«Պետական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 8-րդ և 12-րդ հոդվածները հակասահմանադրական ճանաչելու պահանջ
00:00, November 25, 2011 | Նորություններ | Արդար դատաքննության իրավունք, Տեղեկատվության եւ խոսքի ազատություն | Զինված ուժեր2011 թ. նոյեմբերի 23-ին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից լիազորված ներկայացուցիչներ Արտակ Զեյնալյանը և Արայիկ Ղազարյանը դիմում են ներկայացրել ՀՀ սահմանադրական դատարան՝ «Պետական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 8-րդ և 12-րդ հոդվածների դրույթները ՀՀ Սահմանադրության 3-րդ, 5-րդ, 6-րդ, 27-րդ և 43-րդ, 83.5-րդ, 117-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչելու վերաբերյալ:
Բողոքում մասնավորապես հիմնավորվում է, որ «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածով օրենսդիրը գործադիր իշխանության մարմիններին լիազորություն է վերապահել, որպեսզի վերջիններս մշակեն և իրենց կողմից ընդունվող իրավական ակտերով հաստատեն գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկեր, որոնց տնօրինելու լիազորությամբ օժտված են իրենք: Ընդ որում, սույն գործով սահմանադրաիրավական վեճի առարկա հոդվածի դրույթներով սահմանված է, որ գաղտնի տեղեկությունների վերաբերյալ ցանկերը` որպես տեղեկություն, ևս գաղտնի են: Այլ կերպ ասած, գերատեսչության գաղտնի` հրապարակման ոչ ենթակա իրավական ակտով սահմանվում են այն տեղեկությունները, որոնք գաղտնի են: Այսպիսի պայմաններում քաղաքացիական վերահսկողությունից դուրս է մնում հանրային իշխանության մարմինների գործունեության մի կարևոր և ծավալուն ոլորտ, ինչն անհամատեղելի է իրավական և ժողովրդավարական հասարակությունում գործող հիմնարար սկզբունքների հետ:
Հիշեցնենք, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից Սահմանադրական դատարան դիմելու համար հիմք է հանդիսացել ՀՀ պաշտպանության նախարարի կողմից կազմակերպության տեղեկատվության հարցմանն ի պատասխան գրությունը:
Կազմակերպությունը 2010 թ. փետրվարի 10-ին տեղեկատվության հարցում է ուղարկել ՀՀ պաշտպանության նախարարին` խնդրելով տրամադրել տեղեկատվություններ այն մասին, թե 2009 թվականին ծառայության ընթացքում քանի՞ ժամկետային և պայմանագրային զինծառայող է մահացել ՀՀ զինված ուժերում, նրանց անունը, ազգանունը և հասցեն:
Ի պատասխան կազմակերպության գրությանը, նախարարությունը 2010 թ. փետրվարի 20-ին պատասխանել է հետևյալ կերպ. «…. պահանջվող տեղեկատվությունը ՀՀ պաշտպանության նախարարի համապատասխան գաղտնի հրամանով գործողության մեջ դրված «ՀՀ պաշտպանության նախարարության գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկի» համաձայն` հանդիսանում է գաղտնի տեղեկատվություն և «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի պահանջների համաձայն` համարվում է ծառայողական գաղտնիք: Հաշվի առնելով վերոգրյալը և «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետի պահանջները` ՀՀ պաշտպանության նախարարությունը չի կարող Ձեզ տրամադրել պահանջվող տեղեկատվությունը»:
2010 թ. փետրվարի 27-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը նոր հարցում է ուղարկում նախարարություն՝ խնդրելով տրամադրել ՀՀ պաշտպանության նախարարի համապատասխան գաղտնի հրամանը և ՀՀ պաշտպանության նախարարի համապատասխան գաղտնի հրամանով գործողության մեջ դրված «ՀՀ պաշտպանության նախարարության գաղտնագրման ենթակա տեղեկատվությունների ընդլայնված գերատեսչական ցանկը»:
Նախարարությունը մերժել է տրամադրել պահանջվող տեղեկատվությունը՝ համարելով այն պետական, ծառայողական գաղտնիք:
Կազմակերպությունը Վարչական դատարանում վիճարկել է Պաշտպանության նախարարության տեղեկատվություն տրամադրելուց հրաժարվելու իրավաչափությունը: Դատարանները մերժել են կազմակերպության հայցը և բողոքները` վկայակոչելով «Պետական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի իրավակարգավորումները: