«Մեկուսացված քաղաքակրթություն»
00:00, May 25, 2006 | Մամլո հաղորդագրություններ | Անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք | Քաղաքացիական նախաձեռնությունների աջակցությունՀելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը 2006 թվականի ապրիլի 1-ից սկսել է Վանաձորի տնակների և տնակյաին ավանի բնակիչների շահերի պաշտպանությանն ուղղաված մի ծրագիր:
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է տնակների և տնակային ավանի բնակիչների սոցիալական, կրթական, առողջապահական խնդիրների բնորոշումը և հանրային իրազեկումը իրականացնել հենց տնակների և տնակային ավանի բնակիչների մասնակցությամբ: Արդեն շուրջ 2 տասնամյակ է, ինչ Վանաձորում ժամանակավոր տնակներում հայտնված քաղաքացիների խնդիրներն անուշադրության են մատնվել, և դրանց լուծման ուղղությամբ քայլեր չեն ձեռնարկվում:
Քաղաքի այն հատվածը, որտեղ տեղադրված են տնակները, մեկուսացված է, շատ վանաձորցիներ ոչ ավանդական վերաբերմունք ունեն տնակային ավանի բնակիչների նկատմամբ: Վանաձորցիները տնակային ավանի բնակիչների հետ են կապում մարմնավաճառության, թմրամոլության, քրեական հանցագործությունների և այլ բացասական երևույթների տարածումն ու զարգացումը:
Հասարակությունը տնակների և տնակային ավանների բնակիչների խնդիրների վերաբերյալ իրական պատկերացում չունի: Տնակների և տնակային ավանի բնակիչների վերաբերյալ տեղեկատվություն տարածելու համար ծրագրով նախատեսվում են.
տնակների բնակիչների, քաղաքացիների, հասարակական կազմակերպությունների և պետական կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ հասարակական քննարկումներ
տնակների բնակիչների, քաղաքացիների, հասարակական կազմակերպությունների և պետական կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ ուղիղ եթերներ
տնակների և տնակային ավանի բնակիչների խնդիրների վերաբերյալ սոցիալական գովազդների նկարահանում և ցուցադրում
տնակների և տնակային ավանի բնակիչների խնդիրների վերաբերյալ պաստառի տպագրություն և տարածում
տնակների և տնակային ավանի բնակիչների խնդիրների վերաբերյալ գրքույկի տպագրություն և տարածում
Տնակային ավանի բնակիչների կողմից իրենց շահերի պաշտպանության համար նախաձեռնողականություն դրսևորելու նպատակով նրանց համար կիրականացվի անվճար իրավաբանական խորհրդատվություն:
Ծրագիրն իրականացվում է Բաց հասարակության ինստիտուտի և
Համաշխարհային բանկի աջակցությամբ, տևելու է մինչև 2006 թվականի հոկտեմբեր
ամիսը:
Այն քաղաքացիներն ու կազմակերպությունները, ում հետաքրքրեց մեր կազմակերպության կողմից իրականացվող այս ծրագիրը, կարող են դիմել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Հասցեն ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 59
Հեռ. /0322/ 42268
էլ.փոստ hcav@hcav.am