«Երիտասարդ խաղաղասերների միացյալ ցանցի» կողմից իրականացվող «Երիտասարդների մասնակցությունը վիրտուալ եւ միջմշակութային երկխոսության միջոցով»
00:00, October 11, 2011 | Քննարկումներ2011 թվականի մայիսին «Երիտասարդ խաղաղասերների միացյալ ցանցի» կողմից նախաձեռնվեց «Երիտասարդների մասնակցությունը վիրտուալ եւ միջմշակութային երկխոսության միջոցով» ծրագիրը:
Ծրագրի նպատակն էր` Եվրոպական երկրների երիտասարդներին զինել գործիքներով ու կարողություններով իրենց հասարակություններում փոփոխման գործընթացին մասնակցություն ունենալու համար, մեծացնել երիտասարդների դերն այդ գործում՝ հետազոտությունների եւ շահերի պաշտպանության միջոցով:
Ծրագիրը ֆինանսավորվել է Եվրոպական միության երիտասարդական հիմնադրամի կողմից, համագործակցելով «Երիտասարդ խաղաղասերների միացյալ ցանցի» անդամ կազմակեպությունների հետ, որոնք ներկայացնում էին Նիդերլանդները, Իսպանիան, Իտալիան, Բելգիան, Ռումինիան Հայաստանը, Վրաստանը ու Ադրբեջանը:
Ծրագիրը ներառում էր 3 հիմնական փուլ. ուսումնասիրություն երիտասարդների ներգրավվածության եւ միջմշակութային երկխոսության վերաբերյալ, հնգօրյա դասընթաց Նիդերլանդներում եւ հետագա հանդիպումներ տեղական մակարդակում: Ծրագրի մասնակից երիտասարդները ուսումնասիրություններ էին կատարել իրենց համայնքում կամ երկրում առկա խնդիրների վերաբերյալ:
Ծրագրի երկրորդ փուլում, որն անցկացվեց Նիդերլանդներում, մասնակիցները տեղեկություններ ստացան կոնֆլիկտի վերլուծման եւ քաղաքացիական շահերի պաշտպանության մի քանի գործիքների (կոնֆլիկտների քարտեզագրում եւ SWOT վերլուծություն) մասին, որպեսզի կիրառեն դրանք գործնականում:
Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Հայաստանը ներկայացնող թիմը հանդիպումներ կազմակերպեց Լոռու մարզի Վանաձոր, Ստեփանավան եւ Ալավերդի քաղաքների երիտասարդների հետ՝ քննարկելու համար այն բոլոր խնդիրները, որոնց լուծման համար կարող են մասնակցություն ունենալ հենց իրենք՝ երիտասարդները:
Քննարկումների հիմնական թեմաներն էին հակամարտությունը, բռնությունները, բանակցային հմտություններն ու հակամարտությունների կարգավորման ընթացքում երիտասարդների մասնակցությունը: Քննարկումների ընթացքում քննարկվեցին հակամարտություններին կամ բռնությանը վերաբերող մասնակիցների ունեցած սեփական փորձը, որոնք ներկայացվում էին խմբային աշխատանքներում: Նրանք նաեւ տեղեկացվեցին միջազգային ու տեղական մի շարք կայքերի մասին (որպես երիտասարդական խաղաղասիրական շահերի պաշտպանության գործիքներ):
«Երիտասարդների մասնակցությունը վիրտուալ եւ միջմշակութային երկխոսության միջոցով» ծրագրի ավարտից հետո «Երիտասարդ խաղաղասերների միացյալ ցանցը» նախատեսում է ծրագրի մասնակիցների ներգրավմամբ հրատարակել գրքույկ ՝ կիսվել երիտասարդների՝ իրենց համայնքներում անցկացրած տեղական ծրագրերի ընթացքում ձեռք բերած փորձով: