Ժամանակը լրանում է
00:00, September 30, 2011 | Նորություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ | Զինված ուժերՍ/թ սեպտեմբերի 6-ին մի խումբ հայ իրավապաշտպաններ հանդես եկան հայտարարությամբ եւ հայտարարեցին, որ եթե մեկ ամսվա ընթացքում չլուծվի հայկական բանակում տիրող խայտառակ իրավիճակը, ապա իրենք կպահանջեն Սերժ Սարգսյանի հրաժարականը:
«Պահանջում ենք ՀՀ գլխավոր գերագույն հրամանատարից անհապաղ ապահովել` 1994 թվականից մինչեւ օրս ՀՀ բանակում զինծառայողների նկատմամբ կիրառված բռնությունների ու մահվան դեպքերի, այդ թվում` սպանությունների եւ ինքնասպանությունների, քրեական գործերի վարույթների մանրակրկիտ ուսումնասիրության կազմակերպումը` վեր հանելու նախաքննություն եւ դատաքննություն իրականացնող մարմինների կողմից թույլ տրված բացթողումներն ու օրինախախտումները` ներգրավելով անկախ փորձագետների եւ շահագրգիռ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների»,- նշված է իրավապաշտպանների հայտարարության մեջ:
Երեկ որոշ հարցեր ուղղեցինք հայտարարությունը ստորագրած իրավապաշտպաններից մեկի` Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցին:
– Պարոն Սաքունց, մեկ շաբաթից կլրանա ձեր ասած մեկ ամիսը: Անցած երեք շաբաթների ընթացքում ձեր պահանջներից գոնե մեկը կատարվե՞լ է:
– Ոչ, բացի տարբեր տեսակի հանդիպումներից, տարբեր մեկնաբանություններից, խոսակցություններից, թե աշխատում ենք եւ այլն, որեւէ լուրջ քայլ չենք տեսել թե՛ բարեփոխումների, թե՛ սպանությունների բացահայտման, թե՛ քննչական գործողությունների, թե՛ դատական գործընթացների ուղղությամբ:
– Սերժ Սարգսյանի հրաժարականի վերաբերյալ ձեր հայտարարությունը ուժի մե՞ջ է:
– Այո, գերագույն գլխավոր հրամանատարի հրաժարականի պահանջը ուժի մեջ է:
– Եթե առաջիկա օրերին որեւէ պաշտոնյա կամ լիազորված անձ խոստանա առաջիկայում կատարել ձեր պահանջները, հնարավո՞ր է, որ ձեր ասած մեկ ամիս ժամկետը երկարացվի:
– Մենք մինչ մեկ ամսվա ավարտը հրապարակային մի պահանջ էլ կներկայացնենք, ինչից հետո կորոշենք, թե հետաձգո՞ւմ ենք մեր պահանջների կատարման ժամկետը, թե ոչ, եթե այո, ապա ինչքան ժամանակով:
– Ո՞րն է լինելու այդ նոր պահանջը:
– Կհրապարակենք` կիմանաք: Ոչ թե ընդհանրապես նոր պահանջի մասին է խոսքը, այլ մեր սկզբնական պահանջներին վերաբերվող` տեղեկատվություն ստանալու պահանջը:
– Խոսակցություններ կան, թե առաջիկայում ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը պաշտոնանկ կարվի: Նրա պաշտոնանկությունը որպես բարեփոխում չե՞ք դիտի:
– Անձերն էլ են կարեւոր, բայց դրանից համակարգի էությունը չի փոխվում, ցավոք: Մենք նաեւ համակարգային փոփոխությունների պահանջի փաթեթ ենք ներկայացնելու: Նույնիսկ եթե Խաչատուրովին էլ հանի, նոր քաղծառայողներ ընդունի, դրանք էական բաներ չեն փոխի: Եթե պաշտպանության նախարարը իր խորհրդին կշտամբում է, թե լավ չեք աշխատում սպանվածների ծնողների հետ, որ նրանք չգնան «այլ դաշտ», ուրեմն դեռ լավ չի հասկացել, թե ինչ են նշանակում մեր պահանջները, չի հասկանում, թե ինչ պետք է անի մեր պահանջները, բարձրացրած խնդիրները լուծելու ուղղությամբ: Հիմա այնպիսի տպավորություն է, որ փորձում են սեպարատ հանդիպումների միջոցով մասնատել նախաձեռնությունը, բայց դա տապալված տակտիկա է: Հրապարակային պահանջները շարունակվելու են եւ ավելի մեծ չափով:
Աղբյուրը՝ http://www.armtimes.com/28317