Ոստիկանության վերջին գործողությունները ցույց են տալիս պետության վերաբերմունքը հասարակական նախաձեռնությունների նկատմամբ
00:00, October 28, 2011 | Նորություններ | Հավաքների և միավորումների ազատություն | Ոստիկանություն, Քաղաքացիական նախաձեռնությունների աջակցությունՀելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ վերջին շրջանում չափազանց մտահոգիչ է հասարակական նախաձեռնություններրի, մասնավորապես` «Բանակն իրականում» նախաձեռնության ակտիվիստների` Վարդգես Գասպարիի և Լալա Ասլիկյանի նկատմամբ ոստիկանության կիրառած անօրինաչափ վերաբերմունքը:
Սաքունցը նկատեց, որ ոստիկանության իրականացրած քայլերը ցույց են տալիս պետության վերաբերմունքը հասարակական նախաձեռնությունների նկատմամբ:
Նա նաև հավելեց, որ «Բանակն իրականում» նախաձեռնության մասնակիցների նկատմամբ բռնությունները գնահատում է տիպիկ ավտորիտար իշխանություններին բնորոշ՝ նախագիծ լռեցնելու հասարակական նախաձեռնություն: Սաքունցի խոսքերով՝ սա կազմակերպված արշավ է՝ ուղղված քաղաքացիական նախաձեռնությունների դեմ, և դա ցույց է տալիս, որ պաշտոնյաները նախաձեռնության բարձրացրած խնդիրները լուծելու ու դրանց ընթացք տալու ցանկություն չունեն:
Այդուամենայնիվ, Սաքունցն ընդգծեց, որ նման քայլերը չեն ընկճելու նախաձեռնությանը, և իրենք շարունակելու են ակցիաները, իսկ նախաձեռնության անդամները լրջորեն են տրամադրված:
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ներկայացուցիչ Սոնա Այվազյանն էլ նշեց, որ քաղաքացիների հավաքների ազատությունների իրացումը հաստատված է Սահմանադրությամբ, և պետությունը պետք է երաշխավորի այդ ազատությունը: Այվազյանը նկատեց, որ, ամենայն հավանականությամբ, իրավապահ մարմիններն այդ օրենքը չեն կարդացել կամ եթե կարդացել են, ապա մեկնաբանում են սեփական տեսանկյունից: Այվազյանի խոսքերով՝ բողոքի ակցիաների վերաբերյալ ոոստիկանապետի երեկվա ելույթից պարզ է դարձել, որ նա օրենքը կարդացել է, բայց իր անհատական մեկնաբանությունն է տվել օրենքի դրույթներին. «Կարելի է ենթադրել, որ ամեն շաբաթ ոստիկանապետը կարող է տարբեր տրամադրություն ունենալ, իսկ ցուցարարների նկատմամբ ոստիկանների գործունեությունը կախված կլինի նրա տրամադրությունից, ու ցուցարարների համար անկանխատեսելի կլինի»:
Ինչ վերաբերում է այն հանգամանքին, թե ցուցարարները բերման են ենթարկվում այն պատճառով, որ պաշտոնյաների ու ոստիկանների նկատմամբ վիրավորական արտահայտություններ են անում, Այվազյանը նկատեց, որ դա ցուցարարների արտահայտվելու իրավունքն է, և քաղաքացուն դրա համար բերման ենթարկելը օրենքի խախտում է: Այվազյանը նկատեց՝ բնական է, որ մարդիկ այդ խոսքերից վիրավորվում են, բայց պետք է պաշտոնյաները մտածեն, թե ինչով են արժանացել այդ վերաբերմունքին:
Արթուր Սաքունցն էլ նկատեց, որ այդ վիրավորանքները անձնավորված չեն եղել, դրանք պաշտոնատար անձանց գործունեությանն են վերաբերում: Ըստ Սաքունցի՝ եթե ոստիկանական բաժանմունքներում բռնություններն ու սպանությունները շարունակվում են, ապա դա յուրաքանչյուրին իրավունք է տալիս ոստիկանապետին հանցագործ և մարդասպան անվանելու:
Հարցին՝ եթե ոստիկանապետն արգելի բողոքի ակցիա կազմակերպել կառավարության շենքի մոտ, նախաձեռնությունն ի՞նչ քայլեր է իրականացնելու, Սաքունցը պատասխանեց. «Գնալու ենք նախագահական, գնալու ենք այլ տեղ»:
Սոնա Այվազյանն էլ նկատեց, որ այդ մասին իրենք հաղորդում կներկայացնեն այն նույն ոստիկանությանը, որը խոչընդոտում է մարդկանց ազատ ցույցեր անցկացնելու իրավունքը: