Ինչո՞ւ են ինքնասպանվում իրավապահները
00:00, November 25, 2011 | Նորություններ | Կյանքի իրավունք | ՈստիկանությունԵրբ ուսումնասիրում ենք ինքնասպանություն գործած անձանց ինքնությունը, տարիքը, զբաղմունքը, կյանքից հեռանալու եղանակը, գալիս ենք այն եզրահանգման, որ ինքնասպանների, ասենք` կամրջից նետվողների հիմնական մասը կա՛մ շատ երիտասարդ են (հոգեբանորեն շատ խոցելի վիճակում), կա՛մ 60-ն անց անձինք: Իսկ շարժառիթները կարող են լինել մերժված սերը, արհամարհանքը, անուշադրությունը…
Բայց ինքնասպանության են դիմում նաև միջին տարիքի անձինք, որոնք պետք է ավելի հավասարակշռված լինեին նման քայլերի դիմելու համար: Սակայն կյանքը ցույց է տալիս, որ միջին տարիքի ինքնասպանվողների մեջ քիչ չեն հատկապես իրավապահ համակարգի աշխատակիցները, այդ թվում` բարձրաստիճան: Նրանք հիմնականում կյանքից հեռանում են իրենց ամրակցված զենքերից արձակված կրակոցներից (համենայնդեպս` պաշտոնական վարկածներով): Ի՞նչը կարող է նրանց մղել նման քայլի: Նախ փորձենք վերհիշել այդ դեպքերը:
1998թ. օգոստոսի 6-ին իր աշխատասենյակում սպանվեց ՀՀ գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյանը: Ըստ պաշտոնական վարկածի` նրան ֆինանսական հարցերի պատճառով սպանել էր դատախազ Արամ Կարապետյանը, ապա «ինքնասպանություն» գործել: 1999-ի փետրվարին ՆԳ զորքերի հրամանատար Արծրուն Մարգարյանին սպանեցին 2 կրակոցով ու հայտարարեցին, թե ինքնասպան է եղել կրծքին ու գլխին արձակած կրակոցով:
2006թ. հունվարի 27-ին, ժամը 15.30-ի սահմաններում, իր աշխատասենյակում, հաշվեցուցակային զենքից արձակված կրակոցով ինքնասպան եղավ Մալաթիա-Սեբաստիա համայնքի դատախազի ավագ օգնական Արշակ Կարախանյանը: Հարուցվեց քրգործ` ինքնասպանության հասցնելու հատկանիշներով: Արշակի մարմնի վրա առկա էր 1 կրակոցով արձակված գնդակի հետք: Նա կրակել էր սրտին: Այդ օրերին շրջանառվող վարկածների մեջ էին այն ժամանակվա համայնքի դատախազ Համլետ Հովսեփյանի հետ ունեցած հարաբերությունները, տուժածի դեպրեսիվ հոգեվիճակը: Իրավապահները Ա.Կարախանյանի աշխատասենյակի հատակին հայտնաբերել էին «Մակարով» տեսակի 9 մմ տրամաչափի ատրճանակ, իսկ տաբատի աջ գրպանից` կնոջն ուղղված մի գրություն. «Ռուզան ջան, դու գիտես պապայի մոտ իմ տեղը: Ա.Կարախ.»:
Դատախազի օգնականի համակարգչում գտնվող «Իմ փաստաթղթերը» թղթապանակում գտնվել էր «Վերջ» անվամբ փաստաթուղթը, որը գրվել է դեպքի օրը, ժամը 12.42-ին և ավարտվել 13.41-ին: Այն սկսվել էր` «Իմ աստծուն` Հիսուս Քրիստոսին» և ավարտվել` «Ինչպես ծառը մեր գերդաստան» բառերով: Աշխատասենյակի զննությամբ վեճի, բռնության հետքեր չէին հայտնաբերվել: Կինը` Ռուզաննա Ղարիբյանը, ամուսնու հետ վերջին անգամ խոսել էր ինքնասպանությունից 1 ժամ 5 րոպե առաջ, իսկ դրանից մոտ մեկ շաբաթ առաջ նրա մոտ նկատել է տրամադրության անկում:
2011-ի հունիսի 25-ի առավոտյան, Երևանի «Եռաբլուր» պանթեոնում հայտնաբերվել էր դիակ` հրազենային վնասվածքներով: Հետագայում իրավապահները հայտնեցին, որ ինքնասպանվածը ոստիկան է, իսկ որպես դրդապատճառ` նշվեց անպատասխան սիրո մի պատմություն:
Կրկին այս տարի, նոյեմբերի 5-ին, ժամը 12.15-ին ահազանգ էր ստացվել, որ Նոր Նորքի 7-րդ զանգվածի շենքերից մեկի մոտ գտնվող ավտոտնակում մի տղամարդ ինքնասպանություն է գործել: Դեպքի վայր մեկնած խումբը պարզել էր, որ մահացածը Նոր Նորքի 7-րդ զանգվածի 20 շենքի 22 բնակարանի բնակիչ, Քանաքեռ-Զեյթունի տարածքային հարկային տեսչության աշխատակից, 39-ամյա Արմեն Գալստյանն է, որն իր կյանքին վերջ էր տվել «Մակարով» տեսակի ատրճանակով: Դեպքի վայրից հայտնաբերվել էր «Մակարովի» մեկ պարկուճ:
Այս տարվա օգոստոսի 16-ին էլ ինքնասպանություն էր գործել Երևանի Կենտրոն-Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազ 37-ամյա Արամ Գրիգորյանը, և կրկին` հաշվեցուցակային զենքով, Լոռիում գտնվող ծնողի գերեզմանի մոտ: Գրիգորյանի գլխի քունքային շրջանում հրազենային մեկ վնասվածք էր հայտնաբերվել, դիակի նախնական զննությամբ մարմնի վրա բռնության հետքեր չէին եղել: Գրիգորյանը թողել էր գրություն, որում խնդրել էր որևէ մեկին չմեղադրել իր արարքի համար: Ա.Գրիգորյանը Կենտրոնի դատախազությունում աշխատանքի էր անցել դեպքից մեկ ամիս առաջ` հուլիսին, իսկ մինչ այդ եղել էր Լոռու կայազորի զինվորական դատախազներից: Արամի նախկին ղեկավարը` Լոռու մարզի կայազորի զինդատախազ Թևոս Միրզաբեկյանը դեպքից հետո «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշել էր, որ վերջին անգամ Գրիգորյանին նախորդ ուրբաթ օրն է տեսել, իսկ դեպքի մասին լսելուց հետո շտապել է գերեզմանատուն:
«Անձամբ գնացել եմ դեպքի վայր, տեսել եմ, համոզվել եմ, ես նրա ձեռագիրը լավ եմ ճանաչում, տեսել եմ, որ նրա ձեռքով է գրված…»,- ասել էր Միրզաբեկյանը: Նրա փոխանցմամբ, Գրիգորյանը հավասարակշռված, իր գործում հմտացած էր, իսկ Երևան էր տեղափոխվել սեփական դիմումի համաձայն: Երևանում բնակվում էր կնոջ ծնողների տանը: «Չեմ կարող ասել, որ ճոխ [էին ապրում], բայց, համենայնդեպս, երեխաները սոված չէին, նորմալ վիճակում էին»,- նշել էր Միրզաբեկյանը: Եվ այս ֆոնին երեկ մի ուշագրավ տեղեկություն է ստացվում, որ Ա.Գրիգորյանը մի շարք ապօրինություններ է իրականացրել: Նա հանցագործություններ կատարած զինվորականների ծնողներից գումարներ է շորթել հանցագործությունները կոծկելու համար, սակայն, պարզվում է, այդ գործերին անգամ ծանոթ չի եղել, և որևէ խոստում կյանքի չի կոչվել:
Տպավորություն է ստեղծվում, որ ոմանք նրա միջոցով ինչ-որ գումարներ են վերցրել, սակայն նրան մասնաբաժին չեն տվել, այլապես Գրիգորյանն ավելի լավ պայմաններում կապրեր, ոչ թե «սոված չէին» վիճակում: Այսինքն` չի կարելի բացառել վարկածը, որ ոմանք ինչ-որ գործարքներ են արել նրա ձեռքով ու հետո արանքից հանել: Ի դեպ, դեռևս անցյալ տարվա սեպտեմբերին «Առաջին լրատվական»-ում հրապարակվել էր «Գողություն` նույնիսկ կրակային գծի տակ» խորագրով մի տեղեկատվություն, որտեղ նշված էր Իջևան-Ղազախ սահմանագծի վրա գտնվող Ջողազի արհեստական ջրամբարի 10 տոննայից ավելի կշռող պոմպերի և խողովակների գողության մասին: Հրապարակումից մոտ 2 ամիս անց գողության փաստով քրգործ էր հարուցել Լոռու մարզի կայազորի զինդատախազությունը:
Հետագայում, երբ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հետաքրքրվել է այս գործի ընթացքով և որոշ հարցադրումներ արել, նույն Միրզաբեկյանը նշել էր, որ այդ քրգործով որևէ անձի մեղադրանք չի առաջադրվել, 21 անձ հարցաքննվել է որպես վկա, քրեական գործով փորձաքննություններ չեն նշանակվել, նախաքննությունը չի ավարտվել, այլ 17.05.11թ. վարույթը կասեցվել է ՀՀ քր.դատ.օր.-ի 31 հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով: Այսինքն` առկա է անհաղթահարելի ուժ, որը ժամանակավորապես խոչընդոտում է քրգործով հետագա վարույթը: Իսկ անհաղթահարելի ուժ ասվածի պարզաբանումը հետևյալն է եղել. «…քրեական գործով հիմնավորվել է, որ հափշտակությունը կատարվել է ադրբեջանական զինծառայողների կողմից տարածքի հսկողության ժամանակահատվածում` գործով չպարզված անձանց կողմից, իսկ ադրբեջանական կողմում քննություն կատարելը անհնար է, ուստի գործում է նախաքննությանը խոչընդոտող անհաղթահարելի ուժ»:
Պաշտոնական պատասխանում նշվել է, որ վարույթը կասեցնելու որոշումը չի կարող տրամադրվել, քանի որ այն պարունակում է պետական, ծառայողական գաղտնիք և հրապարակման ոչ ենթակա նախաքննության տվյալներ: Հետաքրքիր է, թե ում են թաքցրել այս գործով, եթե գողությունը կատարվել է վերջին երկու տարվա ընթացքում, իսկ սահմանագծի փոփոխություն չի եղել, ուրեմն ինչպե՞ս կարող էր այդ տարածքը հայտնվել ադրբեջանական ուժերի հսկողության տակ…