Արտակարգ դեպք` ըստ Սաքունցի
00:00, October 3, 2011 | Նորություններ | Հավաքների և միավորումների ազատություն, Տեղաշարժի ազատություն | Ոստիկանություն«Այդ ի՞նչ արտակարգ դեպք է տեղի ունեցել ՀՀ-ում, որը հանգեցրել է ոստիկանության աշխատողների շուրջօրյա հերթապահության»,- հարց է տալիս Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը:
Նա հավաստիացնում է, որ ոստիկանությունը հատկապես Լոռու մարզի ճանապարհներին է իրականացնում շուրջօրյա հերթապահություն, բայց դրանք ոչ թե ճանապարհային ոստիկաններ են, այլ ոստիկանության բաժնի աշխատակիցներ:
Վանաձորում այսօր աշխատում է մեկ -երկու տրանսպորտ, սակայն մինչեւ Երեւան հասնելը՝ կանգնեցնում եւ ստուգում են ուղեւորների բոլոր փաստաթղթերը:
Հարցին, թե ինչո՞ւ են ստուգում փաստաթղթերը, ոստիկանները պատասխանում են. ըստ Արթուր Սաքունցի՝ լինում է այն, որ աճել է քրեական հանցագործությունների թիվը եւ փորձում ենք կանխել դրանք:
«Սեպտեմբերի 30-ին մեկնարկած՝ ընդդիմության շուրջօրյա նստացույցից եւ հանրահավաքից առաջ այդպիսի բան չկար, թեեւ հանցագործությունների աճը դրանից առաջ էլ եղել է»,- «Ա1+»-ին փոխանցեց Արթուր Սաքունցը:
Իրավապաշտպանը տեղեկություններ ունի նաեւ, որ մարզերի օպերները այցելում են Ազատության հրապարակ, նկարահանում նստացույցի մասնակիցներին եւ նրանց տվյալները հաղորդում ոստիկանության բաժիններին:
«Ոստիկանության կողմից սա պաշտոնական դիրքի չարաշահում է՝ քաղաքական նպատակների շահարկում, ինչը հանգեցնում է սահմանադրությամբ ամրագրված՝ մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքին խոչընդոտման»,- նշեց իրավապաշտպանը:
Անդրադառնալով վերջին օրերին միջհամայնքային ուղեւորափոխադրում իրականացնող ընկերությունների աշխատանքի դադարեցմանը, Արթուր Սաքունցը եզրակացրել է, որ ուղեւորափոխադրումներ իրականացնող ձեռնարկությունները զարմանալի զուգադիպությամբ դադարեցնում են իրենց աշխատանքները հենց հանրահավաքների օրերին:
Աղբյուրը՝ http://www.a1plus.am/am/politics/2011/10/03/emergency