Տնակային ավանների բնակիչների խնդիրները
00:00, June 24, 2006 | Քաղաքացիական նախաձեռնությունների աջակցությունՀունիսի 8-ին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակում Վանաձորի տնակային ավանի բնակիչների մասնակցությամբ կայացավ քննարկում՝ «Տնակային ավաններ, դրանց հետևանքներն ու հիմնախնդիրները»:
Քննարկմանը մասնակցում էին Մանուշյան, Լենինգրադյան, Սպանդարյան տնակային ավանի բնակիչները:
Վանաձորի 188 տնակի բնակիչների մոտ առկա են տարբեր ոլորտների առնչվող բազմաթիվ խնդիրներ:
Մինչ 1988 թվականի երկրաշարժը բնակարանի հերթացուցակում ընդգրկված քաղաքացիներն այսօր բնակարանի ստացման ոչ մի հերթացուցակում ընդգրկված չեն: Նրանց բնակարանով ապահովելու ոչ մի ծրագիր կամ հնարավորություն ներկայումս չկա:
Տնակային ավանի յուրաքանչյուր բնակիչ առնչվում է հաշվառման հետ կապված խնդրին, որը ունի իր հետևանքները:
Տնակում հաշվառված բնակիչները նշում են, որ հաշվառման պատճառով տնակային ավանի բնակիչներին չեն գրանցում գործազրկության ցուցակում, չեն տրամադրում ոսկու գրավով գումար բանկերից: Նրանք հնարավորություն չունեն ձեռք բերել ապրանքներ ապառիկ վաճառքով:
Ընտրություններին, բացառությամբ այն դեպքերի, երբ որևէ շահագրգիռ թեկնածու նրանց քվեն ստանալու նպատակով ստանում է նրանց քվեարկելու իրավունքը դատարանում, բնակիչները չեն մասնակցում:
Միևնույն ժամանակ հաշվառում չունեցողների հետ զարմանալի դեպքեր են պատահում: Կարինե Պողոսյանն իր ընտանիքով 1985թ-ին Ուկրաինայից տեղափոխվել է Հայաստան, 1997-ից ապրում է տնակում: Ուկրաինայի քաղաքացիություն ունեցող նրա որդին, սակայն զորակոչվել է ՀՀ Զինված ուժերում ծառայելու:
Տնակային ավանի բնակիչների առողջական բազմաթիվ խնդիրները ևս լուծում չեն ստանում հաշվառում չունենալու պատճառով:
Որպես բազմազավակ ընտանիք՝ Մարինե Ավագյանի ընտանիքի կարգավիճակը համապատասխանում է անվճար դեղորայքից օգտվողների ցուցակին: Սակայն առանց գրանցման նախատեսված արտոնություններից չեն կարողանում օգտվել, հիվանդություններն էլ իրենք իրենցով չեն անցնում:
Հաշվառում չունենալու պատճառով քաղաքացիները չեն կարողանում սահամանել իրենց հիվանդության հաշմանդամության խումբը, օգտվել անվճար բուժսպասարկումից:
ՀՀ Կառավարության 318 որոշման համաձայն՝ տարածքներն ազատվում են ժամանակավոր շինություններից: Ազաված հողատարածքներն իրենց տրամադրելու խնդրանքով քաղաքապետարան դիմած քաղաքացիները մերժում են ստանում: Աճուրդային կարգով այդ հողատարածքներն օտարելիս տնակային ավանի բնակիչները չեն հասցնում մասնակցել աճուրդին: Աճուրդի մասին տեղեկությունը հիմնականում չի հրապարակվում, իսկ լավագույն դեպքում՝ տպագրվում է աճուրդից 1-2 օր առաջ:
Վարադանանց 3-4-10 հասցեում օտարված հողատարածքների սեփականատերերը շինարարությոն են սկսել: Նորակառույց մեծ պարիսպները զբաղեցրել են ամբողջ մայթը, զրկել տնակի բնակիչներին տեղաշարժվելու հնարավորությունից:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը նախատեսում է տնակների բնակիչների կողմից բարձրացված հարցերը քննարկել իշխանության ներկայացուցիչների հետ՝ փորձելով գտնել դրանց լուծման հնարավորությունները:
Տնակի բնակիչների շահերի պաշտպանությունն իրականացվում է «Մեկուսացված քաղաքակրթություն» ծրագրի շրջանակներում:
Ծրագիրն իրականացվում է Բաց Հասարակության Ինստիտուտի Օժանդակության և Համաշխարահային բանկի դրամական աջակցությամբ: