետո ընկերությունն աշխատակիցներին աշխատավարձեր չի վճարել, ավելին՝ աշխատանքի ընդունելուց մոտ 6 ամիս անց հավաքել է աշխատողների աշխատանքային պայմանագրերը` դրանցում որոշակի փոփոխություններ իրականացնելու նպատակով, սակայն այդպես էլ չի վերադարձրել: Ներկայումս «Ջի Էմ Մաղարո» ՓԲԸ-ն դադարեցրել է իր գործունեությունը՝ աշխատակիցներին չվճարելով աշխատավարձերի պարտքերը:
2008թ. հուլիսի 10-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դիմում է ներկայացրել ՀՀ աշխատանքի պետական տեսչություն «ՋԻ Էմ Մաղարո» ՓԲԸ-ի աշխատակիցների աշխատանքային իրավունքների պաշպանության հարցով: ՀՀ աշխատանքի պետական տեսչությունը 2008թ. օգոստոսի 26-ին պատասխանել է, որ իրականացնում է վարույթ և արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացնի: Մինչ օրս, սակայն, ՀՀ աշխատանքի պետական տեսչությունը որևէ տեղեկություն չի ներկայացրել:
Քաղաքացիների աշխատանքային իրավունքների պաշպանության հարցում աջակցելու խնդրանքով մեր կազմակերպությունը 2008թ. հոկտեմբերի 29-ին դիմել է ՀՀ վարչապետին` հույս հայտնելով, որ առնվազն «Ջի Էմ Մաղարո» ՓԲԸ-ի հիմնադիրը կարող է աջակցել ՓԲԸ-ի տնօրենին հայտնաբերելու, աշխատակիցների աշխատավարձերի պարտքերը մարելու հարցում:
Կազմակերպությունը ՀՀ կառավարությունից ոչ մի պատասխան չի ստացել, իսկ այնուհետև երբ փորձել է հեռախոսով տեղեկանալ գրության ընթացքի մասին, Կառավարության աշխատակազմից հայտնել են, որ նման գրություն չի ստացել: Այդ իսկ պատճառով 2008թ. դեկտեմբերի 6-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը կրկին դիմել է ՀՀ կառավարությանը՝ Ալավերդի քաղաքի մի խումբ բնակիչների շահերի պաշտպանությանն աջակցելու հարցով:
Այս անգամ ևս ՀՀ կառավարության կողմից որևէ պատասխան չի տվրվել: 2009թ. փետրվարի 10-ին Լոռու մարզպետարանից բանավոր տեղեկացվել է, որ ՀՀ կառավարությունը գրությամբ ներկայացված խնդրի լուծումը հանձնարարել է Լոռու մարզպետարանին: Միաժամանակ մարզպետարանից տեղեկացրել են, որ իրականացվել են ուսումնասիրություններ, պարզել, որ «Ջի Էմ Մաղարո» ՓԲԸ-ն գրանցված է Երևանում, որտեղ էլ իրականացնում է իր հարկային պարտավորությունները: Փաստացի նույնիսկ տարածքային տեղակայման առումով խնդրի կարգավորումը Լոռու մարզպետարանի կողմից հնարավոր չէ:
Փաստորեն, ՀՀ կառավարությունը բարձրացված խնդրի լուծմանն աջակցելու փոխարեն այն հանձնել է մի մարմնի, որի լիազորությունների շրջանակը նախատեսված չէ խնդրի կարգավորման համար:
16.02.2009թ.
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ