Մարդու իրավունքները խախտվում են ԼՂՀ քաղաքական խաղերի պատճառով
00:00, October 7, 2011 | Նորություններ | Արդար դատաքննության իրավունք, Խոշտանգումներից և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունք | ՈստիկանությունԼՂՀ գլխավոր դատախազությունը քրեական գործ էր հարուցել ՀՀ քաղաքացի Մանվել Հազրոյանի դեմ և նրա պաշտպան Էդմոն Մարուքյանին հրավիրել Ստեփանակերտ` ցուցմունք տալու, այլապես սպառնացել էր «բերման ենթարկել»:
Մարուքյանի ներկայացրած հաղորդումները` իր և իր պաշտպանյալի նկատմամբ բռնություն կիրառելու, լրագրողների աշխատանքը խոչընդոտելու վերաբերյալ, մնացել էին անհետևանք: Եվ Հայաստանի Հանրապետությունում չկա մի պետական մարմին, որ պաշտպանի իր քաղաքացիների իրավունքները: Երեկ «Առաջին լրատվական»-ին իր դժգոհությունները ներկայացրեց 8 զինծառայողներին հրազենային վնասվածքներ հասցրած (որից 4-ը մահացել էին) և Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի դատավճռով ցմահ ազատազրկման դատապարտված Մանվել Հազրոյանի պաշտպանը:
Հիշեցնենք, որ ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում կայացած արտագնա դատական նիստի ժամանակ Մանվել Հազրոյանը, ցմահ ազատազրկման վճիռը լսելուց հետո, հանքային ջրի պոլիէթիլենային շիշը նետել էր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հ.Դավթյանի ուղղությամբ: Այդ ժամանակ դատական կարգադրիչի գործառույթներն իրականացնող ոստիկանները` ԼՂՀ Շուշիի քննչական մեկուսարանի աշխատակիցները, ձեռնաշղթաներ էին հագցրել Հազրոյանին, նիստի դահլիճում գտնվող լրագրողներին և ամբաստանյալի հարազատներին դուրս հանել նիստերի դահլիճից և դատավորի ու պաշտպան Էդմոն Մարուքյանի ներկայությամբ ծեծել էին Հազրոյանին, քաշքշել պաշտպանին` գոռալով նրա վրա և փորձելով դուրս հանել նիստերի դահլիճից: Ավելի ուշ, տղային ծեծելով նստեցրել էին մեքենան և տեղափոխել մեկուսարան:
Պաշտպանը իրավական կազուս է համարում պոլիէթիլենային շշով դատավորին հարվածելու քրեական գործի շուրջ ստեղծված իրավիճակը. «Հազրոյանի նկատմամբ բռնածեծի, լրագրողներին դատարանից դուրս հանելու հետ կապված քննիչը առանձին որոշում է կայացրել` քրեական հետապնդում չիրականացնելու մասին: Ղարաբաղի քննիչի մասին է խոսքը, որի որոշումը ինձ պարզ էլ չի, թե ուր կարելի է բողոքարկել, չնայած ես բողոքարկել եմ Հայաստանի գլխավոր դատախազին, բայց ինչ-որ անհասկանալի իրավիճակ է: Հայաստանի գլխավոր դատախազին ենք բողոքարկել, քանի որ գործն արդեն Հայաստանում է, և մենք մեր հաղորդումն էլ ի սկզբանե Հայաստանի գլխավոր դատախազին էինք ուղարկել, դրա համար մենք գործ չունենք այնտեղի դատախազության հետ, որ ինչ-որ բան անեինք»: Բացի դա, Է.Մարուքյանի խոսքով` այդ նույն գործի շրջանակներում ԼՂՀ դատախազության քննիչը իրեն (պաշտպանին) հարցաքննության ներկայանալու ծանուցագիր է ուղարկել, որ նա գա և իր պաշտպանյալի դեմ ցուցմունք տա:
Եվ միայն վերջերս` քրեական գործի նախաքննության ավարտից հետո է պաշտպանը հայտնաբերել, որ ԼՂՀ քննիչը ՀՀ քաղաքացի փաստաբանի նկատմամբ նաև բերման ենթարկելու որոշում է կայացրել և դիմել ԼՂՀ ոստիկանապետին` այն իրականացնելու համար: Բայց, բարեբախտաբար, այդ կոպիտ իրավախախտումը չի իրականացվել` ապօրինությունը քողարկող մի պատճառաբանությամբ. «Հետագայում նրանք դիմել են ոստիկանապետին` պատճառաբանել, թե խնդրում ենք` դադարեցնել որոշման ի կատար ածումը, քանի որ մենք արդեն գործն ուղարկում ենք Հայաստան: Բայց որոշում` ինձ բերման ենթարկելու մասին, եղել է և ինձ մոտ կա»,- նշեց պաշտպանը, ում ԼՂՀ իրավապահները մղում էին իր պաշտպանյալի դեմ հակաօրինական գործողություններ կատարելու` ասենք, փաստաբանական գաղտնիք հրապարակելու կամ իր պաշտպանյալին պաշտպանելու փոխարեն` հարվածի տակ դնելու:
Արդյո՞ք բողոքարկելու է քննիչի այդ որոշումը` հետաքրքրվեցինք պաշտպանից: «Այդ որոշումը… ըստ էության ժամկետներն էլ չկա դրա բողոքարկելու, և չգիտեմ էլ, թե դա ուր կարելի է բողոքարկել: Սա ուղղակի փաստ է, որն արձանագրում է, որ փաստաբանի նկատմամբ տեղի է ունենում մի ամբողջ ապօրինությունների շարք, և որևէ իրավասու պետական մարմին Հայաստանի Հանրապետությունում չի միջամտում ապօրինություններին` այն պարագայում, որ մենք տեղեկացրել ենք իրավասու բոլոր մարմիններին, որ նման գրություն է մեզ ուղարկվել»,- դժգոհեց զրուցակիցս` հավելելով. «…Այնքան որ, այդ անձին պատժեն էլի, որն, ըստ էության, իրավական կազուս է և աբսուրդ է»: