ՀԿ-ները մտահոգված են
00:00, April 2, 2008 | Հայտարարություններ | Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք, Անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք, Խոշտանգումներից և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունք, Հավաքների և միավորումների ազատություն | Եվրոպայի խորհրդի բանաձևերի և պարտավորությունների կատարում, Ոստիկանություն«Ես մեղադրում եմ Ագոյի խմբին Հայաստանի իշխանությունների նկատմամբ շատ մեղմ վերաբերմունք դրսևորելու համար», – մեզ հետ զրույցում ասաց Հայաստանի Հելսինկյան Ընկերակցության նախագահ Միքայել Դանիելյանը:
Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի մոնիթորինգի պատվիրակությունն օրերս հանդիպել է նաև հասարակական կազմակերպությունների նեկայացուցիչներին:
Մ.Դանիելյանի խոսքով` եվրոպացի հյուրերից ինքը պահանջել է պատժամիջոցներ կիրառել մեր երկրի նկատմամբ՝ զրկել Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում ձայնի կամ քվեարկության իրավունքից: Հելսինկյան Ընկերակցության նախագահի պահանջն այսքանով չի սահմանափակվել: Նա միաժամանակ նշել է, թե անհրաժեշտ է ժամանակավորապես կասեցնել ֆինանսական և տնտեսական հոսքերը դեպի Հայաստան:
«Ֆինանսական հոսքերը շատ դեպքերում գնում են դեպի մի քանի մարդու գրպան, ես պահանջել եմ ընդամենը ժամանակավորապես կասեցնել այդ աջակցությունը»,-մեր դիտարկմանը, թե դրանով վնասո՞ւմ է երկրին, պատասխանեց Դանիելյանը:
Մ.Դանիելյանի խոսքով՝ ինքը «մեղադրում է Ագոյի խմբին մարդու իրավունքների ոտնահարման դեպքերն ուշադրության չարժանացնելու համար»: Իրավապաշտպան կազմակերպության ղեկավարը պահանջել է ձևավորել անկախ միջազգային հանձնաժողով՝ ուսումնասիրելու վերջին իրադաձությունների ժամանակ ոստիկանության կողմից ուժ կիրառելու փաստերը: Նա Ագոյի խմբին է ներկայացրել 130 հոգանոց ցուցակ, որտեղ ընդգրկված են նախագահական ընտրություններից և մարտի 1-ի իրադարձություններից հետո ձերբակալվածների, կալանավորվածների, ինչպես նաև այն անձանց տվյալները, որոնց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չբացակայելու մասին ստորագրությունը: Եվրոպացի պատվիրակությանը Մ. Դանիելյանն այլ ցուցակ էլ է ներկայացրել՝ Եհովայի վկանների ցուցակը: Դանիելյանը պահանջել է նաև քաղբանտարկյալներ ճանաչել Ժիրայր Սեֆիլյանին, Վարդան Մալխասյանին, Արման Բաբաջանյանին և Մուրադ Բոջոլյանին:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Ա. Սաքունցը Ագոյի խմբին ներկայացրել է Լոռու մարզում մարտի 1-ի դեպքերից հետո տեղի ունեցած ձերբակալությունները, խուզարկությունների ընթացքում մարդու իրավունքների ոտնահարման դեպքերը, խոշտանգումների, դատավարական նորմերի խախտումների փաստեր: Ա. Սաքունցն անդրադարձել է նաև «Ժողովներ, հանրահավաքներ, ցույցեր և երթեր անցկացման մասին» ՀՀ օրենքի փոփոխությանը: Նշել է, որ ցույց անելու համար պաշտոնապես դիմել է Վանաձորի քաղաքապետարան օրենքի փոփոխությունից առաջ էլ, հետո էլ, բայց մերժումը երկուսի դեպքում էլ եղել է նույն հիմնավորմամբ:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավարի մյուս մտահոգությունը վերաբերվել է մարտի 1-ի զոհերի հանգամանքների բացահայտմանը: Նրա կարծիքով՝ անհրաժեշտ քննություն այդ ուղղությամբ չի կատարվում: «Ռեժիմը լեգիտիմացնում է իր իշխանությանը»,- ասում է Ա.Սաքունցը և կարծում, որ «քաղաքական գործերին քրեական երանգ է տրվում»: Ա. Սաքունցն Ագոյի խմբին ներկայացրել է նաև այն անձանց տվյալները, որոնց քաղաքական հայացքների պատճառով հեռացրել են աշխատանքից կամ սպառնացել՝ հեռացնել: Ի դեպ, մեկ ուշագրավ դիտարկում արեց մեր զրուցակիցը. «Պաշտոնական աղբյուրները սովորաբար տեղեկացնում են, թե ում հետ պետք է հանդիպեն Հայաստան ժամանած միջազգային պատվիրակության անդամները՝ պետական պաշտոնյաներ, ընդդիմություն: Այսինքն՝ ոչ մի խոսք չկա հասարակական կազմակերպությունների մասին: Իսկ սա նշանակում է՝ կա°մ մենք ընդդիմություն ենք, կա°մ էլ՝ ասենք, թաքուն ենք հանդիպել Ագոյի խմբի հետ»,-եզրակացրեց Ա. Սաքունցը:
Հայաստանի Հելսինկյան Կոմիտեի ղեկավար Ավետիք Իշխանյանը եվրոպացի պատվիրակներին ներկայացրել է «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների վտանգը: Ըստ նրա՝ օրենսդրական փոփոխությունը կամայականության տեղիք է տվել ՏԻՄ մարմիններին՝ արտակարգ դրություն սահմանելու մասին: Ա.Իշխանյանի մյուս մտահոգությունն առնչվել է օրենքի փոփոխությանը՝ ինքնաբուխ հավաքներն արգելելուն:
Աղբյուրը՝
«Հրապարակ» օրաթերթ,
N18, 1 ապրիլի, երեքշաբթի, 2008, էջ 3
Մարինե Ավանեսյան