ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցն իր խոսքում ողջունեց քննարկմանը մասնակցող զինծառայողներին քաղաքացիական խիզախություն դրսևորելու և իրենց իրավունքների ու արժանապատվության պաշտպանության դիրքերից հանդես գալու համար՝ դա համարելով բացառիկ դեպք: Ապա անդրադառնալով քննարկման թեմային՝ նշեց, որ սա պետության քաղաքական պատասխանատվության հարցն է և պահանջում է համակարգային լուծում: Այս տեսանկյունից Ա. Սաքունցը անհրաժեշտ համարեց նաև օրենսդրական համապատասխան  փոփոխություններ կատարել:

Մանրամասները Մեդիա կենտրոնի տեսանյութում.

DSC_00642017 թ. փետրվարի 21-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը կազմակերպել էր քննարկում «Մարդու իրավունքների խախտումների վիճակը ոստիկան-քաղաքացի հարաբերություններում 2016 թ.-ին» թեմայով:

Քննարկմանը հրավիրված էին իրավասու պետական մարմինների, միջազգային կազմակերպությունների, դեսպանատների, հիմնադրամների և տեղական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Բացման խոսքով հանդես եկավ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը՝ ներկայացնելով քննարկման նպատակը: Նա նշեց, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ոստիկանություն-քաղաքացի հարաբերություններում մարդու իրավունքների խախտումների վիճակը ուսումնասիրել է տարբեր գործիքներով՝ իրավապահ մարմինների կամայակության և վստահության համաթվի, զանգվածային լրատվամիջոցների հրապարակումներով ներկայացված փաստերի վերլուծության և Կազմակերպություն դիմած քաղաքացիների ներկայացրած բողոքների տվյալների միջոցով: Ապա ընդգծեց՝ մենք արձանգրում ենք փաստեր, որոնց վերլուծության հիման վրա ներկայացնում ենք մեր մտահգություններն ու պահանջները՝ ուղղված ոստիկանությանն ու իշխանություններին:

ՀՀ իրավապահ մարմինների գործունեությունը բնորոշող համաթվերի վերաբերյալ ուսումնասիրությունը ներկայացրեց սոցիոլոգ Ռուբեն Սարգսյանը: Հետազոտությունը ՀՀ ողջ տարածքում իրականցվել է արդեն երկրորդ անգամ: Ներկայացվեց 2015 և 2016 թթ.-ի համեմատական վերլուծությունը:

Հարցված քաղաքացիների ընկալմամբ իրավապահ մարմինների կամայականության համաթիվը 2015-ի համեմատությամբ 2016-ին նվազել է 7 նիշով:

Ըստ մարզերի առավել մեծ չափով իրավական կամայականության համաթիվը նվազել է (այսինքն՝ ոստիկանության կողմից քաղաքացիների նկատմամբ կամայականություններն աճել են) Լոռու, Արմավիրի և Արարատի մարզերում, և աճել է (ոստիկանական կամայականությունները նվազել են) Սյունիքի և Տավուշի մարզերում:

Ռ. Սարգսյանը ներկայացրեց նաև իրավապահ մարմինների կամայականության տեսակետից առավել խոցելի խմբի ընդհանուր բնութագիրը: Համաձայն 2016թ. իրականացված հետազոտության արդյունքների՝ իրավապահ մարմինների կամայականություններից առավել խոցելի են քաղաքային համայնքներում բնակվող, արական սեռի, 36-60 տարեկան տարիքային խմբի, ետբուհական կրթություն ունեցող, իրենց սոցիալապես անապահով ընկալող խմբի ներկայացուցիչները:  2015թ. արդյունքների համեմատ պատկերը  տարբերվում է միայն տարիքային (55 տարեկանից բարձր) և կրթական (թերի բարձրագույն, բարձրագույն և ետբուհական (գիտական աստիճան) բնութագրերով:

2016-ին, փորձագետի գնահատմամբ, ավելացել է իշխանության կողմից քաղաքական ընդդիմադիրների նկատմամբ ոստիկանությունը  որպես միջոց կիրառելու վերաբերյալ  քաղաքացիների ընկալման մակարդակը:

Ուշագրավ էր նաև իրավապահների կողմից քաղաքացիների նկատմամբ, ըստ սոցիալական ապահովության մակարդակի, խտրական վերաբերմունքի դրսևորումը՝ իրավապահներն իրենց պարտավորություններն առավել պարտաճանաչ են կատարում հասարակության տնտեսապես ապահով հատվածի ներկայացուցիչների նկատմամբ:

Ինչ վերաբերում է ոստիկանության հանդեպ վստահության համաթվին, ապա այն, չնայած նրան, որ գտնվում է դրական տիրույթում, այնուամենայնիվ 2015-ի համեմատությամբ կրկին նվազել է:

Զանգվածային լրատվամիջոցների հրապարակումների հիման վրա ոստիկանության կողմից 2016 թ. մարդու իրավունքների խախտման դեպքերի ամփոփ պատկերը ներկայացրեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ծրագրերի օգնական Սառա Ղազարյանը: Համաձայն այդ ուսումնասիրության՝ մարդու իրավունքների խախտումների ընդհանուր թիվը 2016-ին ավելացել է 2015թ.-ի համեմատությամբ:  Ինչպես 2015-ին, այնպես էլ 2016-ին առավելապես խախտվել են հավաքների ազատության, անձնական ազատության և անձեռնմխելիության և ֆիզիկական բռնությունից զերծ մնալու իրավունքները: Ըստ խախտումների քանակի՝ առաջին տասնյակում են շարունակում մնալ տեղաշարժի, արտահայտվելու ազատության և իրավաբանական օգնություն ստանալու իրավունքները: Ներկայացվեց նաև խախտումների թիվը՝ ըստ մարդու իրավունքների տեսակների և դեպքերի, ըստ այդմ՝ 2016-ին խախտվել է մարդու 22 տեսակի իրավունք, 2015-ի՝ 18-ի փոխարեն, իսկ մարդու իրավունքների խախտմանը հանգեցրած դեպքերի թիվն ավելացել է 10 %-ով:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբաններ Արայիկ Զալյանի և Անի Չատինյանի դիտարկմամբ՝ Ոստիկանության անօրինական գործողությունների, ոչ իրավաչափ վարքագծի վերաբերյալ Կազմակերպության կողմից 2014-2016 թթ. ներկայացված 40 հանցագործության մասին հաղորդումներից ոչ մեկի արդյունքում չեն բացահայտվել և համարժեք պատժի արժանացել ապօրինություն թույլ տված անձինք: Լավագույն դեպքում կիրառվել է կարգապահական տույժ՝ նկատողության տեսքով:    

Նրանք ուշադրություն հրավիրեցին ՀՀ Հատուկ քննչական ծառայության՝ վերջին շրջանում որդեգրած քաղաքականությանը, երբ ոստիկանության ապօրինությունների վերաբերյալ հաղորդումներն ուղարկվում են ոստիկանության ներքին անվտանգության վարչություն, ինչի արդյունքում համարժեք պատիժ չի նշանակվում:

Քննարկումը եզրափակվեց 2016 թվականին ոստիկանության կողմից քաղաքացիների իրավունքների ոտնահարման ամփոփ պատկերը ներկայացնող լրագրող Թեհմինե Ենոքյանի կողմից պատրաստված «Անպատիժ ոճիր» վերնագրով տեսազեկույցի ցուցադրմամբ:

Տես նաև՝ Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերի մասին տարեկան հաշվետվություն

A discussion on the topic of 'Human rights in armed forces. Review of 2016 year' took place at the Media CenterՔաղաքական ընդդիմության ու ակտիվիստների համար 2016 թվականը հետապնդումների տարի է եղել։ «Չկար որևիցե հիմք Գևորգ Սաֆարյանին մեղադրանք առաջադրելու՝ իբր ոստիկանության աշխատողների նկատմամբ բռնություն կիրառելու համար։ Ակնհայտ քաղաքական հետապնդում էր Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ քրեական գործի հարուցում՝ իբր թե  զենքի ձեռքբերմանն օժանդակելու մեջ։ Ակնհայտ քաղաքական հետապնդում եմ համարում Անդրիաս Ղուկասյանի նկատմամբ գործողությունները և քրեական գործը», ֊ «Ա1+»-֊ի հետ զրույցում ասում է իրավապաշտպան Արթուր Սաքունցը։

ՀՔԱՎ-ը խոշորացույցի տակ է պահել անցած տարի իրավապահների գործելակերպը։ Ոստիկանությունը հաճախ  գործել է օրենքից դուրս։ Քաղաքացիական ու ծառայողական հագուստով ծառայողները բռնություններ են կիրառել քաղաքական հավաքների մասնակիցների նկատմամբ։ Արթուր Սաքունցը նշում է. «Ոստիկանությունն օգտագործվում է իշխանության կողմից որպես քաղաքական ընդդիմադիրների նկատմամբ հետապնդման գործիք: Քաղաքական ընդդիմադիրների դեմ որպես գործիք օգտագործելու հանգամանքը որոշիչ է դառնում, որ այդ գործիքը մնա անպատիժ և մնացած խախտումներում էլ մնա անպատիժ, որպեսզի ինքը լավ ծառայի»։

Անցած ամառ Սարի թաղում ոստիկանները զանգվածային բռնություն կիրառեցին հավաքի մասնակիցների նկատմամբ, բռնությունը շարունակվեց նաև բերման ենթարկելիս՝ ոստիկանական մեքենաներում և բաժանմունքներում։ Բայց առավել ցավալի է մեկ հանգամանք՝ քաղաքացիներն անպաշտպան են իրավունքի խախտումները վերականգնելու հարցում։

«Դատական իշխանությունը նույնպես լուրջ խնդիրներ ունի, քանի որ քաղաքական զգայուն թեմաներով կամ քաղաքական ենթատեքստ ունեցող թեմաներով դատարանները հանդես են գալիս որպես քաղաքական իշխանության շահերը պաշտպանողներ և նոտարական վավերացնողները մեղադրանքների»,- ասում է իրավապաշտպանը։

Քաղաքացիներն սկսում են կորցնել վստահությունը ոստիկանության նկատմամբ, ինչն առավել քան բնական է այս ֆոնին։ «Դա բավականին լուրջ խնդիր է, էդ կառույցը սկսում է լեգիտիմությունը կորցնել և եթե այդպես գնա, բնական է՝ կսկսի նվազել։ Ծայրահեղ սցենարներից մեկը կարող  է լինել 90-կաննների սկզբի քաղաքացի-ոստիկան հարաբերությունները, որոնք բավականին բացական էին», ֊ասում է փորձագետ Ռուբեն Սարգսյանը։

2016-ի բռնության ամբողջական խրոնիկան ներկայացված է «Անպատիժ ոճիր» ֆիլմում։ Հեղինակ Թեհմինե Ենոքյանին վերնագիր ընտրելիս ոգեշնչել է Դոստոևսկու «Ոճիր և պատիժ» աշխատանքը։

«Ֆիլմում ներառված են 60-ից ավելի բռնության ենթարկված քաղաքացիների պատմություններ, որոնք այս ընթացքում իրենց մարմնին կրել են լուրջ վնասվածքներ և ունեցել են երկարատև խնդիրներ հիվանդանոցներում», ֊ասում է նա։

Լրագրողը իրավապահ մարմինների աշխատանքը բնութագրող մի պատկերի է հանդիպել։ Ոստիկանի նկատմամբ կիրառված բռնության դեպքերն իրավական գնահատականի են արժանաննում, բայց գործն անգամ դատարան չի հասնում, եթե խոսք է գնում ոստիկանի կողմից քաղաքացու իրավունքների ոտնահարման մասին։

a1plus.am

16730628_972073572924187_5185474480403577880_nՎերջերս Ազգային ժողովն ընդունեց դատապարտյալների վաղաժամկետ ազատման գործընթացը պարզեցնելու օրենսդրական նախաձեռնությունը, ըստ այդմ նախատեսվում են օրենսդրական փոփոխություններ:

Այսօր «Մեդիա կենտրոնում» այս թեմայով քննարկման ժամանակ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանն ասաց, որ փոփոխվելու է որոշումների ընդունման համակարգը. «Ներկայումս որոշումների ընդունման եռաստիճան համակարգ է գործում՝ քրեակատարողական հիմնարկ, հետո տեղափոխվում էր անկախ հանձնաժողով եւ վերջնական՝ դատարանը: Փոփոխությամբ քրեակատարողական հիմնարկը չի մասնակցի: 2-րդ՝ հստակեցրել ենք որոշումներ ընդունող մարմինների լիազորությունները: Քրեակատարողական հիմնարկը թեպետ որոշում չի ընդունում, բայց պատժի կրման ամբողջ ընթացքում պետք է միջոցներ ձեռնարկի եւ արձանագրի դատապարտյալի հաջողություններն ու խնդիրները, որպեսզի դա հիմք լինի հանձնաժողովի համար»:

Ըստ Քրմոյանի, համակարգի փոփոխությամբ նաեւ չափանիշներ են սահմանել, նախկինում դրանք քիչ էին, նվազագույն պատժի կրումն էր որպես չափանիշ ընդունվում, տուժողին վնասը փոխհատուցելու հանգամանքը թողնվում էր դատարանի հայեցողությանը, եւ նաեւ դատարանը պետք է որոշեր պատիժը կրելու կարիք ունի, թե չունի դատապարտյալը:

Պարոն Քրմոյանը վստահեցրեց, որ փոփոխության հիմքում դրվել է հանցագործություն կատարած անձի դեպքում սոցիալական արդարության վերականգնումը, նպատակը՝ կրկնահանցագործության կանխարգելումն է եւ դատապարտյալների ուղղվելը. «Ամեն չափանիշ ենթաչափանիշ ունի. Օրինակ՝ դատարանը կարող է անձին վաղաժամկետ ազատել, եթե լրացել է նվազագույն ժամկետը եւ եթե գտնում է, որ անձը պատիժ կրելու կարիք չունի, որովհետեւ պատժի կրման ընթացքում պատշաճ վարքագիծ է դրսեւորել, կրկնահանցագործության ռիսկը ցածր է»:

Քննարկմանը ներկա Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն էլ նկատեց, որ պաշտոնական թվերը դիտարկելով՝ 2016-ին ներկայացված վաղաժամկետ ազատման 4650 դիմումներից 10%-ից քիչն է բավարարվել, դա խոսում է այն մասին, որ կան խնդիրներ: Պարոն Սաքունցի խոսքերով՝«Ռեցիդիվը գնահատվում է որպես չափանիշներից մեկը, որը պետք է հանվի: Անձը կարող է ամենածանր հանցանքի համար դատապարտված լինի, բայց տվյալ պահին կարեւոր է ուղղվելու հանգամանքը: Սոցիալ-հոգեբանական աշխատանքների բլոկը, որ կա, սա պրոբացիոն ծառայությունը որոշի ինչ գնահատական ու եզրակացություն տա: Բացի այս, այն, որ չափանիշներում դրված է՝ հաշվի առնել քրեական աշխարհի հետ առնչությունը, աշխատե՞լ է, թե՝ ոչ, սրանք շատ ընդհանրական են: Բոլոր խնդիրները, որոնք օրենքում ներառվել են, այսօր պրոբացիոն ծառայության մեջ կան»:

Սաքունցը նաեւ նկատեց, որ հանձնաժողովի 7 հոգանոց կազմում 3-ն են անկախ մարմին, մնացածը պետական համակարգից են, եւ անհասկանալի է նախագահի աշխատակազմի ներկայացուցչի առկայությունը: Վերջինիս կարծիքն, ըստ Սաքունցի, կարող է ազդել հանձնաժողովի մյուս պետական մարմինների ներկայացուցիչների վրա:

ՄԻՊ գրասենյակի խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Գոհար Սիմոնյանն էլ նշեց, որ քրեակատարողական հիմնարկներ այցելության ժամանակ ամենաշատ բողոքները վաղաժամկետ ազատման հետ կապված խնդիրներին են վերաբերում. «Դատապարտյալները բողոքում են, որ վարչակազմը ավելի հաճախ է դիմում վաղաժամկետ ազատման համար, բայց անկախ հանձնաժողովը մերժում է»:

Գոհար Սիմոնյանի խոսքերով՝ կամայականություններ են լինում չափանիշների կիրառության դեպքում. Օրինակ՝ դատապարտյալի մոտ հայտնաբերել են արգելված իր՝ բջջային հեռախոս, որը շատերի մոտ կա, որոշում կայացնելիս հաշվի չեն առնում, որ դատապարտյալը մի քանի տարի դրական վարքագիծ է դրսեւորել, ու միայն հեռախոսի պատճառով մերժում են վաղաժամկետ ազատման դիմումը:

«Դատապարտյալները հաճախ դժգոհում են՝ հանձնաժողովից 2 անձինք են գալիս, չեն էլ տեսել մեզ, կամ էլ տեսել են մի քանի բառ են խոսել, ու որոշել են՝ անձը փոխվե՞լ է, թե ոչ, սա բողոքարկման ենթակա չէ: Անձի բազմաթիվ իրավունքներ չեն կարեւորվում: Անձը հնարավորություն պետք է ունենա ինքնուրույն մասնակցել հանձնաժողովի նիստերին, ստանալ իրավաբանական օգնություն: Այն, ինչ նախատեսվում է փոփոխությամբ, ներկայիս վիճակի համեմատ պետք է, որ ավելի լավ լինի»:

aravot.am

artur-saquncՔաղաքացիական հասարակության ներկայացուցիչները նամակ են պատրաստել Վիեննայում գտնվող ԵԱՀԿ գլխավոր գրասենյակ ուղարկելու համար, որում իրենց կարծիքն ու մտահոգությունն են հայտնում ՀՀ-ում ԵԱՀԿ գրասենյակի հնարավոր փակման մասին և փաստում այդ գրասենյակի գործունեության արդյունավետության մասին: Նշենք, որ ՀՀ-ում ԵԱՀԿ գրասենյակը միակն է տարածաշրջանում:

«Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանը Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը տեղեկացրեց. «Մենք համարում ենք, որ դա իրոք լուրջ խնդիր է, պետք է արձագանքենք ու նախաձեռնեցինք այս նամակը: Համարում ենք, որ մեր կարծիքը պետք է հասցնենք ԵԱՀԿ ղեկավարներին: Երևանյան գրասենյակը լուրջ աշխատանք է տանում, և համարում ենք, որ դա պետք է շարունակվի»:

Պարոն Գրիգորյանն առանձնացրեց այդ գրասենյակի կողմից իրականացված մի շարք ծրագրեր, այդ թվում նաև դիտորդական առաքելությունները, ընտրությունների հետ կապված զեկույցները: Այնուհետև ամփոփեց. «Մենք` քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներս, շահագրգռված ենք, որ այդ գրասենյակը Հայաստանում շարունակի աշխատել»:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը հստակեցրեց, թե իրենց մտահոգությունն այն է, որ ավարտվել է ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակի գործունեության ժամկետը և երկարացման վերաբերյալ չկա որևէ հայտարարություն: Անդրադառնալով այն փաստին, որ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի գործունեությանը դեմ է Ադրբեջանը` պարոն Սաքունցը նկատեց. «Ադրբեջանի իշխանությունների այս մոտեցումը դեմ է հենց ԵԱՀԿ-ի սկզբունքներին: Եթե ուզում ես հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով, ապա դու պետք է ուզենաս նաև, որ քեզ հետ խնդիր ունեցող երկրում լինի ժողովրդավարություն, մարդու իրավունքները լինեն պաշտպանված»:

Արթուր Սաքունցի համար դրական է այն փաստը, որ ՀՀ իշխանությունները կարծում են, թե գրասենյակի կարիքը կա:

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը, թեև միացել է նախաձեռնությանը, բայց հույս չունի, որ այն օգուտ կտա, քանի որ այսօրվա Ադրբեջանն անխտիր բոլոր ուղղություններով պայքարում է Հայաստանի դեմ. «ԵԱՀԿ գրասենյակներ չկան կայացած ժողովրդավարական երկրներում և այն երկրներում, որոնք բռնապետական են, ինչպես Արդբեջանը: Մենք 25 տարվա պետություն ենք, բայց դեռ այս գրասենյակի կարիքն ունենք: Ադրբեջանի իրականացրածը միայն պատերազմ չէ, այլ հակահայկական հիստերիա: Կուրացած բոլոր ճակատներով պայքարում են Հայաստանի դեմ: Համոզված եմ, որ երկրների մեծ մասը կողմ է ,որ գրասենյակը գործի, և այստեղ միայն Ադրբեջանի հարցն է, թե ինչպես կարելի է համոզել նրան: Սակայն այս առումով իրավիճակն այնքան էլ բարվոք չէ»:

Ավետիք Իշխանյանը լուրջ մտահոգություններ ունի, որ ՀՀ-ում ԵԱՀԿ գրասենյակի փակումից կտուժի ՀՀ-ում անցկացվող ընտրությունների վերահսկողությունը:

Ստեփան Գրիգորյանի կարծիքով` ՀՀ-ն չի կարող դուրս գալ բոլորի դեմ, այլ պետք է դիրքորոշումը լինի այն, որ համոզի գերտերություններին, որոնց լուման մեծ է ԵԱՀԿ բյուջեում, որ ԵԱՀԿ գրասենյակը հակամարտությունների լուծման հետ կապ չունի, և այս գրասենյակները միայն ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուտների աջակցման հետ կապ ունեն:

aravot.am

Տես նաև՝ magnis.news

qnnarkum-HCAVՀելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հրավիրում է մասնակցելու «Մարդու իրավունքների խախտումների վիճակը ոստիկան-քաղաքացի հարաբերություններում 2016 թ.-ին» թեմայով քննարկմանը:

Միջոցառումը տեղի կունենա 2017 թ. փետրվարի 21-ին՝ Hyatt Place Yerevan հյուրանոցի “Meeting place 2″ սրահում (հասցե՝ ք. Երևան, Վ. Սարգսյան 26/1), սկիզբը՝ ժ. 10:30-ին:

Միջոցառման առաջին մասում  կներկայացվեն  

«Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների գործունեությունը բնորոշող համաթվերը» զեկույցը, որն ամփոփում է 2016 թվականի օգոստոսին իրականացված սոցիոլոգիական հետազոտության արդյունքները: ՀՀ իրավապահ մարմինների կամայականության և ՀՀ Ոստիկանության վստահության համաթվերի միջոցով բացահայտվել է քաղաքացիների վերաբերմունքը իրավապահ մամինների գործունեության նկատմամբ:    

«Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման վիճակը՝ ըստ ԶԼՄ մշտադիտարկման 2016թ. արդյունքների» 

Միջոցառման երկրորդ մասում

Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերի նկարագրությունը, ըստ ՀՔԱ Վանաձորի գրասենյակ դիմած քաղաքացիների բողոքների և գանգատների, կներկայացնեն կազմակերպության իրավաբաններ Արայիկ Զալյանը և Անի Չատինյանը

կցուցադրվի Թեհմինե Ենոքյանի կողմից պատրաստված «Անպատիժ ոճիր» վերնագիրը կրող տեսազեկույցը, որում ներկայացված է 2016 թվականին ոստիկանության կողմից քաղաքացիների իրավունքների ոտնահարման ամփոփ պատկերը:  

Քննարկմանը հրավիրված են իրավասու պետական կառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների, հիմնադրամների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Բանախոսներն են՝

Արթուր Սաքունց   ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ  

Սառա Ղազարյան  ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ծրագրերի օգնական

Ռուբեն Սարգսյան սոցիոլոգ-փորձագետ  

Թեհմինե Ենոքյան ֆիլմի հեղինակ, լրագրող

Արայիկ Զալյան ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբանական բաժնի համակարգող, փաստաբան

Անի Չատինյան ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբան, փաստաբան

Միջոցառումն իրականացվում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից իրականացվող «Ոստիկանության հետ հարաբերություններում քաղաքացիների իրավունքների պաշտպանության արդյունավետության բարձրացում» ծրագրի շրջանակներում Նորվեգիայի հելսինկյան կոմիտեի ֆինանսական աջակցությամբ:

Քննարկման օրակարգը՝ այստեղ

Միջոցառման ֆեյսբուքյան հղումը՝ https://www.facebook.com/events/420619071622450/

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել +374 322 7 22 68 հեռախոսահամարով կամ գրել communication@hcav.am էլ փոստին: Կոնտակտային անձ՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հասարակայնության հետ կապերի մասնագետ Նարինե Եգանյան:

Artur-Saqunc_Daniel-Ioannisyan_Ashot-AharonyanԱԺ ընտրություններին ընդառաջ ՀՀ ոստիկանությունն այսօր «Ընտրությունների ժամանակ ոստիկանության գործողությունների ուղեցույցի» նախագծի հանրային քննարկում էր կազմակերպել: Մասնակիցները ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ էին ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը նախագծի վերաբերյալ մի քանի դիտարկում ներկայացրեց: Ըստ նրա, անհրաժեշտ է խիստ հսկողություն սահմանել նաև քրեորեն հետապնդելի արարքների նկատմամբ, մասնավորապես ընտրակաշառքների հարցում: Նա նաեւ նկատեց, որ ոստիկանությունը պետք է ուժեղ վերահսկողություն սահմանի ոչ միայն ընտրությունների օրը, այլեւ՝ նախընտրական ժամանակահատվածում: Նա նշեց, որ ընտրական ժամանակահատվածում վարչական ռեսուրսների օգտագործման դեպքերն անխուսափելի են լինում.«Լինում են դեպքեր, երբ այս կամ այն թեկնածուն օգտագործում է իր վարչական լծակները: Օրինակ՝ լինում են դեպքեր, երբ ծառայողական մեքենաներով են գալիս քարոզարշավի»: Ոստիկանության շտաբի պետ Հովհաննես Քոչարյանը, անդրադառնալով՝ խիստ հսկողություն սահմանել քրեորեն հետապնդվող արարքների նկատմամբ պարոն Սաքունցի դիտարկմանը, ասաց. «Կփորձենք ուղեցույցի ծավալը շատ չավելացնել, բայց ձեր հիմնական հարցերին կանդրադառնանք»:

Քննարկման ժամանակ այսօր դիտարկում էր եղել նաեւ ընտրողներին տեղամաս ուղեկցելու ավանդույթին, ինչի կապակցությամբ պարոն Քոչարյանը նկատեց, որ ոչ միշտ է ճիշտ ժողովրդին տեղամաս ուղեկցելը ոչ իրավական դիտարկելը. «Դա կարող է հակաիրավական բովանդակություն չունենալ»:

Ընտրակաշառքի կանխարգելումն էլ պարոն Քոչարյանը տեսնում է հանրության աջակցության շնորհիվ. «Հակառակ պարագայում այդ դեպքերի բացահայտման աճ չի գրանցվի, որքանով էլ ոստիկանը թիվ մեկ իրավապահն է ընտրությունների ժամանակ, միևնույն է սրանք թաքնվող հանցագործություններ են… տեղեկատվություն ստանալու հարցում հանրության աջակցությունը երկար ժամանակ մնալու է որոշիչ»:

Պարոն Սաքունցն ասաց, որ իր առաջարկությունները կներկայացնի գրավոր, ապա ոստիկանության ու քննարկման մասնակիցների միջեւ պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ գրավոր առաջարկներից հետո եւս մեկ հանրային քննարկում կազմակերպվի:

aravot.am

Տես նաև՝ «Նախընտրական շտաբերը ղեկավարում են քաղաքացիների ուղղորդված հոսքը դեպի ընտրատեղամաս». Սաքունցը հրավիրեց ոստիկանության ուշադրությունը

DSC_00132016թ. դեկտեմբերի 16-ին Երևանում տեղի ունեցավ 2016թ. հոկտեմբերի 2-ի Վանաձոր և Գյումրի քաղաքների ավագանու ընտրությունների վերաբերյալ 5 գործընկեր կազմակերպությունների (Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ, Իրազեկ քաղաքացիների միավորում, Մարտունու կանանց համայնքային խորհուրդ, Գորիսի մամուլի ակումբ և Հայաստանի Հելսինկյան կոմիտե) վերջնական զեկույցի շնորհանդես-քննարկումը, որին ներկա էին հասարակական կազմակերպությունների, պետական մարմինների, օտարերկրյա դեսպանատների և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: Զեկույցը պատրաստվել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի «Երկարաժամկետ ընտրական աջակցություն Հայաստանում ընտրությունների հետ առնչվող շահագրգիռ կողմերին» համատեղ ծրագրի «Տեղական դիտորդական կազմակերպությունների կարողությունների զարգացում» բաղադրիչի շրջանակներում:

Բացման խոսքով հանդես եկան ԵԽ Երևանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Լորետա Վիոյուն և ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը՝ ողջունելով ներկաներին և գործընկերներին շնորհակալություն հայտնելով համագործակցության ու ներդրված ջանքերի համար:

Այնուհետև ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ժողովրդավարական ինստիտուտների մոնիթորինգի և զեկուցման մասնագետ Անուշ Համբարյանը ներկայացրեց դիտորդական առաքելության մեթոդաբանությունը, նախընտրական քարոզչության դիտարկման արդյունքները և տեղամասերի մատչելիության վերաբերյալ ստացված տվյալներն ու այդ առնչությամբ կազմակերպությունների մտահոգությունները: Շարունակելով Ա. Համբարյանի խոսքը՝ Իրազեկ քաղաքացիների միավորման ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ամփոփ կերպով ներկայացրեց քվեարկության օրը դիտարկված տեղամասերի հարակից տարածքներում և տեղամասերի ներսում դիտորդների կողմից արձանագրված փաստերը: Ապա ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ժողովրդավարական ինստիտուտների մոնիթորինգի և զեկուցման համակարգող Վարդինե Գրիգորյանը խոսեց ընտրողների մասնակցության և ընտրությունների արդյունքների վերաբերյալ թիվ 30 և 34 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կողմից կայացված որոշումների մասին: Հաջորդիվ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը հնչեցրեց Վենետիկի հանձնաժողովի հանձնարարականների իրականացման վերաբերյալ կազմակերպության գնահատականները:

Զեկուցումներից հետո ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը ներկայացրեց զեկույցի վերաբերյալ իր տեսակետներն ու դիտարկումները, մասնավորապես, կարծիք հայտնեց, որ խախտումներ եղել են միայն առանձին տեղամասերում և դրանք ընտրությունների արդյունքների վրա ազդեցություն չեն ունեցել, անհասկանալի համարեց բռնությունների դեպքերը ընտրությունների հետ կապելը:

Քննարկման ընթացքում պարզ դարձավ, որ Ընտրական օրենսգրքի՝ մանդատների բաշխման մասին դրույթը որոշակիորեն տարընթերցվել էր զեկույցի հեղինակների կողմից, ինչի արդյունքում յուրաքանչյուր կուսակցության բաժին ընկնող մանդատների թվի սխալ հաշվարկ էր կատարվել։

Հաշվի առնելով քննարկման արդյունքները՝ զեկույցը վերանայվել է:

Զեկույցի հակիրճ տարբերակը՝ ԱՅՍՏԵՂ

Ամբողջական տարբերակը՝ ԱՅՍՏԵՂ

IMG_98222016 թ. ապրիլի 1-ին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը Բաց Հասարակության հիմնադրամներ-Հայաստանի և Սիգրիդ Րոզինգ Թրասթի ֆինանսական օժանդակությամբ Կոնգրես հյուրանոցի Բոլլ ռում սրահում կազմակերպել էր կլոր սեղան-քննարկում  «Հայաստանի Հանրապետության կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման վիճակը» թեմայով:

Միջոցառմանը հրավիրված էին իրավասու պետական մարմինների, միջազգային կազմակերպությունների, Հայաստանի Հանրապետությունում ներկայացված դիվանագիտական առաքելությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Բացման խոսքով հանդես եկավ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը:

Այնուհետև խոսքը փոխանցվեց ԲՀՀ-Հայաստանի ծրագրերի գծով փոխտնօրեն Դավիթ Ամիրյանին, որն անդրադարձավ Կազմակերպության գործունեությանը՝ ընդգծելով, որ ԲՀՀ-Հայաստանը ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հետ համագործակցության մեծ փորձ ունի: Իրականացված ծրագիրը, Դ. Ամիրյանի խոսքով, փորձ է մեր երկրում ազդեցություն ունենալու արդար դատաքննության իրականացման վրա: Անդրադառնալով ուսումնասիրության բովանդակությանը՝ Դ. Ամիրյանը նշեց, որ այն բավականին ծավալուն է և արժեքավոր՝ իրավապաշտպանների, տեսաբանների և ոլորտով հետաքրքված այլ անձանց համար: Բանախոսը հույս հայտնեց, որ թեմայի քննարկումը այս միջոցառմամբ չի սահմանափակվի և շարունակական կլինի նաև առանձին քննարկումների տեսքով նեղ մասնագիտական շրջանակներում:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Ա. Սաքունցն իր խոսքում նշեց, որ ՀՀ-ում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճիռների կատարումն ապահովող իրավասու պետական մարմինների ներկայացուցիչներ ևս հրավիրվել են միջոցառմանը, սակայն չեն հաստատել իրենց մասնակցությունը:

Միջոցառման ընթացքում ներկայացվեց ՄԻԵԴ վճիռների կատարման ներպետական մեխանիզմների ձևավորման վիճակը, 2007 – 2015 թթ. ՀՀ դեմ կայացված ՄԻԵԴ վճիռների կատարման վիճակը՝ ըստ ՄԻԵԿ հոդվածների, և ՀՀ Սահմանադրական դատարանի դերը ՄԻԵԴ վճիռների կատարման գործընթացում:

Ա. Սաքունցը ընդգծեց ՀՀ օրենսդիր և գործադիր մարմինների դերակատարության կարևորությունը ՀՀ-ում ՄԻԵԴ վճիռների կատարման շրջանակներում:

Թեմայի շրջանակներում անդրադառնալով դատական իշխանության դերակատարմանը՝ Ա. Սաքունցը նշեց, որ Դատարանների նախագահների խորհուրդը, որպես ինքնակառավարման մարմին, ունի շատ կարևոր գործառույթ՝ հետևելու ՄԻԵԴ վճիռների իրականացման ապահովմանը, ինչպես նաև իր կողմից կայացված խորհրդատվական բնույթի որոշումներում անդրադառնալու ՄԻԵԴ վճիռների իրականացման վիճակին:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի օրենսդրական վերլուծությունների և նախաձեռնությունների ծրագրերի համակարգող Ա. Չիլինգարյանը իր խոսքում անդրադարձավ ուսումնասիրության մեջ տեղ գտած առաջարկություններին՝ կարևորելով գործադիր մարմինների կողմից ՄԻԵԴ վճիռների կատարման պրակտիկայի ձևավորումը:

Անդրադառնալով պետության կողմից ՄԻԵԴ վճիռների իրականացմանը՝ բանախոսը նշեց, որ պետությունը պարտավորություն ունի իրականացնելու երկու բնույթի միջոցառում՝ անհատական և ընդհանուր: Ուսումնասիրության մեջ հիմնականում անդրադարձ է կատարվել ընդհանուր բնույթի միջոցառումների կատարմանը: Այս տեսանկյունից Ա. Չիլինգարյանը նշեց, որ ՄԻԵԴ վճիռների ոչ պատշաճ կատարումը ՀՀ-ում հանգեցնում է նրան, որ նույն իրավունքի խախտման հիմքով մարդիկ նորից են դիմում ՄԻԵԴ, ինչը Դատարանի ծանրաբեռնվածության հիմնական պատճառներից մեկն է:

Ա. Չիլինգարյանն արձանգրեց, որ ՀՀ-ում ՄԻԵԴ վճիռների կատարման ուղղությամբ Կառավարության աշխատանքներն ավելի ակտիվացան 2014-2015 թթ.-ին:

Բանախոսն արձանագրեց, որ գրեթե բոլոր հոդվածներով ընդհանուր բնույթի միջոցառումներ ձեռնարկելու անհրաժեշտություն դեռևս կա՝ անդրադառնալով առանձին գործերի և ՄԻԵԿ հոդվածների:

Հաջորդիվ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի օրենսդրական վերլուծությունների և նախաձեռնությունների ծրագրերի օգնական Սուսաննա Դավթյանը ներկայացրեց ՀՀ Վճռաբեկ դատարանի առանձին պալատների կողմից կայացված որոշումներում ՄԻԵԴ վճիռների վկայակոչման վերաբերյալ կազմված տեղեկանքներ:

ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի խորհրդական Արամ Վարդևանյանը կարևորեց նման միջոցառումների անցկացումը ոլորտում առկա խնդիրների վերհանման տեսանկյունից:

Համեմատականներ անցկացնելով ՀՀ-ում Սահմանադրական դատարանի և ՄԻԵԴ վճիռների կատարման միջև՝ բանախոսը նշեց, որ ՀՀ-ում ՄԻԵԴ վճիռների կատարումը ավելի բարենպաստ վիճակում է գտնվում: Եվ պատրաստակամություն հայտնեց մասնակցելու նաև ՀՀ Սահմանադրական դատարանի վճիռների կատարման վիճակի վերաբերյալ կազմակերպվող քննարկումների:

Հաջորդիվ ելույթով հանդես եկավ «Իրավունքի գերակայություն» իրավապաշտպան ՀԿ-ի նախագահ Արտակ Զեյնալյանը, որն ընդգծեց կատարված ուսումնասիրության կարևորությունը՝ այն համարելով արժեքավոր ուսումնասիրություն՝ ոլորտի ներկայացուցիչների համար:

Անդրադարձ կատարելով ավելի վաղ հնչած այն կարծիքներին, ըստ որոնց՝ ՀՀ-ում ՄԻԵԴ վճիռներն ավելի լավ են կատարվում, քան Սահմանադրական դատարանի վճիռները, Ա. Զեյնալյանը նշեց, որ խնդիրը վերահսկող մարմնի բացակայությունն է՝ նշելով, որ այդ գործառույթը կարող է կատարել ՀՀ Ազգային Ժողովը:

Իրավապաշտպանը կոչ արեց պատկան մարմիններին՝ ապահովելու համապատասխան աշխատակիցների տեղեկացվածությունը ՀՀ դեմ կայացված ՄԻԵԴ վճիռների մասին, ինչը կարևորվեց նաև Ա. Սաքունցի կողմից:

Ա. Զեյնալյանը կարևորագույն խնդիր համարեց ՀՀ դեմ ՄԻԵԴ կողմից կայացված վճիռների պատշաճ թարգմանությունը և հրապարակումը՝ նշելով, որ շատ հաճախ դրանք թարգմանվում են ըստ «նպատակահարմարության»:

«Որպես նորմատիվային իրավական ակտ, դրանք պետք է թարգմանվեն և հրապարակվեն պաշտոնապես, մինչդեռ ավելի քան 60 վճիռներից պաշտոնապես հրապարակվել է միայն 19-ը»,-ընդգծեց Ա. Զեյնալյանը:

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչ Լուսինե Սարգսյանը նշեց, որ Մարդու իրավունքների պաշտպանի  աշխատակազմը ևս իր ուշադրության կենտրոնում կպահի ՀՀ-ում ՄԻԵԴ վճիռների կատարման հարցը և պատրաստակամություն հայտնեց համագործակցելու տեղական և միջազգային հասարակական կազմակերպությունների հետ գործընթացն ավելի արդյունավետ դարձնելու համար:

Թեմայի շուրջ իրենց դիտարկումները հայտնեցին նաև քննարկման այլ մասնակիցներ:

Ապրիլի 10-ին, ժամը 10:30, «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա «Զինված ուժերում վիրավորված զինծառայողների բուժսպասարկման հասանելիության խնդիրները» թեմայով քննարկում:
Քննարկման ընթացքում անդրադարձ կկատարվի hայ-ադրբեջանական շփման գծում 4 տարի առաջ հակառակորդի գնդակից ծանր վիրավորում ստացած 23-ամյա նախկին զինծառայող Գևորգ Եղիազարյանի դեպքին, ով մինչ օրս չի կարողանում բուժում ստանալ:

Քննարկման բանախոսներն են՝

Արծրուն Հովհաննիսյան, ՀՀ Պաշտպանության նախարարի մամլո խոսնակ

Արմինե Սադիկյան, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի խաղաղասիրական ծրագրերի համակարգող

Արտաշես Սերգոյան, «Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ի «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագրի համակարգողի օգնական:

Բանակում մահացած զինծառայողների ծնողները վստահ են, որ ինքնասպանությունների քողի տակ սպանություններն են թաքցվում:

ՀՀ բանակում 1994 թվականի մայիսի 12-ից մինչեւ 2010 թվականն ընկած ժամանակահատվածում շիրակցի 211 երիտասարդ է մահացել:

Այդ մասին «ՀՔԱ Վանաձորի գրասենյակ» իրավապաշտպան կազմակերպությունում հ/կ-ների ու բանակում զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ «Առավոտին» ասաց ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի իրավաբան Լենա Խաչատրյանը:

Արդեն մեկ տարուց ավելի է, ինչ ակումբը ամերիկյան ժողովրդավարության ազգային հիմնադրամի օժանդակությամբ իրականացնում է Շիրակի մարզից զորակոչված կամ պայմանագրային ծառայության անցած եւ բանակում հրադադարից հետո մահացած զինվորականների տվյալների բացահայտում ու վերլուծություն:

Շիրակի շուրջ 70 համայնքներում կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ բանակում ինքնասպանությունների դեպքերն անհամեմատ ավելին են՝ սպանությունների դեպքերի հետ համեմատած:

Հակառակ սրան՝ զինվորների ծնողները պնդում են, որ իրականում արձանագրված ինքնասպանությունները ոչ այլ ինչ են, քան քողարկված սպանություններ:

«Ծնողների պնդումներով՝ ինքնասպանության դեպքերը մեծամասամբ սխալ են որակվում՝ խուսափելու համար իրավական հետեւանքներից: Նրանց դիտարկմամբ՝ իրականում ոչ թե ինքնասպանություններն են շատացել, այլ դրանց քողի տակ սպանություններն են թաքցվում»,- ասում է Լենա Խաչատրյանը:

«Պաշտպանենք զինվորի իրավունքները» ծրագրի իրավաբան Արինա Մեծոյանն էլ բանակում խաղաղ ժամանակ մահացած զինծառայողների ծնողների հետ շփման արդյունքում եկել է այն եզրակացության, որ հանցագործության սխալ որակում է տեղի ունենում հիմնականում երկու պատճառով. «Եթե բանակում սպանված կամ մահացած զինվորների ընտանիքներին ՊՆ-ն փոխհատուցում է տալիս, ապա ինքնասպան եղած զինծառայողների ընտանիքները փոխհատուցում չեն ստանում: Երկրորդ պատճառն էլ այն է, որ պատկան մարմինները ինքնասպանության դեպքում նախաքննական, հետաքննական ու դատաքննական աշխատանքներից զերծ են մնում»:

Նա պատմում է մի շարք դեպքեր, երբ ծնողների համառության ու դրսեւորած կամքի շնորհիվ՝ բացահայտելու կատարվածը, նախաքննական մարմնի կողմից ինքնասպանություն որակված դեպքերը դատաքննության ընթացքում ճնշող ապացույցների արդյունքում սպանություններ են վերաորակվել.

«Այսինքն՝ ծնողը ուժեղ է եղել, կարողացել է փաստաբան ունենալ, ու արդյունքում հասել է իրականության բացահայտմանը, բայց շատ հաճախ մարդիկ, չունենալով այդ հնարավորությունները, չիմանալով պաշտպանության ձեւերը, այդպես էլ մնում են անորոշ վիճակում»:

Նա նշում է, որ թե հասարակությունը, թե պետությունը պարտավոր են վերահսկողություն իրականացնել:

Բանակում ոչ մարտական իրավիճակներում զինվորների սպանությունների եւ ինքնասպանությունների թիվը կրճատելու համար էլ նախատեսվում է ուսումնասիրությունների ու վերլուծությունների հիման վրա կազմել բանակում զինծառայողների ծառայության պայմանների բարելավման առաջարկություններ՝ ուղղված ՀՀ իշխանություններին:

«Օրենսդրական, կարգապահական, բժշկական եւ այլ փոփոխությունները կհանգեցնեն նրան, որ կնվազեն այն նախադրյալները, որոնք բանակում նպաստում են հանցագործություններին»,- ասում է Արինա Մեծոյանը:

Աղբյուրը՝ http://www.aravot.am/2012/09/27/113842/

Իրադարձությունների արխիվ
Հրապարակումների արխիվ
Միջոցառումների արխիվ
April 2019
M T W T F S S
« Sep    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930