Երևան քաղաքի ավագանու արտահերթ ընտրություններին ընդառաջ ներքոստորագրյալ կազմակերպություններս վերահաստատում ենք ազատ և արդար ընտրությունների ապահովման ուղղված նախապայմանների կարևորությունը, որի մասին հայտարարել ենք դեռևս 2018թ․ ապրիլին։

Ժողովրդավարական չափանիշներին համապատասխան, ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ անցկացնելու համար անհրաժեշտ են հավասար մրցակցությունն ապահովող իրավակարգավորումներ, վարչական ռեսուրսը չչարաշահող իշխանություն, գործընթացները պատշաճ կազմակերպող և վերահսկող Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ), մրցակցային հեռարձակումը երաշխավորող Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով (ՀՌՀ), ընտրախախտումների դեմ արդյունավետ պայքարող իրավապահ  մարմիններ, ինչպես նաև ընտրական վեճերը պատշաճ քննող անկախ դատարաններ: Ի լրումն սրա, ընտրությունների արդյունքները լեգիտիմ ճանաչելու համար կարևորագույն նախապայման է հանրային վստահությունը վերոհիշյալ կառույցների նկատմամբ։

Հեղափոխությունից հետո ՀՀ գործադիր մարմնի ղեկավարի կողմից քաղաքական կամքի դրսևորումն անշուշտ գնահատելի, սակայն ոչ բավարար նախադրյալ է՝ երաշխավորելու լիովին մաքուր և/կամ հանրության համար ընդունելի՝ լեգիտիմ ընտրությունների անցկացումը։ Հայաստանում ընտրական գործընթացների համար պատասխանատու կառույցները տարիներ շարունակ այս կամ այն կերպ՝ հանցավոր գործողություններով կամ անգործությամբ մասնակցել են ընտրախախտումներին ու ընտրակեղծարարությանը, ինչի արդյունքում  վարկաբեվկել են  և ամբողջովին արժեզրկել ընտրությունների ինստիտուտը։ Թեև հավանականությունը մեծ է, որ նոր իրավիճակում և վարչապետի քաղաքական «հովանու ներքո» այս կառույցները դեմ չեն լինի պատշաճ իրականացնել օրենքով սահմանված իրենց գործառույթները,  սակայն չի կարելի մոռացության տալ նրանց պատասխանատվությունը տարիներ շարունակ Հայաստանի Հանրապետության քաղաքացուն ընտրելու և իշխանություն ձևավորելու իր իրավունքի ազատ իրացման հնարավորությունից զրկելու  գործում։ Անձանց՝ պատասխանատվության անտեսումը կամ մոռացության մատնումը, մի կողմից, չեն կարող երաշխավորել ընտրախախտումների ու ընտրակեղծարարության արատավոր պրակտիկայի աներկբա դատապարտումը, մյուս կողմից, դրանք կարող են ստվեր գցել առաջիկա կազմակերպվող ընտրությունների վրա։ Խիստ կարևոր է ընտրական գործընթացներում ներգրավված կառույցների «մաքրումը» և, առնվազն, վարկաբեկված պաշտոնյաների հեռացումը իրենց զբաղեցրած պաշտոններից։

ՀՀ Ոստիկանության և Հատուկ քննչական ծառայության ղեկավարների փոփոխությունը, ինչպես նաև նրանց ընթացիկ ակտիվ ու արդյունավետ գործունեությունը հույս են ներշնչում ընտրությյունների հետ կապված իրավապահ գործառույթները օրենքով լիարժեքորեն իրականացնելու առումով։ Կարևոր և անհրաժեշտ է նաև ԿԸՀ և ՀՌՀ-ի կազմերի փոփոխությունները՝ առնվազն դրանց ղեկավարների մակարդակով։

Համոզված ենք, որ ընտրական գործընթացների և ընտրությունների արդյունքների նկատմամբ հանրության վստահության բարձրացման նպատակով վերոնշյալ հարցերի լուծումը անհրաժեշտ է և խիստ հրատապ։

Կոչ ենք անում ԿԸՀ և ՀՌՀ ղեկավարներին վերանայել համապատասխան հանձնաժողովներում իրենց մասնակցության նպատակահարմարության հարցը և հրաժարվել պաշտոններից՝ հանուն ընտրությունների նկատմամբ հանրային վստահության վերականգնման։

Հելսինկյան քաղաքացիական ասամբեայի Վանաձորի գրասենյակ
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք ՀԿ
«Աջակցություն կանանց և երեխաներին» ՀԿ
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե
Իջևանի քաղաքացիական երիտասարդական կենտրոն
Արմավիրի քաղաքացիական երիտասարդական կենտրոն
«Երիտասարդական ավանգարդ» հանրային շահերի աջակցման կենտրոն ՀԿ
«Երեխաների հասարակություն. մանկապատանեկան ձեռնարկումների աջակցության կենտրոն» ՀԿ
Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ
«Սյունիքի քաղաքացիական կրթության կենտրոն» ՀԿ
Արտաշատի քաղաքացիական երիտասարդական կենտրոն
Եղեգնաձորի քաղաքացիական երիտասարդական կենտրոն
Նոր սերունդ մարդասիրական ՀԿ
«Սպիտակի հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ
«Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ
Կանանց ռեսուրսային կենտրոն
«Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն»  ՀԿ
Հանուն հավասար իրավունքների  ՀԿ
Իրական աշխարհ, իրական մարդիկ ՀԿ
«Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ» ՀԿ
Գյումրու քաղաքացիական երիտասարդական կենտրոն
«Շողեր միություն» սոցիալ-կրթական ՀԿ
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ
«Քալրֆուլ Հաուս» սոցիալ-մշակութային և իրավապաշտպան ՀԿ
«Հանրային լրագրության ակումբ» ՀԿ
Տնտեսական իրավունքի կենտրոն ՀԿ
«Խորան Արդ» ինտելեկտուալ կենտրոն
Բամբիռ մշակութային հասարակական կազմակերպություն
Անգել. սոցիալական կրթամշակութային ՀԿ
«Իրավունքի ուժ» ՀԿ
«Խաղաղության երկխոսություն»
Կանանց իրավունքների կենտրոն
«Դիտակ» ԻՏԿ ՀԿ
««Սոսե» կանանց հիմնահարցեր» ՀԿ
«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ

 Դիմում Նիկոլ Փաշինյանին Շանթ Հարությունյանի գործով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Հարգելի պարոն վարչապետ

Թավշյա հեղափոխության ընթացքում, ապա հեղափոխությունից հետո Դուք բազմիցս հայտարարել եք, որ Հայաստանում պետք է բացառվեն այնպիսի արատավոր երեւույթներ, ինչպիսիք են կոռուպցիան, կլանային համակարգը, արդարադատության բացակայությունը, մարդու իրավունքների խախտումները, քաղբանտարկյալների գոյությունը։ Սրանք բոլորն էլ առաջնահերթություններ են, որոնց հաղթահարման համար անհրաժեշտ են հրատապ քայլեր ու ժամանակ։ Բայց թվարկված առաջնահերթություններից մեկի՝ քաղբանտարկյալների դեպքում դանդաղելու  իրավունք չունենք։

Մարդու իրավունքների ոլորտը անհապաղ քայլեր է պահանջում։

Լուրջ ու շտապ անդրադարձ պետք է լինի ազատազրկման վայրերին։ Դրանք պետք է բեռնաթափվեն։ Պետք է բարելավել պահման պայմանները կալանավայրերում։  Պետք է համակողմանի ուսումնասիրության ենթարկվի ցմահ դատապարտվածների խնդիրը։ Անթույլատրելի է մարդկանց ցմահ ազատազրկման դատապարտել եւ մեկընդմիշտ ջնջել նրանց ու մոռանալ։ Պետք է սկսել Հայաստանում եղած քաղբանտարկյալների արդարացման գործընթաց։

Հայաստանյան եւ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների կողմից քաղբանտարկյալ ճանաչված  Շանթ Հարությունյանը, իր նկատմամբ միայն արդարացման վճիռ է ակնկալում, եւ այլ ճանապարհով չի պատրաստվում ազատ արձակվել։ Նրա ու նրա ընկերների նկատմամբ ժամանակին իրականացվել է անարդար դատավարություն եւ հրապարակվել է արարքին ակնհայտ անհամաչափ դատավճիռ։

Կարծում ենք՝ քաղբանտարկյալի կողմից իր նկատմամբ քաղաքական դրդապատճառներով կայացված դատավճռի վերացման եւ իր արդարացման պահանջը տրամաբանական է եւ Ձեր կողմից համապատասխան դիրքորոշման հնչեցումը ընկալվելու է ոչ թե որպես դատական իշխանությունների ուղղորդում, այլ հանրային հիմնավոր ակնկալիքների արտահայտում, որը նպաստելու է խնդրի իրավաբանական լուծմանը։ Պետք է վերացվի քաղբանտարկյալի նկատմամբ կայացված անարդար ու պատվիրված դատավճիռը, նա պետք է արդարացվի եւ ազատ արձակվի։

Դիմում ենք ձեզ առաջարկելով հետին պլան չմղել Շանթ Հարությունյանի եւ ընդհանրապես քաղբանտարկյալների արդարացման գործը։ Այն այսօր մարդկանց խախտված իրավունքների վերականգնմանն ուղղված անհետաձգելի եւ անհրաժեշտ քայլ է, որը կազդարարի այլեւս առանց քաղբանտարկյալներ Հայաստանի մասին։

Վարդան Հարությունյան      Իրավունքի եւ ազատության կենտրոն

Բորիս Նավասարդյան         Երեւանի մամուլի ակումբ

Ավետիք Իշխանյան              Հայաստանի հելսինկյան կոմիտե

Արթուր Սաքունց    Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Լեւոն Բարսեղյան                Լրագրողների «Ասպարեզ» ակումբ

Սոնա Այվազյան                 «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոն

lragir.am

Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիան (այսուհետ՝ Կոալիցիա) խստագույնս դատապարտում է Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում տեղի ունեցած ծայրահեղ անհանդուրժողականության, ատելության և բռնության պոռթկումը, որն արտահայտվեց 9 երիտասարդի կյանքի և առողջության նկատմամբ հոգեբանական և ֆիզիկական ոտնձգությամբ:

Կոալիցիան պնդում է, որ կատարվածի համար պատասխանատվությունը կիսում են հավասարապես թե այն անձինք, ովքեր հարձակում են գործել գյուղի բնակիչներից մեկի մոտ հյուրընկալված երիտասարդների վրա և թե իրավապահ մարմինները, մասնավորապես ոստիկանության ծառայողները, որոնք տարիներ շարունակ իրենց անգործությամբ, թողտվությամբ և նույնիսկ, ուղղորդմամբ խրախուսել են իրական կամ ենթադրյալ սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության պատճառով ատելության հիմքի վրա կատարված հանցագործությունները:

Եթե մի քանի ամիս առաջ Գորիսում տուժածներից երկուսի նկատմամբ տեղի ունեցած հարձակման  դեպքի կապակցությամբ ՀՀ ոստիկանության Գորիսի բաժինը պատշաճ կերպով արձագանքեր, ապա նույն բռնարարները այս անգամ չէին գլխավորի մարդկանց առողջությանը ավելի ծանր վնաս պատճառած այս հարձակումը:

Իրական կամ ենթադրյալ սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության պատճառով ատելության հիմքով կատարված հանցագործությունների զոհերի բողոքներին ընթացք չտալով, զոհերին մեղադրելով և նշված հիմքով ատելությունը որպես մեղմացուցիչ հանգամանք դիտարկելով՝ ՀՀ ոստիկանությունը և այլ իրավապահները փաստացի խրախուսում են նման հանցագործությունները:

Հայաստանի Հանրապետությունը տարիներ շարունակ ձախողում է ԼԳԲՏ անձանց խտրականությունից զերծ մնալու, բռնության չենթարկվելու, արժանապատիվ կյանքի և ՀՀ սահմանադրությամբ ու միջազգային փաստաթղթերով սահմանված մի շարք այլ իրավունքների ապահովումն ու պաշտպանությունը, ինչն անհամատեղելի է ժողովրդավարության և մարդու իրավունքների գերակայության արժեքները հռչակած պետության տեսլականի հետ: Իր քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը պետության գոյության հիմնական նպատակներից է, ինչին կարելի է հասնել միայն պետական մարմինների գործելաոճի կտրուկ փոփոխության արդյունքում:

Կոալիցիան հայտնում է իր զորակցությունը Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում հարձակման ենթարկված անձանց, բարձր գնահատում իրենց պայքարը իրավունքների պաշտպանության համար և պատրաստակամություն է հայտնում աջակցել ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանության նախաձեռնություններին և պահանջում.

  • ՀՀ ոստիկանությունից և այլ պատկան մարմիններից գործի պատշաճ և արդարացի քննություն և մեղավորների համաչափ և օրինաչափ պատիժ:
  • ՀՀ կառավարությունից անհապաղ քայլեր ձեռնարկել Հայաստանում խտրականության բոլոր հատկանիշներով ատելության հիմքով հանցագործությունների և խտրականության վերացման ուղղությամբ՝ ինչպես օրենսդրական կարգավորումների միջոցով, այնպես էլ դրսևորելով քաղաքական կամք՝ արտահայտվելու և գործելու հասարակական անվտանգության համար նման վտանգ ներկայացնող հանցագործությունների դեմ:

Կոալիցիան պատրաստակամ է ցուցաբերել մասնագիտական և տեխնիկական աջակցություն այդ նպատակը իրականացնելու համար:

 2018թ հուլիսի 17-ին Ընտրական օրենսգրքի բարեփոխումների իրականացման համար ձևավորված խորհրդարանական խմբակցությունների հանձնաժողովի նիստի ընթացքում ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանի վերաբերյալ ասել է «Էս մտավոր հետամնացի հետ ի՞նչ քննարկենք»։ Նա իր խոսքն ուղղել է ՀՀ ԱԺ պատգամավորներ Արմեն Ռուստամյանին, Ալեն Սիմոնյանին և ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանին։

ՀՀ բարձրաստիճան պետական պաշտոնյայի կողմից Դանիել Իոաննիսյանին մտավոր հաշմանդամություն վերագրելու միջոցով վիրավորելը, ոչ այլ ինչ է, քան ենթադրյալ հաշմանդամության հիմքով խտրականություն, առկա խտրականության արդարացում և խորացում, որը շարունակում է խոցելի դարձնել նրանց։

Հայաստանի Հանրապետությունը 2010 թ վավերացրել է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիան, որի շրջանակներում պարտավորություն է ստանձնել ապահովելու հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունը և նրանց արժանապատվության նկատմամբ հարգանքը, այդ թվում՝ նրանց մասնակցությունը հանրային և քաղաքական կյանքին, որոշումների կայացմանը։
Մտահոգիչ է նաև Արփինե Հովհաննիսյանի արձագանք-պարզաբանումը իր արտահայտությունների վերաբերյալ, որով խուսափում է իր խոսքի՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար վիրավորական լինելու մասին փաստից և ներողություն է հայցում միայն ձևակերպման անձնավորված բնույթի համար։

Անընդունելի համարելով մտավոր խնդիրներ ունեցող անձանց նկատմամբ խտրական վերաբերմունքը և մտավոր խնդիրների շահարկումը՝ պահանջում ենք ՀՀ Ազգային ժողովից սահմանված կարգով ձևավորել էթիկայի ժամանակավոր հանձնաժողով և քննարկել ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահի վարքագիծը։

 

Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա

 

Հայտարարությանը միացել են հետևյալ իրավապաշտպան կազմակերպությունները՝

 

  1. «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ
  2. Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
  3. «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ (նախկին «Դիսըբիլիթի ինֆո» ՀԿ)
  4. «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ
  5. «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» իրավապաշտպան ՀԿ
  6. «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՀԿ
  7. «Կանանց Ներուժի Զարգացման Կենտրոն» ՀԿ
  8. «Հասարակություն Առանց Բռնության» ՀԿ
  9. «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ
  10. «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն»
  11. «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ
  12. «Լիարժեք կյանք» ՀԿ
  13. «Իրավունքի զարգացման» կենտրոն ՀԿ
  14. «Նոր Սերունդ» մարդասիրական ՀԿ
  15. «Մենք Կարող ենք» ՀԿ
  16. «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» հաշմանդամություն ունեցող անձանց ՀԿ
  17. «Կանանց Ռեսուրսային կենտրոն»
  18. «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ
  19. Արև Մելքոնյան, անհատ, Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա անդամ
  20. «Լռության Ձայն» ՀԿ
  21. Արմինե Ղազարյան, անհատ, Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա անդամ
  22. «Սկարպ» ՀԿ
  23. «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ
  24. «Երեխաների հասարակություն. մանկապատանեկան ձեռնարկումների աջակցության կենտրոն» ՀԿ
  25. «Տաթևիկ» ՀԿ
  26. Եղեգնաձորի քաղաքացիական-երիտասարդական կենտրոն
  27. «Սոսե» Կանանց Հիմնահարցեր» ՀԿ
  28. Կապանի քաղաքացիական երիտասարդական կենտրոն
  29. Իջևանի քաղաքացիական երիտասարդական կենտրո
  30. Հրազդանի քաղաքացիական երիտասարդական կենտրոն
  31. «Հույսի Մեծամոր» ՀԿ
  32. Արմավիրի քաղաքացիական-երիտասարդական կենտրոն

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների Խումբը 2016 թվականից  բարձրաձայնում է Խմբի աշխատանքի սահմանափակումների և խոչընդոտումների վերաբերյալ։

Դիտորդների խումբը ստանում է բազմաթիվ ահազանգեր ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում պահվող անձանցից և նրանց հարազատներից՝ քրեակատարողական հիմնարկներում մարդու իրավունքների խախտման դեպքերի վերաբերյալ, սակայն այցելություններ կատարելիս Խմբի աշխատանքները խոչընդոտվում են ՀՀ ԱՆ ՔԿՀ-ների աշխատակիցների կողմից։

Ստեղծման օրվանից ի վեր՝ Խմբի աշխատանքները երբևէ չեն խոչընդոտվել: Արատավոր պրակտիկան սկիզբ է առել 2016 թվականի մարտ ամսից և շարունակվում է մինչ օրս։ Սահմանափակումներ կատարվում են մասնավորապես քաղաքական հնչեղություն ստացած գործերով կալանավորված անձանց պահման պայմանները դիտարկելիս՝ քննիչի կողմից սահմանված կալանավորված անձի՝ արտաքին աշխարհի հետ կապը արգելելու վերաբերյալ որոշման հիմնավորմամբ:

2016 թվականի ընթացքում կատարված 94 այցելությունների 8.9%-ի ընթացքում Խմբի աշխատանքները խոչընդոտվել և սահմանափակվել են ՔԿՀ աշխատակիցների կողմից։

2016 թվականի մարտի 2-ին, ահազանգ ստանալով, դիտորդներն այց են կատարել «Երևան-Կենտրոն» ՔԿՀ։ ՔԿՀ-ի վարչակազմը, սակայն, արգելել է տեսակցել Վահան Շիրխանյանին և դիտարկել վերջինիս խուցը։ Դիտորդները խմբի աշխատանքները խոչընդոտելու փաստի մասին գրությամբ դիմել են ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին՝ պահանջելով Վ. Շիրխանյանի հետ հանդիպումը խոչընդոտելու հիմքով հարուցել ծառայողական քննություն և իրավախախտում թույլ տված անձանց ենթարկել համապատասխան պատասխանատվության։ Կից կարող եք ծանոթանալ Խմբի թիվ 16-16 ընթացիկ հաշվետվությանը և արդարադատության նախարարության պատասխան գրությանը:

2016 թվականի հուլիսի 18-ին «Վարդաշեն» ՔԿՀ-ում Դիտորդների խմբին արգելել են հանդիպել կալանքի տակ գտնվող Ժիրայր Սեֆիլյանին՝ պատճառաբանելով, որ կա քննիչի որոշում՝ Սեֆիլյանի կապը արտաքին աշխարհի հետ սահմանափակելու մասին, և իրենք լիազորված չեն Խմբի անդամներին թույլատրել՝ հանդիպելու վերջինիս:

2016 թվականի հուլիսի 23-ին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում աննախադեպ ծավալով խոչընդոտվել են Դիտորդների խմբի աշխատանքները: ՔԿՀ-ի վարչակազմը դիտորդներին չի տրամադրել տեղեկատվություն այցելության պահին ՔԿՀ-ում պահվող կալանավորված և դատապարտված անձանց քանակի վերաբերյալ, արգելել է մտնել կալանավորված անձանց համար նախատեսված որևէ խուց և դիտարկումներ անցկացնել այնտեղ, թույլ չեն տվել դատապարտյալների համար նախատեսված խցերում առանց աշխատակիցների ներկայության դիտարկել խցային պայմանները կամ առանձնազրույց ունենալ դատապարտված անձանց հետ: Դիտորդները ընթացիկ հաշվետվությամբ դիմել են արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին՝ առաջարկելով միջադեպի վերաբերյալ իրականացնել ծառայողական քննություն՝ չարաշահումներ թույլ տված անձանց համապատասխան պատասխանատվության ենթարկելու համար, ինչպես նաև քայլեր ձեռնարկել Խմբի լիազորությունների իրականացման հետագա խոչընդոտները բացառելու ուղղությամբ։ Կից կարող եք ծանոթանալ Խմբի թիվ 16-47 ընթացիկ հաշվետվությանը և արդարադատության նախարարության պատասխան գրությանը։

2016 թվականի դեկտեմբերի 16-ին Դիտորդների խումբը Հովհաննես Հարությունյանի փաստաբանի դիմումի հիման վրա այցելություն է կատարել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ։ Փաստաբանն իր մտահոգությունն էր հայտնում վստահորդի պահման պայմանների, ինչպես նաև տեղեկացնում էր իր պաշտպանյալի հանդեպ վատ և անմարդկային վերաբերմունքի վերաբերյալ իր կասկածների մասին։ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի աշխատակազմի կողմից կրկին սահմանափակվել է դիտորդների աշխատանքը և չի թույլատրվել հանդիպել կալանավորված անձ, «Սասնա Ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանին։ Արդյունքում դիտորդները չեն կարողացել պարզել՝ արդյո՞ք կալանավորված անձը ենթարկվել է խոշտանգումների կամ անմարդկային վերաբերմունքի, թե՞՝ ոչ: Կից կարող եք ծանոթանալ Խմբի հրապարակմանը՝ «Դիտորդների խմբի անդամներին խոչընդոտել են հանդիպել Հովհաննես Հարությունյանին և դիտարկել վերջինիս պահման պայմանները»։

2017 թվականի ընթացքում Դիտորդների խումբը 6 հաշվետվություն է ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարություն՝ Խմբի աշխատանքների խոչընդոտման և ՔԿՀ աշխատակիցների կողմից սահմանափակման վերաբերյալ:

2017 թվականի փետրվարի 14-ին Խմբի անդամները այցելություն են կատարել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ և ցանկություն հայտնել հանդիպելու Արթուր Սարգսյանին։ Սակայն ՔԿՀ-ի անձնակազմը դիտորդներին տեղեկացրել է, որ Ա. Սարգսյանի վերաբերյալ առկա է քննիչի որոշում՝ կալանավորված անձի՝ արտաքին աշխարհի հետ կապը արգելելու վերաբերյալ, իսկ հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների՝ խուց մտնելը կամ ազատազրկված անձին առանձին հանդիպելը հավասարազոր է տեսակցության:

Հատկանշական է այն փաստը, որ 2017 թվականի փետրվարի 13-ին ՀՀ ազգային ժողովի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը և Էդմոն Մարուքյանն այցելություն են կատարել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ, և նրանց թույլատրել են տեսակցել Ա. Սարգսյանին։ Ստեղծված իրավիճակում քննիչի որոշումը փաստացի տարածվել է միայն Դիտորդների խմբի անդամների վրա, ինչը զուրկ է որևէ իրավական հիմքից։ Կից կարող եք ծանոթանալ Խմբի հրապարակմանը՝ «Դիտորդներին չեն թույլատրել հանդիպել Ա․ Սարգսյանին՝ քննիչի արգելանքի պատճառով»։

2017 թվականի փետրվարի 22-ին Դիտորդների խմբի անդամներն ահազանգի հիման վրա այցելություն են կատարել «Երևան-Կենտրոն» ՔԿՀ։ Խմբի անդամները այցելության ընթացքում ցանկություն են հայտնել հանդիպել Վահան Շիրխանյանին, սակայն ՔԿՀ-ի անձնակազմը տեղեկացրել է, որ Վ. Շիրխանյանի վերաբերյալ առկա է քննիչի որոշում՝ կալանավորված անձի՝ արտաքին աշխարհի հետ կապը արգելելու վերաբերյալ, իսկ դիտորդների՝ խուց մտնելը կամ ազատազրկված անձին առանձին հանդիպելը հավասարազոր է տեսակցության: Կից կարող եք ծանոթանալ Խմբի հրապարակմանը՝ «Դիտորդներին չեն թույլատրել հանդիպել Վ․ Շիրխանյանին՝ քննիչի արգելանքի պատճառով»Դիտորդներին չեն թույլատրել հանդիպել Վ․ Շիրխանյանին՝ քննիչի արգելանքի պատճառով»։

2017 թվականի մարտի 6-ին այցելություն է կատարվել «Երևան Կենտրոն» ՔԿՀ։ Խբի անդամների ցանկությանը՝ հանդիպել և առանձնազրույց ունենալ Վահան Շիրխանյանին, ՔԿՀ անձնակազմը պատասխանել է, որ Վ. Շիրխանյանի տեսակցությունների կապակցությամբ առկա է քննիչի որոշում, որով արգելվում է վերջինիս կապը արտաքին աշխարհի հետ: Այդ արգելքը տարածվել է նաև հասարակական դիտրոդների նկատմամբ: Դիտորդները ցանկություն են հայտնել առանց Վ. Շիրխանյանի հետ հանդիպելու իրականացնել իրենց լիազորությունը՝ այն է դիտարկել խուցը, որտեղ պահվում է Վ. Շիրխանյանը: Վայրկյաններ անց ՔԿՀ անձնակազմը տեղեկացրել է սակայն, որ Վ. Շիրխանյանը «ի վիճակի չէ դուրս գալ խցից»: Վ. Շիրխանյանի պաշտպան, փաստաբան Հայկ Ալումյանը հայտարարել է, որ ՔԿՀ աշխատակիցները, մտնելով վերջինիս խուց, հայտնել են, որ «հյուրեր են եկել, պետք է խուցն ազատեք, որ նրանք խուցը տեսնեն»՝ առանց բացատրելու, թե ի՞նչ հյուրեր են, ինչո՞ւ պետք է խուցը նայեն և այլն: Ինչին ի պատասխան՝ Վ. Շիրխանյանը հրաժարվել է խցից դուրս գալ։ ՔԿՀ աշխատակիցների նման մոտեցումը ողջամիտ կասկածներ է հարուցել այն մասին, որ «Երևան Կենտրոն» ՔԿՀ-ում Վ. Շիրխանյանի պահման պայմանների վերաբերյալ տարածված տեղեկատվությունը հավաստի է, և ՔԿՀ-ն չի ցանկացել, որ դիտորդները հասանելիություն ունենան այդ խցին: Կից կարող եք ծանոթանալ Խմբի հրապարակմանը՝ «Երևան Կենտրոն» ՔԿՀ-ում դիտորդներին կրկին արգելել են հանդիպել Վ. Շիրխանյանին և դիտարկել վերջինիս խուցը»։ 

2017 թվականի ապրիլի 2-ին Խմբի անդամները այցելություն են կատարել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ և ցանկացել դիտարկել խցերի պայմանները, սակայն ՔԿՀ-ի աշխատակիցները տեղեկացրել են, որ չեն կարող թույլ տալ, քանի որ Խմբի անդամները պետք է անցնեն ընտրական տեղամասի միջով: Նույն օրը Խմբի անդամները, ահազանգի հիման վրա, այցելել են ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ: Այնտեղ նույնպես Խմբի անդամներին ներս չեն թողել՝ պատճառաբանելով, որ ընտրություններ են: Խնդրին լուծում տալու համար խմբում ներգրավված հասարակական կազմակերպությունները հանցագործության մասին հաղորդումներ են ներկայացրել ՀՀ հատուկ քննչական ծառայություն, որոնց քննությունը դեռևս շարունակվում է, սակայն որևէ արդյունավետ քննություն չի ապահովվում։ Կից կարող եք ծանոթանալ Դիտորդների խմբի թիվ 17-22 ընթացիկ հաշվետվությանը և արդարադատության նախարարության պատասխան գրությունը:

2017 թվականի  նոյեմբերի 15-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, հնարավոր բռնության վերաբերյալ ահազանգի հիման վրա Դիտորդների խմբի անդամները այցելել են ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ Գ․ Ս․-ին հանդիպելու նպատակով: Սակայն ՔԿՀ-ի պատասխանատու հերթապահը տեղեկացրել է, որ այդ պահին քնի ժամ է, և չի թույլատրում տեսակցել Գ․ Ս․-ին: Դեպքի վերաբերյալ Դիտորդների խմբի անդամները ‹‹Նուբարաշեն›› ՔԿՀ-ում կազմել են արձանագրություն: 2017 թ.-ի նոյեմբերի 16-ին Դիտորդների խմբի անդամները հրատապ հաշվետվությամբ դիմել են ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին՝ Խմբի գործունեության խոչընդոտման խնդիրների և կալանավորված անձ Գ. Ս․-ի նկատմամբ կիրառված հնարավոր բռնության վերաբերյալ: Խնդիրն այն է, որ նախկինում բազմիցս Խումբը անարգել ներս է մտել քրեակատարողական հիմնարկ նաև գիշերային ժամերին, սակայն երբևէ այդ պատրվակով խմբի աշխատանքները չեն խոչընդոտվել: Դիտորդները առաջարկել են ծառայողական քննություն անցկացնել և պատասխանատվության ենթարկել Խմբի աշխատանքները խոչընդոտած համապատասխան աշխատակիցներին: Կից կարող եք ծանոթանալ Խմբի հրապարակմանը՝ «Հնարավոր բռնություն կալանավորված անձի նկատմամբ ‹‹Նուբարաշեն›› ՔԿՀ-ում: Դիտորդների խմբի գործունեության խոչընդոտում»։ 

2017 թվականի սեպտեմբերի 27-ին Դիտորդների խմբի անդամները  «Նուբարաշեն» ՔԿՀ կատարած այցի ընթացքում հանդիպել են կալանավորված անձ Ա. Ք.-ին։ Հանդիպման ժամանակ Ա. Ք.-ի ձախ աչքն ամբողջությամբ կապտուկի մեջ էր: Բացի այդ, դիտորդների գնահատմամբ, Ա. Ք.-ն գտնվում էր հոգեբանորեն ընկճված և լարված վիճակում: Նշված հանգամանքները խմբի անդամների մոտ համոզմունք են ձևավորել, որ Ա. Ք.-ի կյանքի և առողջության համար առկա է լուրջ սպառնալիք: 2017 թվականի հոկտեմբերի 5-ին և հոկտեմբերի 13-ին Խմբի անդամները կրկին այցելություններ են կատարել՝ հանդիպելու նշված անձին, սակայն նրանց աշխատանքը խոչընդոտվել է: Հիմնարկի ղեկավարությունը չի թույլատրել հանդիպել կալանավորված անձին՝ պատճառաբանելով, որ քննիչի կողմից առկա է տեսակցությունների արգելք: Դիտորդները թիվ 17-67 և 17-69ընթացիկ հաշվետվություններով դիմել են արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին՝ առաջարկելով միջոցներ ձեռնարկել Դիտորդների խմբի անդամների աշխատանքը չխոչընդոտելու ուղղությամբ և քննարկել նախաքննության մարմինների կողմից տեսակցությունների արգելքի վերաբերելիությունը Դիտորդների խմբի նկատմամբ: Կից կարող եք ծանոթանալ Խմբի հրապարակմանը՝ «Կալանավորված անձի անվտանգության ապահովման խնդիրները տեսակցությունների արգելքի առկայության դեպքում»։ 

ՔԿՀ աշխատակիցների կողմից Դիտորդների խմբի աշխատանքների խոչընդոտման և սահմանափակման դեպքեր արձանագրվել են նաև 2018 թվականի ընթացքում:

2018 թվականի հունվարի 22-ին դիտորդները այցելել են «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ և ցանկացել հանդիպել կալանավորված անձ Արամ Հակոբյանին: Սակայն հիմնարկի աշխատակիցները չեն թույլատրել հանդիպել վերջինիս՝ պատճառաբանելով, որ քննիչի կողմից առկա է տեսակցությունների նկատմամբ արգելանք: Թիվ 18-04 ընթացիկ հաշվետվությամբ դիտորդները արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին առաջարկել են քայլեր ձեռնարկել Խմբի աշխատանքների խոչընդոտները բացառելու ուղղությամբ, ինչին ի պատասխան տեղեկացրել են, որ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի աշխատակիցների գործողությունները եղել են իրավաչափ։

2018 թվականի հունիսի 6-ին Դիտորդների խմբի անդամները այցելել են «Երևան-Կենտրոն» ՔԿՀ, սակայն ՔԿՀ աշխատակիցները չեն թույլատրել տեսակցել կալանավորված անձ Ա. Վ.-ին քննիչի արգելանքի պատճառով։ Խմբի աշխատանքները խոչընդոտելու վերաբերյալ դիտորդները ընթացիկ հաշվետվություն են ներկայացրել ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին և սպասում են պատասխանի։

—————————————————————————————

«Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ մասը սահմանում է, որ քննության շահերից ելնելով` ձերբակալված կամ կալանավորված անձանց տեսակցությունը օրինական ներկայացուցչի, մերձավոր ազգականների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների և այլ անձանց հետ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, կարող է արգելվել քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ` այդ մասին գրավոր իրազեկելով ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմին:

Նույն օրենքի 48-րդ հոդվածի համաձայն, առանց հատուկ թույլտվության ձերբակալվածներին պահելու վայր և կալանավորվածներին պահելու վայր անարգել մուտքի և ելքի իրավունք ունեն՝

  1. Հայաստանի Հանրապետության Նախագահը, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը, Հայաստանի Հանրապետության վարչապետը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահը, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահը, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորը, պետական կառավարման լիազորված մարմնի ղեկավարը կամ նրա համապատասխան տեղակալը.
  2. Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը, նրա տեղակալները, ինչպես նաև այն դատախազները, ովքեր օրենքով սահմանված կարգով հսկողություն են իրականացնում պատիժներ և հարկադրանքի այլ միջոցներ կիրառելու նկատմամբ.
  3. ձերբակալվածներին պահելու վայրի և կալանավորվածներին պահելու վայրի վերադաս մարմինների պաշտոնատար անձինք.
  4. միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները՝ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի հիման վրա.
  5. Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի իրավասու պետական ծառայողները և հայեցողական պաշտոն զբաղեցնող իրավասու անձինք, ինչպես նաև կանխարգելման ազգային մեխանիզմի փորձագետները.
  6. Հայաստանի Հանրապետության այն դատավորները, ովքեր օրենքով սահմանված կարգով քննում են կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու, կալանքի տակ պահելու ժամկետը երկարաձգելու կամ կալանքի տակ պահելու օրինականության հետ կապված հարցերը, ձերբակալված և կալանավորված անձանց իրավունքների և ազատությունների խախտման, ինչպես նաև ձերբակալվածներին պահելու վայրի և կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմերի այլ գործողությունների դեմ բողոքները.
  7. սույն օրենքի 47-րդ հոդվածով սահմանված՝ արգելանքի և կալանքի տակ պահելու կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդները:

Ինչպես երևում է վերոգրյալում, 48-րդ հոդվածում նշված մարմիններն ու անձինք հանդիսանում են օրենքով նախատեսված հենց այն բացառությունները, որոնց նկատմամբ   քրեական վարույթն իրականացնող մարմնի արգելքը չի կարող տարածվել:

ՀՀ արդարադատության նախարարի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողության իրականացման կարգը և հասարակական դիտորդների խմբի կազմը սահմանելու մասին» 2005թ. նոյեմբերի 18-ի թիվ ՔՀ-66-Ն հրամանի 11-րդ կետով հստակեցվել են դիտորդների Խմբի անդամների իրավասությունները, ըստ որի սահմանվել է, որ դիտորդների Խմբի անդամները իրավասու են անարգել այցելել քրեակատարողական հիմնարկներ և մարմիններ, ծանոթանալ տարաբնույթ փաստաթղթերի բովանդակությանը, այդ թվում՝ ազատազրկվածի կամ քրեակատարողական մարմինների հսկողության տակ գտնվող անձի համաձայնությամբ՝ նրա անձնական գործին և գրագրությանը, բացի գաղտնի փաստաթղթերից, հիմնարկի իրավիճակին, ինչպես նաև հանդիպել ազատազրկվածներին և քրեակատարողական մարմինների հսկողության տակ գտնվող անձանց: Անհրաժեշտության դեպքում կարող է կատարվել ձայնագրում, լուսանկարում, տեսագրում՝ պահպանելով սույն Կարգով կամ Խմբի գործունեության էթիկայի կանոններով կամ իրավական այլ ակտերով նախատեսված դրույթները:

Խմբի ստեղծման պահից երբևէ այդ հիմքով խմբի աշխատանքները չեն խոչընդոտվել: Խոչընդոտները սկսվել են 2016 թվականին՝ քաղաքական հնչեղություն ունեցող գործերով (Վահան Շիրխանյան, Ժիրայր Սեֆիլյան, «Սասնա Ծռեր» և հարակից գործեր): Այնուհետև այդ արգելքը տարածվել է նաև մյուս կալանավորված անձանց նկատմամբ:

Դիտորդների Խումբը խստագույնս դատապարտում է իր աշխատանքների խոչընդոտմանն ուղղված նման գործելակերպը և Խմբի աշխատանքների սահմանափակումը դիտարկում է որպես կալանավորված անձի հավանական խոշտանգման ենթարկելու վերաբերյալ փաստերը թաքցնելու փորձ, քանի որ Խմբի լիազորությունների սահմանափակումը անօրինական է և կրում է անհատական բնույթ։

pmg.am

Մենք՝ ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս, մտահոգություն ենք հայտնում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի  նախարարության հեղինակած «ՀՀ Աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծի վերաբերյալ։

Ի կատարումն նախորդ կառավարության հանաձնարարականի՝ դեռևս 2017թ․ մշակվել է մի նախագիծ, որն, ըստ հեղինակների, միտված է գերփոքր ձեռնարկատիրությամբ զբաղվող գործատուների վարչական բեռի թեթևացմանը, սակայն գործնականում չի լուծում այդ խնդիրը, փոխարենը վատթարացնում է աշխատողի իրավական պաշտպանվածությունը գործատուների հետ բոլոր տեսակի հարաբերություններում։

Կարևորելով աշխատանքային հարաբերություններում կողմերի համագործակցությամբ սոցիալական ու տնտեսական խնդիրների շուրջ արդյունավետ և փոխշահավետ որոշումների կայացումը, այդուհանդերձ մտահոգություն ենք հայտնում նախագծի մի շարք կարգավորումների վերաբերյալ, որոնք կարող են հանգեցնել աշխատողների շահագործման և խտրականության դրսևորման պատճառ դառնալ։

Մասնավորապես, խիստ անընդունելի ենք համարում Նախագծով առաջարկվող կողմերի համաձայնությամբ արտաժամյա աշխատանքի կատարման հնարավորությունը՝ առանց տարեկան ժամային սահմանափակման, արտաժամյա և գիշերային աշխատանքների համար հավելումների նվազագույն շեմերի վերացումը, ծանր, վնասակար, առանձնապես ծանր և առանձնապես վնասակար աշխատանքների՝ օրենսդրությամբ սահմանված ցանկի և հավելումների նվազագույն շեմերի, ինչպես նաև լրացուցիչ արձակուրդների ցանկի և տևողության նվազագույն շեմերի վերացումը՝ դրա կարգավորումը թողնելով կողմերի համաձայնեցմանը  և այլն։

Նախագծի վերոնշյալ  կարգավորումների վերաբերյալ  բացասական կարծիք են հայտնել ոչ միայն  հասարակական կազմակերպությունները, այլև ՀՀ առողջապահական տեսչական մարմինը, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան, ինչպես նաև  Աշխատանքի միջազգային կազմերպության (ԱՄԿ) գրասենյակը, սակայն այդ կարծիքներն ու առաջարկությունները նախագծի լրամշակված տարբերակում տեղ չեն գտել։  Բացի այդ, նախագծի վերաբերյալ ԱՄԿ-ի մասնագիտական կարծիքը՝ «Տեխնիկական մեկնաբանությունները» մինչ օրս հրապարակված չեն և, ինչպես նախագծի, այնպես էլ դրանց շուրջ լայն հանրային քննարկում չի կազմակերպվել։

Հաշվի առնելով աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների բացասական ազդեցությունն աշխատանքնային իրավունքների պաշտպանության առումով, ինչպես նաև ելնելով նախագծի մշակման մասնակցային գործընթացի անհրաժեշտությունից՝ խնդրում ենք ողջամիտ ժամկետով հետաձգել «Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումն ու ընդունումը, կազմակերպել լայն հանրային քննարկումներ շահագրգիռ հանրության և ոլորտում մասնագիտացած բոլոր կառույցների հետ, ինչպես նաև փորձագիտական և հանրային հետազոտությունների միջոցով վերհանել և ներկայացնել հիմնավոր առաջարկություններ գործող  օրենսգրքի վերաբերյալ։ Բացի այդ, աշխատանքային իրավունքների երաշխիքների շարունակական ամրապնդումը պետք է ամրագրվի կառավարության կողմից մշակվող նոր ծրագրով՝ որպես պետության զարգացման կարևորագույն ուղղություններից մեկը։ անհրաժեշտ է աշխատանքի և սոցիալական քաղաքականության ոլորտում նախատեսվող փոփոխություններն ամրագրել նորաստեղծ կառավարության կողմից մշակվող նոր ծրագրով՝ որպես ուղենիշային փաստաթուղթ աշխատանքային օրենսդրության արմատական փոփոխությունների համար։

Համագործակցության ակնկալիքով ՝

«Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ» ՀԿ (APR Group)

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Բաց հասարակության հիմնադրամներ- Հայաստան

Եղեգնաձորի Քաղաքացիական-Երիտասարդական կենտրոն

Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ ՀԿ

ՕքսԵՋեն հիմնադրամը

Իմ իրավապաշտպանը ՀԿ

Տաթևիկ ՀԿ

Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն ՀԿ

Նոր Սերունդ Մարդասիրական ՀԿ

Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիա Էջմիածնի մասնաճյուղ

Գորիսի Մամուլի ակումբ ՀԿ

Կանանց իրավունքների կենտրոն ՀԿ

Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ

Սպառողների աջակցության կենտրոն ՀԿ

Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք ՀԿ

Սպառողների խորհրդատվության կենտրոն ՀԿ

Շողեր միություն ՀԿ

Արծվաբույն Զեյթուն հայրենակցական միություն ՀԿ

Հավասարության ինդեքս իրավապաշտպան ՀԿ

Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն ՀԿ

Առողջապահություն և աշխատանք ՀԿ

Լոռե էկո-ակումբ ՀԿ

Ընդդեմ իրավական կամայականության ՀԿ

«Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոն

Կանանց Զարգացման Ռեսուրս կենտրոն Հիմնադրամ

Երեխաների հասարակություն մանկապատանեկան ձեռնարկումների աջակցության կենտրոն ՀԿ

Լուկաշին գյուղատնտեսական ասոցիացիա

Հարկ վճարողների և գործարարների իրավունքների պաշտպանության ՀԿ

Մարտունու կանանց համայնքային խորհուրդ ՀԿ

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն ՀԿ

Քալրֆուլ Հաուս ՀԿ

Հանրային լրագրության ակումբ

Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ

Խաղաղության երկխոսություն ՀԿ

Սոսե Կանանց Հիմնահարցեր ՀԿ

Խորան Արդ ինտելեկտուալ կենտրոն ՀԿ

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ

Հյուման Ռայթս Հաուս Երևան

Գավառի Քաղաքացիական-Երիտասարդական կենտրոն

Կապանի Քաղաքացիական-Երիտասարդական կենտրոն

Հրազդանի Քաղաքացիական-Երիտասարդական կենտրոն

Սպիտակի Հելսինկյան խումբ ՀԿ

Հանրային քաղաքականության ինստիտուտ ՀԿ

Քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ կազմակերպություններս ողջունում ենք ժողովրդի հաղթանակը և կարևորում ենք քաղաքացիական ինքնագիտակցության և արժանապատվության զարթոնքը։

Գնահատելի են պատասխանատու, թափանցիկ և հաշվետու կառավարում իրականացնելու համար վարչապետի հռչակած սկզբունքները։

Մենք գիտակցում ենք անցումային ժամանակահատվածում նոր կառավարության առջև ծառացած խնդիրների ծանրությունը և սպասվող աշխատանքի դժվարությունը։

Նախորդ կառավարությունից ժառանգած թույլ  տնտեսությունը, ահռելի պետական պարտքը, սահմանափակ ռեսուրսները, անարդյունավետ ենթակառուցվածքները, ինչպես նաև կառավարման համակարգում առկա ներքին հնարավոր իրական խոչընդոտներն այն մարտահրավերներն են,  որոնք պետք է հաղթահարվեն նորաստեղծ կառավարության կողմից։ Երկրի հասարակական-քաղաքական կյանքում իրականացված փոփոխություններն, անշուշտ, կարևորագույն ձեռքբերումներ են, սակայն դեռևս լիարժեք հաղթանակ չեն։ Նախորդ համակարգի արատավոր երևույթներն ու անարդյունավետ կառավարման հետևանքները  դեռևս անհրաժեշտ է ամբողջությամբ արմատախիլ անել։

Սրանով հանդերձ, վստահ ենք, որ նման խնդիրները կարող են ժամանակավոր բնույթ կրել, և դրանք հնարավոր կլինի հաղթահարել՝ անցկացնելով համապարփակ գնահատում բոլոր ոլորտներում կատարած ծրագրերի և ծախսված գումարների, ինչպես նաև իրացնելով կառավարման արդարացի, թափանցիկ և հաշվետու գործունեության իրական սկզբունքները։

Մենք պատրաստակամ ենք աջակցելու նոր ձևավորված կառավարությանը՝ հաղթահարելու առկա խնդիրները, միաժամանակ հավատարիմ ենք մնալու մեր գործունեության հիմնական սկզբունքներին և օրակարգին։

Մենք շարունակելու ենք ուշադրության կենտրոնում պահել այնպիսի  օրակարգային հարցեր, ինչպիսիք են՝ մարդու իրավունքները, կոռուպցիայի դեմ պայքարը, դատական իշխանության անկախությունը, ազատ և մրցակցային տնտեսական հարաբերությունների զարգացումը։

 

Հայտարարությունը բաց է միանալու համար։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Հայաստանի Հելսինկյան կոմիտե

Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ

Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան

Հանուն հավասար իրավունքների ՀԿ

Համայնքների ֆինանսիստների միավորում ՀԿ

Հանրային քաղաքականության ինստիտուտ ՀԿ

«Ամբրելլա միջազգային լրագրողների ցանց» ՀԿ

Իրավունքի պաշտպանության առանց սահմանների ՀԿ

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն ՀԿ

«Էկոլուր» տեղեկատվական ՀԿ

Ընդդեմ իրավական կամայականության ՀԿ

Նոր Սերունդ Մարդասիրական ՀԿ

Շիրակ Կենտրոն ՀԿ

Գորիսի մամուլի ակումբ

«Սոսե» Կանանց Հիմնահարցեր ՀԿ

Վանաձորի քաղաքացիական երիտասարդական կենտրոն 

Հանրային լրագրության ակումբ

Իրավունքների տեղեկատվական կենտրոն ՀԿ

Իջևանի քաղաքացիական երիտասարդական կենտրոն

ՙՙՕքսԵՋեն՚՚ կանանց և երիտասարդության շահերի պաշտպանության հիմնադրամ

Սոցիալական արդարություն ՀԿ

Երեխաների հասարակություն. մանկապատանեկան ձեռնարկումների աջակցության կենտրոն ՀԿ

Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ

Կանանց աջակցման կենտրոն

«Գործընկերություն և ուսուցում»/ԳՈՒՄ ՀԿ

Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն ՀԿ

Անմեղության հայկական ծրագիր ՀԿ

Կանանց իրավունքների կենտրոն

Կապանի քաղաքացիական երիտասարդական կենտրոն

Խաղաղության երկխոսություն ՀԿ

Գորիսի կանանց զարգացման «Ռեսուրս կենտրոն» հիմնադրամ

Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիա

Անահիտ Բեգլարյան, փաստաբան

«Քալրֆուլ Հաուս» Սոցիալ-մշակութային և իրավապաշտպան ՀԿ

Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն ՀԿ

Մարտունու կանանց համայնքային խորհուրդ ՀԿ

«Շողեր միություն» սոցիալ-կրթական ՀԿ

Հայաստանի համայնքների միություն

Իրավունքի Եվրոպա միավորում ՀԿ

Արծվաբույն Զեյթուն ՀՄ

Արմավիրի զարգացման կենտրոն ՀԿ

Երիտասարդ ժուռնալիստների ասոցիացիա ՀԿ

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Եղեգնաձորի քաղաքացիական երիտասարդական կենտրոն

«Խազեր» էկոլոգամշակութային ՀԿ

Սպառողների աջակցման կենտրոն ՀԿ

Լոռե էկո-ակոմբ ՀԿ

«Հույսի կամուրջ» ՀԿ

«Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ

Խորան Արդ ինտելեկտուալ կենտրոն ՀԿ

Համայնքի Զարկերակ ՀԿ

Գյումրու քաղաքացիական երիտասարդական կենտրոն

 Ինչպես հայտնի է, Հայաստանի Հանրապետության վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանը, որպես ստեղծված աննախադեպ քաղաքական ճգնաժամի հնարավոր լուծում, առաջարկել է անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

Այդ կապակցությամբ, Հայաստանում տեղի ունեցած ընտրությունների ժամանակ բազմիցս դիտորդական առաքելություն իրականացրած (այդ թվում՝ «Քաղաքացի դիտորդ» և «Անկախ դիտորդ» դաշինքների անդամ հանդիսացող) ներքոստորագրյալ հասարակական կազմակերպությունները, հաշվի առնելով իրենց՝ ընտրախախտումների դեմ նախկինում ունեցած պայքարի փորձը, հավատացած են, որ  Հայաստանի ներկայիս գործադիր իշխանությունը, առավելևս՝ գործող իրավակարգավորումներով, չի կարող իրականացնել ժողովրդավարական չափանիշներին համապատասխան ազատ, մրցակցային և թափանցիկ ընտրություններ։

Մասնավորապես համարում ենք, որ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, Ոստիկանությունը, Հատուկ քննչական ծառայությունը, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն ու դատական համակարգը նախկինում բազմիցս կոծկել են ընտրախախտումների դեպքերը (կամ ուղղակիորեն իրականացրել ընտրախախտումներ), և որևէ հիմք չունենք ենթադրելու, որ տասնամյակներ տևած այս գործելաոճը այժմ կփոխվի։

Ավելին՝ գործող գործադիր իշխանությունը նախորդ բոլոր ընտրությունների ժամանակ լայնածավալ կերպով չարաշահել է վարչական ռեսուրսը և հայաստանցիների աչքերում արժեզրկել ընտրությունների ինստիտուտը: Եվ մենք չենք տեսնում որևէ արժանահավատ փաստ, որը հիմք կտա ենթադրելու, որ գործող գործադիրը չի կրկնի նույն գործելաոճը:

Ժողովրդավարական չափանիշներին համապատասխան, ազատ, մրցակցային և թափանցիկ ընտրություններ անցկացնելու համար անհրաժեշտ են ժողովրդավարական լծակներն ու հավասար մրցակցությունը ապահովող իրավակարգավորումներ, վարչական ռեսուրսը չչարաշահող գործադիր իշխանություն, գործընթացը օրենքի տառին համապատասխան կազմակերպող ԿԸՀ-ի կազմ, մրցակցային հեռարձակումն ապահովող ՀՌԱՀ-ի կազմ, ընտրախախտումների դեմ արդյունավետ պայքարող քրեական հետախուզման ու քննչական մարմինների ղեկավարներ, ինչպես նաև ընտրական վեճերը արդար կերպով լուծող անկախ դատարաններ:

Նշված նախապայմանները չապահովելու դեպքում դժվար է ակնկալել 2017 թվականի խորհրդարանական ընտրություններից որակապես տարբերվող ընտրություններ, որոնց արդյունքում կձևավորվի հանրային վստահությունը արտահայտող Ազգային ժողով:

Հելսինկյան քաղաքացիական ասամբեայի Վանաձորի գրասենյակ

Իրազեկ քաղաքացիների միավորում

Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

Հայաստանի հելսինկյան կոմիտե

2018 թվականի ապրիլի 25-ին իրավապաշտպան հասարակական կազմակերպությունները շարունակում են ահազանգեր ստանալ խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ հետապնդումների մասին:

Մասնավորապես՝ հավաքի առանձին մասնակիցների տարբեր կարգավիճակով՝ վկա, կասկածյալ, մեղադրյալ, հրավիրում են քննչական մարմիններ՝ իբր քննչական գործողություններ իրականացնելու: Ինչով փաստացի սահմանափակում են և խոչընդոտում քաղաքացիների՝ հավաքների մասնակցության իրավունքը:

Հիշեցնենք, որ 2018 թվականի ապրիլի 18-ին ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը վարույթ ընդունեց ՀՀ Քրեական օրենսգրքի 225-րդ (զանգվածային անկարգություններ) և ՀՀ Քրեական օրենսգքի 225.1-րդ հոդվածներով (օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքներ կազմակերպելը) հարուցված քրեական գործը: Այս գործի շրջանակներում 2018 թվականի ապրիլի 22-ին ձերբակալվեցին հավաքի ակտիվ մասնակիցներ Արմեն Գրիգորյանը, իսկ 2018 թվականի ապրիլի 22-ին Դավիթ Սանասարյանը: 2018 թվականի ապրիլի 23-ին Լևոն Բարսեղյանը կալանավորվեց, իսկ Ազգային ժողովի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը և Սասուն Միքայելյանը «առևանգվեցին» հավաքի վայրից:

Ապրիլի 17-23 ընկած ժամանակահատվածում ավելի քան 1000 հավաքի մասնակիցներ բերման ենթարկվեցին ոստիկանության տարբեր բաժիններ, որտեղ նրանք պահվեցին մինչև 11 ժամ առանց որևէ իրավական հիմքի և բացատրության: Ազատազրկված անձանցից շատերը տեղեկացրեցին իրենց նկատմամբ ոստիկանների կողմից կիրառված բռնությունների, վատ վերաբերմունքի մասին:

Բերման ենթարկված քաղաքացիների զգալի մասը հարցաքննվեցին կասկածյալի կամ վկայի կարգավիճակով: Ինչպես արդեն ահազանգել էինք քննիչների կողմից նրանց ուղղվում էին 28 հարցից բաղկացած ստանդարտեցված և ուղղորդված հարցեր:

Ըստ ՀՀ Քննչական կոմիտեի և ՀՀ Հատուկ քննչական ծառայության պաշտոնական տեղեկությունների՝ ավելի քան 67 մարդ ձերբակալվեց և նրանք անազատության մեջ մնացին ավելի քան 48 ժամ:

Այսպիսով, չնայած ազատության մեջ են «Քայլ արա» շարժման նախաձեռնողները և աջակիցները, սակայն նրանց նկատմամբ քրեական հետապնդումը շարունակվում է:

Պահանջում ենք անհապաղ դադարեցնել անհիմն քրեական հետապնդումը, կարճել քրեական գործը և դադարեցնել քննչական գործողությունների միջոցով անձանց ապօրինի հետապնդումները:

Միաժամանակ, չնայած բազմաթիվ փաստերին, հաղորդումներին, տեսանյութերին, մինչ այժ հայտնի չեն հավաքի խաղաղ մասնակիցների նկատմամբ ոստիկանության անօրինական գործողությունների համար հարուցված քրեական գործերի, նրանց պատասխանատվության ենթարկելու գործողությունների մասին:

Պահանջում ենք՝ անմիջապես քննություն սկսել 2018 թվականի ապրիլի 13-ից 23-ը հավաքի մասնակիցների նկատմամբ ոստիկանության, առանձին սադրիչների, քաղաքացիական հագուստով ոստիկանների անօրինական գործողությունների մասին: Ինչպես նաև, նախաքննության մարմինների կողմից ապօրինի քրեական գործի հարուցման, ապացույցների փաստերի առթիվ:

Միաժամանակ, անհրաժեշտ ենք համարում նշել, որ առանձին մարզերից ահազանգեր են ստացվում խաղաղ հավաքների մասնակցության ցանկություն ունեցող աշխատողների, մասնավորապես մանկապարտեզների և դպրոցների, աշխատողների նկատմամբ ճնշումների մասին: Վերջիններիս արգելում են դուրս գալ և մասնակցել հավաքներին:

Այս պահին 2018 թվականի ապրիլի 25-ին ժամը 12:30-ի դրությամբ ՀՀ ոստիկանության ներքին զորքերը տեխնիկա է կենտրոնացնում Երևան քաղաքի կենտրոնական հատվածներում:

Գտնում ենք, որ իշխանությունների և իրավապահ մարմինների կողմից նշված գործողությունները անհամաչափ են և ոչ իրավաչափ, կարող են անհարկի լարվածություն առաջացնել:

Հիշեցնենք, որ 2018 թվականի ապրիլի 24-ին քաղաքացիների բազմահազարանոց ցույցը դեպի Ծիծառնակաբերդ ընթացավ առանց որևէ խախտման, ինչը վկայում է ՀՀ քաղաքացիների՝ խաղաղ ցուցարարների կողմից բացառիկ օրինապահության մասին:

Պահանջում ենք ՀՀ գործող իշխանություններից և իրավապահ մարմիններից զերծ մնալ անհամաչափ գործողություններից, հրաժարվել խաղաղ ցուցարարների նկատմամբ  հոգեբանական,  ֆիզիկական ճնշման փորձերից:

Հայտարարությունը պատրաստվել է Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների և Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ հասարակական կազմակերպությունների կողմից:

Հայտարարությանը միացած կազմակերպություններ.
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ
Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան
Իրավունքի Ուժ ՀԿ
Հանրային լրագրության ակումբ
Քալրֆուլ Հաուս Սոցիալ-մշակութային և իրավապաշտպան ՀԿ
ԷկոԼուր տեղեկատվական ՀԿ
Իրական աշխարհ, իրական մարդիկ ՀԿ
Կանանց ներուժի զարգացման կենտրոն Հկ
Ներուժ զարթոնքի ՀԿ
Անմեղության հայկական ծրագիր ՀԿ
Հանուն հավասար իրավունքների ՀԿ
Հյուման Ռայթս Հաուս Երևան իրավապաշտպան ՀԿ
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե
«Սոսե» կանանց Հիմնահարցեր ՀԿ
Ընդդեմ իրավական կամայականության ՀԿ
Կանանց ռեսուրսների կենտրոն
Լրագրողներ հանուն ապագայի ՀԿ
Իրազեկ քաղաքացիների միավորում
«Խազեր» էկոլոգամշակութային ՀԿ
«Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ
«Սի-Փի-Այ» հայկական կենտրոն
Հրազդանի քաղաքացիական -երիտասարդական կենտրոն
Արտաշատի քաղաքացիական -երիտասարդական կենտրոն

21 ապրիլի, 2018թ., ժամը 19:00 Երևան

ՄԱԿ-ին, Եվրոպայի խորհրդին, ԵԱՀԿ-ին, Եվրահանձնաժողովին, ՀՀ-ում դիվանագիտական առաքելություններին

ՀՐԱՏԱՊ ԴԻՄՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Մենք` Հայաստանի քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ ներկայացուցիչներս, կցանկանայինք ձեր ուշադրությունը հրավիրել Հայաստանի քաղաքական իրավիճակի վրա, որը հստակ առճակատում է առկա բռնակալական կոռումպացված վարչակարգի և ժողովրդավարության հույսի միջև:

Մինչև 2015թ. Հայաստանի Հանրապետությունն ուներ կիսանախագահական կառավարման համակարգ, որը նախատեսում է երկրի նախագահի ուղղակի ընտրություն` առավելագույնը պաշտոնավարման երկու ժամկետով: Պաշտոնավարման երկու ժամկետի ավարտից հետո իշխանությունը պահելու նպատակով նախագահ Սերժ Սարգսյանը սահմանադրական փոփոխություն իրականացրեց 2015 թ. դեկտեմբերին լայնածավալ կեղծիքներով իրականացված հանրաքվեի միջոցով:

Նոր սահմանադրության համաձայն` Հայաստանի կառավարման համակարգը փոխվեց խորհրդարանականի: Դրանով ՀՀ Ազգային ժողովում հաստատվեց մեկ կուսակցության կայուն մեծամասնություն, վերացվեցին երկրի ղեկավարի ուղղակի ընտրությունները, և նվազեցվեցին նախագահի լիազորությունները` հիմնական իշխանությամբ օժտելով վարչապետին, որն ընտրվում է խորհրդարանական մեծամասնություն կողմից: Նոր սահմանադրությունն ակնհայտորեն միտված է ամրապնդելու Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) գերիշխող դիրքը և Սարգսյանի պաշտոնավարման  շարունակականությունը` իշխանությունը պահելով որպես «սուպերվարչապետ» թե՛ խորհրդարանի և թե՛ քաղաքացիների նկատմամբ ավելացված լիազորություններով և նվազեցված հաշվետվողականությամբ: 2017թ. ապրիլի խորհրդարանական ընտրությունների արդյունքում, որոնք աչքի ընկան համատարած ընտրակաշառքով և վերահսկվող քվեարկությամբ, ինչպես նաև ուժեղ ընդդիմության բացակայությամբ, ՀՀԿ-ն ստացավ խորհրդարանական մանդատների մեծամասնությունը ՀՀ Ազգային ժողովում և ուղի հարթեց, որ Սարգսյանը երրորդ անգամ պաշտոնավարի որպես պետության ղեկավար:

2018 թ. մարտի կեսից սկսած քաղաքացիական հասարակության խմբերը սկսեցին քարոզարշավ Սարգսյանի որպես վարչապետ հնարավոր առաջադրումն կանխելուն ուղղված, որպեսզի Հայաստանը չվերածվի ցմահ բռնապետության,  ինչը նախկին խորհրդային երկրներին բնորոշ միտում է: Իրարից անկախ բողոքի ցույցեր սկսեցին անցկացվել տարբեր խմբերի, մասնավորապես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, «Մերժի’ր Սերժին» և «Հանուն Հայաստան պետության» ճակատ նախաձեռնությունների կողմից, որոնք բավականին արագ արժանացան հայ ժողովրդի լայն աջակցությանը: Նախագահ Սարգսյանի պաշտոնավարման տասնամյա ժամկետից դժգոհ լինելով` տասնյակ հազարավոր քաղաքացիներ դուրս եկան փողոց: Սկսած ապրիլի 13-ից` մի քանի օր ու գիշեր շարունակ ցուցարարները պահում էին Երևանի կենտրոնում գտնվող Ֆրանսիայի հրապարակը և խաղաղ երթեր էին կազմակերպում փողոցներում, հրապարակներում և կամուրջներում` կաթվածահար անելով քաղաքի երթևեկությունը և ժամանակավորապես շրջափակելով կառավարական շենքերը` պատգամավորների վրա ազդելու և նրանց քվեարկությունը Սարգսյանի թեկնածության օգտին կանխելու համար:

Շրջապատված լինելով ոստիկանության ջոկատաշղթայով, ոստիկանության ծանր տեխնիկայով ու փշալարերով` Հայաստանի խորհրդարանն ապրիլի 17-ին Սերժ Սարգսյանին ընտրել է որպես նոր վարչապետ բաց քվեարկությամբ` ձայների պարզ մեծամասնությամբ: Տասնյակ հազարավոր քաղաքացիներ ցույցի էին դուրս եկել ոստիկանության ջոկատաշղթայի դիմաց: Ի պատասխան` ոստիկանությունը հավաքի մասնակիցների նկատմամբ հատուկ միջոցներ կիրառեց` նետելով լուսաձայնային նռնակներ: Դրա հետևանքով ընդհանուր առմամբ 46 հոգի վիրավորվեց: Առնվազն 60 ցուցարարներ հարձակման, ծեծի և բերման ենթարկվեցին, ոստիկանական բաժանմունքներ տարվեցին առավոտյան և պահվեցին այնտեղ մինչև Ազգային ժողովի նիստի ավարտը` այդ կերպ խախտելով հանրային հավաքների մասին օրենքը: Մատնանշում ենք, որ սա երրորդ անգամն է, որ Սերժ Սարգսյանը պետական բարձր պաշտոն է ստանձնում խաղաղ ցույցի նկատմամբ կիրառած  խժդժության և ոստիկանության բռնարարքների արդյունքում:

Ազգային ժողովում Սարգսյանի ընտրությունից հետո  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ, պատգամավոր Նիկոլ Փաշինյանը կոչ արեց խաղաղ քաղաքացիական  անհնազանդության ողջ երկրում: Այն լայն արձագանքի արժանացավ ոչ միայն Երևանում, այլև այլ քաղաքներում, ինչպիսիք են Վանաձորը, Գյումրին, Արմավիրը, Գավառը, Հրազդանը և այլն: Բազմահազարանոց խաղաղ ցույցեր սկսեցին ընդդեմ բռնակալության ամրապնդման հեռանկարի: Ի պատասխան խաղաղ ցույցերի` ոստիկանությունը անհամաչափ ուժ և ակնհայտ բռնարարքներ իրականացրեց: Չորս օրվա ընթացքում ավելի քան 500 ցուցարարներ, ներառյալ անչափահասներ, ենթարկվել են հարձակման, դաժան ծեծի, բերման են ենթարկվել ոստիկանական բաժիններ և կալանավորվել են հաճախ օրենքով սահմանված 3 ժամից ավելի պահվելուց հետո, առանց հետաքննության և արդար դատաքննության: Շատ ցուցարարներ և մասնավորապես դպրոցականներ ծեծի են ենթարկվել և բերման են ենթարկվել քաղաքացիական հագուստով ոստիկանության աշխատակիցների կողմից առանց պետհամարանիշների մեքենաներով: Լրագրողներն ու փաստաբանները ևս ոստիկանության կողմից բռնությունների են ենթարկվել:

Խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնարարքներ գործադրելուն զուգահեռ` ոստիկանությունը զարմանալի հանդուրժողականություն և համագործակցություն է ցուցաբերել կազմակերպված հանցագործների հրոսակախմբերի նկատմամբ: Մասնավորապես, եղել են դեպքեր, երբ տասնյակ ոստիկաններ անվրդով ականատես են եղել գործողությունների, որոնց ընթացքում հանցավոր խառնամբոխը փողոցներում բռնարարքներ են գործել և վնասել հանրային գույքը, անուշադրության են մատնել առանց պետհամարանիշների բազմաթիվ ավտոմեքենաների երթևեկությունը փողոցներում: Ուշագրավ է, որ քրեական մեղադրանքներ են առաջադրվել խաղաղ ցուցարաների նկատմամբ, իսկ  հանցագործների նկատմամբ ոչ մի գործ չի հարուցվել:

Թեպետ քաղաքացիական անհնազանդությունը մեծ չափով առաջնորդվել է ընդդիմադիր կուսակցության առաջնորդի կողմից, շարժումը ոչ կուսակցական է իր բնույթով: Դրա հիմնական նպատակն է կանխել Սարգսյանի երրորդ և ցմահ պաշտոնավարումը որպես երկրի ղեկավար, ինչը երկիրը կտանի երկարաժամկետ բռնապետության: Ֆրիդոմ Հաուսի վերջին` «Անցումային փուլում գտնվող պետություններ 2018թ. դիմակայելով ոչ ազատականությանը»  զեկույցի համաձայն`  նախորդ տարվա համեմատությամբ Հայաստանի համաթիվը 2018թ․ վատթարացել է: Այս ցուցանիշով Հայաստանը շարունակում է մնալ որպես կիսակոնսոլիդացված ավտորիտար վարչակարգով երկիր: Հետևաբար, Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությումնները պահանջագիր են ներկայացրել` պահանջելով Սերժ Սարգսյանի պաշտոնանկությունը:

Ինչ էլ տեղի ունենա Հայաստանում, պայքարը մղվում է հանուն ժողովրդավարության և ընդդեմ կոռումպացված վարչակարգի: Էներգիայի այս պոռթկումը հետևանք է 1995թ․ ի վեր քաղաքացիների քաղաքական իրավունքների շարունակական ճնշման, և հստակ պահանջ է դրված արտահայտելու ժողովրդի ձայնը ազատ և արդար ընտրություններում:

Մենք կոչ ենք անում միջազգային կազմակերպություններին և այն երկրներին, որոնք աջակցում են ժողովրդավարական արժեքներին և ժողովրդավարական համակարգերին` սատարելու հայ ժողովրդի պայքարը հանուն ավելի լավ ապագայի:

Ցմահ բռնապետերը չպետք է ճանաչվեն և պետք է դատապարտվեն ժողովրդավարության ջատագովների կողմից:

Խաղաղ հավաքների ազատությունը պետք է պաշտպանվի Հայաստանի պետության կողմից, իսկ իրավիճակի ցանկացած վատթարացման ու հետևանքների պատասխանատվությունը ընկնում է Սերժ Սարգսյանի վրա:

Քաղաքացիական հասարակության կազմակերպություններ

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ
«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ
Բաց Հասարակության Հիմնադրամներ-Հայաստան
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
Հայաստանի Հելսինկյան կոմիտե
Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն ՀԿ
Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք (ՓԻՆՔ Արմենիա)
«Նոր Սերունդ» մարդասիրական ՀԿ
«Իրավունքի ուժ» իրավապաշտպան ՀԿ
Մարտունու կանանց համայնքային խորհուրդ ՀԿ
Մեդիա նախաձեռնությունների կենտրոն ՀԿ
«էլեգիա» կրթա-մշակութային ՀԿ
«Քալրֆուլ Հաուս» սոցիալ-մշակութային և իրավապաշտպան ՀԿ
Էկոտուրիզմի ասոցիացիա ՀԿ  
«Էկոիրավունք» ՀԿ
«Հակաստվեր» ՀԿ
Հայ առաջադեմ երիտասարդություն ՀԿ
Կանանց աջակցման կենտրոն ՀԿ
«Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն» ՀԿ
«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ
Գորիսի մամուլի ակումբ ՀԿ
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ
«Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության ՀԿ
«Լոռե էկո» ակումբ ՀԿ
«Շողեր միություն» սոցիալ-կրթական ՀԿ
«Խազեր» էկոլոգամշակութային ՀԿ
«Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ
«Ազատ քաղաքացի» ՀԿ
«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ
Կանանց ռեսուրսային կենտրոն ՀԿ
«Ֆեմիդա» ՀԿ
«Սոցիոսկոպ» հասարակական ուսումնասիրությունների եւ խորհրդատվության կենտրոն
Հյուման ռայթս հաուս Երևան
ԳԱԼԱ հեռուստաստուդիա
«Իմ պաշտպանը» ՀԿ
«Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» ՀԿ
«Հանուն հավասար իրավունքների» ՀԿ

Լայնածավալ և կազմակերպված կեղծիքներով, ընտրողների ազատ կամքի և իրավունքների զանգվածային սահմանափակումներով և ոտնահարումներով, համատարած ընտրակաշառքի և վարչական ռեսուրսների շարունակական չարաշահման միջոցով 2015թ. դեկտեմբերի հանրաքվեով պարտադրված Սահմանադրական փոփոխությունների, նույն մեթոդների կիրառման արդյունքում 2017թ. ապրիլին ձևավորված ՀՀ Ազգային ժողովում ձեռք բերելով մեծամասնություն՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը զավթեց իշխանությունը, իսկ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը 2018. ապրիլի 17-ին երրորդ անգամ անընդմեջ որոշեց ղեկավարել պետությունը:  

Նախորդ տասը տարիների ընթացքում ՀՀ նախագահի պաշտոնում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետությունից անվերադարձ արտագաղթել է 350,000-ից ավել մարդ, ՀՀ բնակչության շուրջ 30 տոկոսը շարունակում է մնալ աղքատ, շարունակական բնույթ են ունեցել  մարդու իրավունքների խախտումները, քաղաքական հետապնդումներն ու բանտարկությունները, համակարգային կոռուպցիան մնում է որպես կառավարման հիմնական մեխանիզմ, որի հետևանքով 2016թ. ապրիյան պատերազմական գործողությունների ընթացքում զոհվեցին հարյուրից ավել երիտասարդներ:

Հայաստանի Հանրապետությունում իշխում է անպատժելիության, այլ ոչ թե իրավունքի գերակայության սկզբունքը:

Առաջնորդվելով այն համոզմունքով, որ քաղաքացիներն, իրացնելով Սահմանադրությամբ իրենց պատկանող իշխանությունը, ցանկացած ժամանակ իրավունք ունեն ոտքի կանգնելու ոչ ժողովրդավարական գործընթացների դեմ՝ մեր աջակցությունն ենք հայտնում այս օրերին Երևանում և Հայաստանի Հանրապետության տարբեր քաղաքներում տեղի ունեցող քաղաքացիական անհնազանդության շարժմանը և բողոքի ցույցերին:

Մենք՝ ներքոստագրյալ հասարակական կազմակերպություններս և գործիչներս, գտնում ենք, որ անթույլատրելի է Սերժ Սարգսյանի կողմից վարչապետի պաշտոնի ստանձնումը և երրորդ անգամ անընդմեջ նրա կողմից պետության ղեկավարումը:

2018թ. ապրիլի 21

Հայտարարությանը միացած կազմակերպությունների և անհատների ցանկը ԱՅՍՏԵՂ

«Իրավապաշտպանների միասնական թեժ գծի» փաստաբաններն ահազանգում են խաղաղ հավաքների մասնակիցներին անօրինական բերման ենթարկելու, սահմանված ժամկետից երկար անազատության մեջ պահելու և Հատուկ քննչական ծառայությունում 2018թ. ապրիլի 16-ին հարուցված թիվ 13199318 քրեական գործով որպես վկա ապօրինի կերպով հարցաքննվելու մասին։

Բերման ենթարկված անձանց մեծ մասը ոստիկանության բաժիններում «ձեռք են բերում» վկայի կարգավիճակ առանց ծանուցման և հարցաքննվում են վերոնշյալ գործի շրջանակում, մինչդեռ տվյալ գործով երբևէ ծանուցված չեն եղել ներկայանալու և ցուցմունք տալու մասին։

Ավելին, վկաները հարցաքննվում են նաև ապրիլի 17-18-ին տեղի ունեցած դեպքերի առնչությամբ, մինչդեռ ՀՔԾ-ում քրեական գործը հարուցվել է ապրիլի 13-16-ը ընկած դեպքերի հիման վրա։

Բացի այդ, հարցաքննությունն իրականացվում է նախապես կազմված միասնական հարցաշարի հիման վրա, որտեղ քննիչները հանդես են գալիս որպես «հարցազրուցավար»՝ տեղյակ չլինելով գործի փաստական հանգամանքներից։

Պահանջում ենք քննչական մարմիններից ապահովել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված ընթացակարգերը։

 

«Իրավապաշտպանների միասնական թեժ գիծ»

19.04.2018թ.

Իրադարձությունների արխիվ
Հրապարակումների արխիվ
Միջոցառումների արխիվ
April 2019
M T W T F S S
« Sep    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930