Փորձաքննության լուսանկարներն Արտակի հարազատներից թաքցնում են
00:00, October 4, 2011 | Նորություններ | Արդար դատաքննության իրավունք, Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ, Կյանքի իրավունք | Զինված ուժերՏավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ 2010թ. Չինարիի սահմանամերձ հենակետերից մեկում նախնական վարկածով ինքնասպանություն գործած սպա Արտակ Նազարյանի գործով հերթական` չորրորդ դատավարությունը:
Տեղեկացնենք, որ նախորդ երեք նիստերը չեն կայացել որոշ ոչ օբյեկտիվ պատճառներով, ինչը տուժողի հարազատներին հիմք է տվել պնդելու, որ դա արվում է դիտավորյալ, ամեն անգամ դժվարությամբ մայրաքաղաքից հեռավոր Բերդ ժամանելու արդյունքում իրենց հոգնեցնելու, հուսահատեցնելու համար:
Արտակի մայրը` Հասմիկ Հովհաննիսյանը, կարծում է, որ դատարանը նպատակ ունի հասնելու նրան, որ առանց տուժողի իրավահաջորդի վճիռ կայացնի:
Այս անգամ դատարանում էին բոլոր կողմերը, բացառությամբ երկու վկաների, որոնք բացակայում են Հայաստանից եւ համաձայնել են նախաքննության ընթացքում տրված իրենց ցուցմունքները հիմք ընդունել: Սա նույնպես Արտակ Նազարյանի սպանությամբ հետաքրքրվողներին կասկածելի է թվում, քանի որ, ինչպես վկայում են մեր աղբյուրները, շարքային զինվորները ցուցմունքներ են տվել ստորացվելու, սպառնալիքների եւ վախի մթնոլորտում:
Նիստին մասնակցելու համար «Երեւան» ՔԿՀ-ից դատարան էին բերվել ոչ միայն գործով կալանավորված չորս ամբաստանյալները, այդ թվում` լեյտենանտ Վահագն Հայրապետյանը, այլ նաեւ ազատության մեջ գտնվող, Նոյեմբերյանի զորամաս տեղափոխված շարքային Հարութիկ Կոստանյանը: Ի դեպ, միայն այս ուջանցի զինվորի հայացքում ու գործողություններում էին երկչոտություն ու միգուցե պատահածի ափսոսանքի զգացում նկատվում: Մնացած չորսի հայացքներում դատարկ անտարբերություն էր, ինքնավստահություն: Երեւի սոցիալական գործոնն էր այստեղ որոշիչ:
Երբ դատավոր Սամվել Մարդանյանը Հարութիկին հարցրեց, թե ստացե՞լ է արդյոք մեղադրական եզրակացությունը, զինվորը բացասական պատասխան տվեց, ինչն էլ քիչ էր մնում դատական նիստը եւս մեկ անգամ հետաձգելու հիմք հանդիսանար: Դահլիճից Կիրակոսյանի հարազատները պնդում էին, որ իրենց որդին ստացել է փաստաթուղթը, բայց «էդ ժամանակ լարված էր, չի հիշում»: Հայտարարվեց ընդմիջում: Երեւի դրությունը փրկելու եւ հարցը ճշտելու համար դատախազ Հարությունյանն առանձնազրույցի կանչեց մեղադրյալ Կիրակոսյանին:
Արտակ Նազարյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Մուշեղ Շուշանյանը, օրենքի տառը մեջբերելով, Հարությունյանին բացարկ հայտարարեց, ինչին միացավ նաեւ երեք դատապաշտպաններից մեկը: «Մեղադրողի վարքագիծը նշանակում է, որ նա կանխակալ վերաբերմունք ունի դատավարության նկատմամբ, եւ սա արդարադատության նկատմամբ լուրջ վերաբերմունք չէ»,-ասաց Մ. Շուշանյանը:
Դատավոր Մարդանյանը, սակայն, մերժեց բացարկի միջնորդությունը:
Այս նիստում միջնորդություններ շատ եղան: Վահագն Հայրապետյանի պաշտպանն իր պաշտպանյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու որոշումը գրավի դիմաց ազատ արձակելու որոշմամբ փոխարինելու միջնորդությամբ հանդես եկավ, ինչը նույնպես դատարանը մերժեց: Հետաքրքիր է, որ այս միջնորդությանը միացան թե բոլոր երեք դատապաշտպանները, թե ամբաստանյալները: Դատավոր Մարդանյանը, անթույլատրելի համարելով նման գործի շրջանակներում ամբաստանվող անձի` գրավի դիմաց ազատ արձակումը, մերժումը հիմնավորեց այն բանով, որ Հայրապետյանի արարքը դասվում է ծանր հանցագործությունների շարքը, որի համար սահմանվում է 3-8 տարվա ազատազրկում:
Միջնորդություններով հանդես եկավ նաեւ տուժողի իրավահաջորդը` պահանջելով դատաբժշկական փորձաքննության համար օգտագործված լուսանկարների կրկնօրինակները` արտերկրում գործող համապատասխան մասնագետներին ուղարկելու համար, որպեսզի ստանան նրանց կարծիքը: «Ոչ նախաքննության մարմինը, ոչ զինդատախազությունը մեզ չկարողացան օժանդակել լուսանկարները ստանալու հարցում: Լուսանկարներն արվել են թե Բերդի հիվանդանոցի դիահերձարանում, թե Դատական բժշկության գիտագործնական կենտրոնում: Կենտրոնից ստացվեց պատասխան, որ նկարների կրկնօրինակները տրամադրվել չեն կարող: Մենք փակուղային իրավիճակում ենք հայտնվել այդ առումով»,-մեզ հետ զրույցում ասաց Շուշանյանը:
Նազարյանների ընտանիքը նաեւ պահանջեց դատական նիստերը տեղափոխել Երեւան, հաշվի առնելով, որ դատավարության կողմերը հիմնականում բնակվում են Տավուշի մարզի տարածքից դուրս, չորս կալանավորները` «Երեւան» ՔԿՀ-ում: Բացի այդ, Բերդի ճանապարհը շատ երկար է, հոգնեցնող, դժվարամատչելի, իսկ առջեւում ձմեռ է: «Մենք պատրաստվում ենք շատ ակտիվ մասնակցել դատապրոցեսին, գործն ունի հասարակական հնչեղություն եւ շատ լրատվամիջոցների է հետաքրքրում, բայց այս ձեւով շարունակվելու դեպքում կհամարենք, որ միտումնավոր անհարմարություններ են ստեղծվում տուժող կողմի համար»,-ասաց փաստաբան Մ.Շուշանյանը:
Նիստերը Երեւանում անցկացնելուն կողմ էին նաեւ դատավարության մյուս կողմերը, բացի դատապաշտպան Կարեն Ղալումյանից, որն առաջարկեց դրանք տեղափոխել թեկուզ Դիլիջան քաղաք: Դատավոր Մարդանյանը որոշում կայացրեց վկաներին լսելուց հետո հաջորդ բոլոր նիստերը տեղափոխել Դիլիջան: Նա պատճառաբանեց, որ այդպես նաեւ իրեն հարմար կլինի, քանի որ ինքն այս դատարանի նախագահն է: Մեզ հետ զրույցում փաստաբան Շուշանյանն առավել հավանական համարեց այն պատճառը, որով փորձ է արվում խախտել գործի հրապարակայնությունը:
Այսպիսով աշխատանքային հերթական օրն ավարտվեց, եւ Արտակ Նազարյանի գործով հաջորդ դատավարությունը կկայանա հոկտեմբերի 12-ին:
Զրուցեցինք Արտակի մոր` տիկին Հասմիկի հետ: «Վահագն Հայրապետյանը, ըստ գործի, երկու անգամ թողել է իր հենակետը, Հակոբ Մանուկյանի կանչով կեսգիշերին գնացել է, որ «իտոգ տա»,-ասաց:- Հայրապետյանը եկել է, ու Մանուկյանի հետ միասին Արտակին լավ ծեծել են, հետո էլ գլուխ են գովացել, թե` տեսա՞ք ինչ արինք:
Հետո էլ երկրորդ անգամ նորից եկել է նույն հենակետը, ու Հակոբի հետ իրենց սեւ գործն են արել: Երկու վկաները Հայաստանից գնացին: Սա նշանակում է, որ նրանք հրաժարվել են իրենց նախաքննական ցուցմունքները երկրորդ անգամ կրկնելուց: Էն հեքիաթները, որ քննիչի ցուցումով պատմել են, էլ չեն ուզում պատմեն»: Նախաքննական գործողությունների մասին զրուցեցինք նաեւ Արտակի քրոջ՝ Ծովինար Նազարյանի հետ:
«Միանշանակ ակնհայտ է, որ նախաքննությունը չի տարվել ճիշտ ճանապարհով, եւ չեն բացահայտվել բոլոր մեղավորները: Գործը բացահայտված համարել չի կարելի,-ասաց Ծովինարը:-Բազմաթիվ ապացույցներ ցույց են տալիս, որ լիքը սուտ կա այս գործում: Հույս ունենք դատարանում որոշակի ճշմարտության հասնել»: Ծովինարը նաեւ նշեց, որ նիստերը Դիլիջան տեղափոխելը նույնպես էական ոչինչ չի փոխում, եւ դա եւս խոչընդոտ է իր ընտանիքի համար:
Աղբյուրը՝ http://www.hraparak.am/2011/10/04/harazatneric-taqcnum-en/