Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը` ընդդեմ քննիչի որոշման
00:00, June 29, 2011 | Մամլո հաղորդագրություններ | Արդար դատաքննության իրավունք, Խոշտանգումներից և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունք | ՈստիկանությունԵրեկ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում (դատավոր` Ռաֆիկ Մելքոնյան) լսվեց «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ-ի հայցը, պահանջով` վերացնել ՀՀ ոստիկանության Դիլիջանի քննչական բաժանմունքի քննիչ Ս. Սաղաթելյանի` քրեական գործ հարուցելու մերժման մասին որոշումը, եւ գործը ուղարկել նախաքննության:
Խոսքը վերաբերում է այն որոշմանը, որով քննիչը մերժել է քրեական գործ հարուցել Սպիտակի ոստիկանների նկատմամբ, ովքեր, հայցվոր կողմի պնդմամբ, բռնություն են գործադրել Գյումրիի բնակիչներ Ռազմիկ Տոնոյանին եւ Արմեն Մելքոնյանին, ովքեր 2009 թ. սեպտեմբերի 29-ին ձերբակալվել էին գողություն կատարելու մեղադրանքով: Բռնության մասին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցին եւ ՔԿՀ դիտորդական խմբի անդամ Միքայել Արամյանին Վանաձոր ՔԿՀ-ում հայտնել են Տոնոյանն ու Մելքոնյանը: Դատաբժշկական փորձաքննությամբ նույնպես նրանց մոտ հայտնաբերված են եղել վնասվածքներ:
Արթուր Սաքունցը ոստիկանների կողմից իրականացրած հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել, սակայն Վանաձորի քննչական բաժնի քննիչ Կարապետյանի կողմից կայացվել է քրեական գործ չհարուցելու մասին որոշում, որն իրավապաշտպանը բողոքարկել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում: Այստեղ հայցը բավարարել են, եւ այս անգամ դատախազությունն է վճիռը բողոքարկել: Փոխնիփոխ բողոքարկմամբ գործը հասել է Վճռաբեկին, որը պահանջել է նորից նախաքննություն իրականացնել: Գործն ուղարկվել է Դիլիջանի քննչական բաժին, բայց այստեղ քննիչ Ս. Սաղաթելյանի կողմից վերստին կայացվել է քրեական գործ չհարուցելու մասին որոշում: Ինչն էլ այժմ իրավապաշտպան կազմակերպությունը բողոքարկում է:
Ինչպես դատարանում նշեց Արթուր Սաքունցը, Սաղաթելյանը բազմակողմանի եւ լրիվ քննություն չի իրականացրել: Քննիչը բավարար է համարել Ռ. Տոնոյանի ցուցմունքն այն մասին, որ ինքը վնասվածք է ստացել ընկնելու պատճառով: Չնայած Տոնոյանը «Վանաձոր ՔԿՀ»-ում տեղեկացրել է, որ իրենց ծեծի են ենթարկել քաղաքացիական համազգեստով անձինք` ինքնախոստովանական ցուցմունք կորզելու համար, սակայն այժմ հրաժարվում է այդ կապակցությամբ ցուցմունք տալ: Նա ոչ հերքում է, ոչ էլ հաստատում այդ փաստը: «Քննիչի կողմից չեն գործադրվել բոլոր անհրաժեշտ քայլերը,-դատարանին ներկայացրեց Արթուր Սաքունցը: «Մեր կազմակերպության կողմից հանցագործության մասին հաղորդումը եղել է 2009 թ. նոյեմբերի 11-ին: Ներկայացված հանցագործության մասին հաղորդման վերաբերյալ որոշումը կայացվել է միայն 2011 թ. ապրիլի 22-ին»: Հայցվոր կողմը, որպես օրինակ եւ նախադեպ մեջբերեց հատվածներ ՄԻԵԴ-ում կայացրած վճիռներից, որ կայացվել են նմանատիպ գործերի դեպքում: Նա դատարանից պահանջեց վերացնել քննիչ Սաղաթելյանի որոշումը եւ գործը ուղարկել նախաքննության: Ա. Սաքունցը նաեւ միջնորդություն ներակայացրեց, որ քննիչ Սաղաթելյանի կողմից կատարված որոշման նյութերին ծանոթ չեն` խնդրելով դրանք ներկայացնել իրենց: Դատավոր Ռ. Մելքոնյանը բավարարեց միջնորդությունը: Դատական նիստը հետաձգվեց մինչեւ հուլիսի 7-ը:
Մեզ հետ զրույցում իրավապաշտպան Արթուր Սաքունցն ասաց. «Իմ միանշանակ գնահատականն այն է, որ ամեն ինչ արվում է բռնություն կատարած ոստիկաններին հովանավորության տակ վերցնելու համար: Քննության ժամանակ չեն ցանկացել ուշադրության արժանացնել այն փաստը, որ ձերբակալման օրը Վանաձորի ձերբակալվածների պահման վայրում, ժամը 12-ի կողմերը Տոնոյանին եւ Մելքոնյանին բժշկական օգնություն է ցույց տրվել»:
Իրավապաշտպանը նաեւ կասկածելի համարեց, որ Վանաձորի քննչական բաժանմունքի քննիչ Կարապետյանը հարցաքննությունը կատարել է գիշերը:
Իսկ ոստիկաններին չի էլ հարցրել, թե այդ մարդիկ ինչու են ծեծված վիճակում: