Ո՞վ է վճռելու խնդիրը
00:00, June 26, 2006 | Քաղաքացիական նախաձեռնությունների աջակցությունՀունիսի 26-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակում կայացավ քննարկում տնակային ավանի բնակիչների, Տեղական Ինքնակառավարման մարմինների, Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Քննարկումը նվիրված էր տնակային ավանի բնակիչների խնդիրներին, դրանց լուծման տարբերակներին:
Տնակային ավանի բնակիչների հիմնական խնդիրները կապված են բնակարանի հետ, որոնք առանձնանում են.
բնակիչների մի մասը բնակարան չի ունեցել մինչև 1988 թվականի երկրաշարժը: Նրանք գրանցված են եղել բնակարանի տրամադրման հերթացուցակներում, սակայն երկրաշարժից հետո բնակարանի տրամադրման նրանց հերթը չի պահպանվել: Ներկայումս նրանց բնակարանով ապահովելու ոչ մի ծրագիր կամ միջոցառում չկա:
Բնակիչների մյուս մասը տնակներում հայտնվել է ոչ աղետի հետևանքով: Նրանք տեղափոխվել են այլ բնակավայրից կամ վաճառել իրենց բնակարանը: Սակայն փաստն այն է, որ այսօր նրանց բնակարանային խնդրի լուծման համար ոչ մի քայլ չի ձեռնարկվում, նրանք չեն ընդգրկվում բնակարանի տրամադրման ոչ մի հերթացուցակում:
Բնակիչների մյուս մասն էլ տնակներում բնակվում է աղետի հետևանքով, և երկրաշարժից 18 տարի անց էլ նրանց բնակարանի խնդիրը լուծում չի ստացել:
Քաղաքապետարանի որոշմամբ նրանց հատկացված տնակներում այդ բնակիչները ձեռք են բերել բնակվելու իրավունք: Այս ամբողջ ժամանակահատվածում տնակի բնակիչները վճարել են կոմունալ սպասարկման բոլոր վարձավճարները, հողի օգտագործման վճարները:
ՀՀ կառավարության թիվ 317 որոշման համաձայն ընթանում է քաղաքը ժամանակավոր շինություններից ազատելու գործընթաց:
Վանաձորի քաղաքապետարանն այդ որոշման համաձայն՝ պահանջում է բնակիչներից ազատել տնակները 5 օրյա ժամկետում, իսկ չկատարելու դեպքում սպառնում է դիմել հարկադիր կատարման: Տնակի փոխարեն բնակիչներին քաղաքապետարանն առաջարկում է.
* տեղափոխվել և 2 տարի ժամանակով բնակվել հանրակացարաններում
* բնակարանի վարձակալության համար 2 տարի ժամանակով յուրաքանչյուր ամիս բնակչին տրամադրում է 10 հազար դրամ
* պատահել են դեպքեր, երբ քաղաքապետարանն ավագանու որոշմամբ բնակիչներին հատկացրել է բարձիթողի բնակարաններ: Սակայն պարզվել է, որ այդ հասցեում արդեն բնակվում են այլ քաղաքացիներ: Կամ էլ որոշումը կայացնելուց հետո այդ բնակարանները վաճառվել են:
Բնակիչների համար այդ տարբերակներից ոչ մեկն ընդունելի չէ: Նրանք քաղաքապետարանին դիմում են ճանաչել տնակի հողատարածքի նկատմամբ սեփականության իրենց իրավունքը:
Բնակիչների մի մասին քաղաքապետարանը պատասխանել է, որ այդ տարածքներն օտարման ենթակա չեն: Մինչդեռ, կազմակերպությանը տրամադրած տեղեկատվությամբ պարզվում է, որ այդ տարածքները արդեն օտարվել են, բայց ոչ տնակի բնակիչներին:
ՀՀ «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքով համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ և շարժական գույքն օտարվում է աճուրդի կարգով: Աճուրդի վերաբերյալ նախապես տարածվում է հայտարարություն, ազատվում է հողը, որոշվում նրա սահմանները, ապա նոր օտարվում: Քաղաքապետարանի կողմից տնակների տարածքներն օտարվել են առանց օրենքի այդ պահանջները կիրառելու: Տնակների բնակիչները դեռևս բնակվում են այդ օտարված հողատարածքում, նրանցից ոչ ոք աճուրդի հայտարարման մասին տեղյակ չէ:
Հաշվի առնելով այս հանգամաքը՝ ավագանու և կազմակերպության աջակցությամբ այդ տնակի բնակիչները կդիմեն դատարան՝ պահանջելով չեղյալ հայտարարել այդ տարածքների աճուրդն ու վաճառքը:
Տնակային ավանի այն բնակիչները, որոնցից պահանջվում է ազատել տնակը, կազմակերպության, տեղական ինքնակառավարման մարմինների հետ շարունակելու են այդ խնդրի լուծման համար համատեղ ուղիներ փնտրել:
Նրանց խնդիրների հնարավոր լուծումների համար կազմակերպությունը շարունակելու է հանդիպումների և քննարկումների շարքը: