Դուք եք ամրապնդում բռնատիրությունը
00:00, October 8, 2011 | Մամլո հաղորդագրություններ«Ի՞նչ ապագա ունի ժողովրդավարությունը եւ քաղաքացիական հասարակությունը» եռօրյա միջազգային համաժողովի երկրորդ օրը սկսվեց միջազգային հեղինակավոր կառույցների` ԵԱՀԿ, Եվրոպայի խորհրդի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների ելույթներով, և թվաց, թե նրանք, ինչպես և մեր իշխանությունները, փորձում են բացատրական աշխատանք կատարել և բառերով հետ բերել Հայաստանի բնակիչների վստահությունը, որը մասամբ կորցրեցին մարտի 1-ից հետո:
Օրինակ, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փոխդեսպան Կարել Հոստրան բացատրում էր, որ իր կառույցի համար հարց է, թե, օրինակ, ինչն է ավելի արդյունավետ պետություններին ժողովրդավարական արժեքների ճանապարհով տանելու գործում`ձայն բարձրացնել ամեն խախտման դե՞մ, թե փորձել դիվանագիտական ճանապարհով լուծել հարցերը:
Իսկ Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Սիլվիա Զեդեն վստահեցնում էր, որ «երկակի ստանդարտները», որոնց կիրառման համար հաճախ մեղադրվում է ԵԽ-ն, իրականում չեն դրսևորվում միջազգային այդ կազմակերպության աշխատանքում, իսկ վերջինիս զգուշավորությունը բացատրվում է նրանով, որ որոշումներն անդամակցող երկրները միասին են ընդունում և նրանց հանրագումարի բերելն այնքան էլ հեշտ չէ: Մինչդեռ «քաղաքացիական հասարակությունը բավականին ակտիվ է և հավակնությունները շատ բարձր են: Երբեմն տեսնում ես, որ մեծ ակնկալիք կա, որ յուրաքանչյուր բարձրացված հարց հենց իր առաջարկած ձեւով պետք է լուծվի, և չի գնում փոխզիջման, ինչից էլ հիասթափություններ են լինում»:
Human Rights Watch-ի ներկայացուցիչ Ռեյչել Դենբերը ճկուն ձևակերպում տվեց թեմային. «Ինչքա՞ն կարող եք դիմել կոմպրոմիսների, առանց վտանգելու ձեր առաքելությունը»: Սակայն դիվանագիտական և ճկուն ձեւակերպումները, կարծես, չէին խլացնում հետընտրական արձագանքները` գոնե կոնֆերանսի դահլիճում:
«Մենք գիտենք, որ ժողովրդավարության այն մակարդակը, որը դուք պահանջում եք երկրներից, հենց Ձեր կառույցների ներսում չեք կարողանում ապահովել: Ի՞նչ եք անում այս ուղղությամբ», – հարցրեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, ինչին ԵԱՀԿ փոխդեսպան Կարել Հոստրան անկեղծ պատասխանեց. «Մենք գիտենք, որ մարդու իրավունքների հետ կապված Հայաստանում կան պրոբլեմներ: Մարտի մեկին էլ ավելի վատ բաներ ենք տեսել: Աշխատանքի առաջին տարիներին աշխատել ենք վստահություն ձեռք բերել որոշ հարցերի մասին չխոսելով: Երբեմն որոշ բաներ կուլ էինք տալիս, որ հասնենք արդյուքնի: Առայժմ մենք նախընտրում ենք ավելի իմպերատիվ լինել, քան խոսել մեգաֆոնով»:
Ճիշտ հակառակ կարծիք արտահայտեց Ղրղզստանից եկած մի իրավապաշտպան. «Այս դահլիճում ես կրկին համոզվեցի, որ ժողովրդավարության պահանջը դատարկ բառեր են: Մենք կատարում ենք Ձեր պահանջները, մեր օրենսդրությունը դառնում է ավելի ճկուն, ավելի համապատասխան եվրոպական չափանիշներին, բայց չի կիրառվում: Դուք երկակի ստանդարտներ եք կիրառում, որոնք ավելի են ամրապնդում ավտորիտար ռեժիմները»:
Սա դահլիճում հնչած ամենակտրուկ ելույթն էր, որը կրկին մտորել տվեց, թե արդյոք ուրիշը կարող է տալ այն, ինչ կարող ենք անել մենք` ավտորիտար երկրների քաղաքացիներս:
Աղբյուրը՝ www.lragir.am
Սյուզան Սիմոնյան