Դիտորդական խումբը կոպիտ խախտումներ է արձանագրում ոստիկանական համակարգում
00:00, June 21, 2011 | Նորություններ | ՈստիկանությունՀայաստանի Հանրապետությունում ոստիկանության համակարգի ձերբակալված անձանց պահելու վայրերում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խումբը 2010-ին 30 դեպք է արձանագրել, երբ ձերբակալված անձանց պահելու վայրերում (ՁՊՎ) պահել են հոգեկան, սուր վարակիչ և մասնագիտական բուժօգնության կարիք ունեցող մարդկանց։
2008թ-ին ՀՀ կառավարության կողմից հաստատված ՀՀ ոստիկանության համակարգում գործող ձերբակալվածներին պահելու վայրերի ներքին կանոնակարգի 179-րդ ենթակետի համաձայն՝ նման ձերբակալվածների չի թույլատրվում պահել ՁՊՎ-ներում։
Նշված անձինք ՁՊՎ-ի բուժաշխատողի կամ շտապ բուժօգնության բժշկի գրավոր եզրակացությամբ և դրա հիման վրա՝ ոստիկանության մարմնի պետի որոշմամբ պետք է փոխադրվեն հատուկ մասնագիտացված կամ քաղաքացիական բուժհաստատություն։
ՀՀ ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության պետ Աղասի Կիրակոսյանը և ոստիկանության համակարգի մյուս աշխատողները ժխտեցին այս փաստը, ինչպես նաև 2010թ-ին հասարակական դիտորդական խմբի կողմից հրապարակված մոտ 200 էջանոց զեկույցում տեղ գտած խախտումների մեծ մասը։
2006թ-ից գործող այս դիտորդական խումբն արդեն հրապարակել է թվով 4-րդ զեկույցը, որը պատրաստվել է Բաց Հասարակության Հիմնադրամներ- Հայաստանի, ինչպես նաև ԵԱՀԿ գրասենյակի ֆինանսական աջակցությամբ։
Դիտորդական խմբի անդամներն ուսումնասիրել են ՀՀ տարածքում գործող 40 ՁՊՎ-ների գործունեությունը և դրանք ըստ մարզերի ներկայացրել զեկույցում։
Ակնհայտ խախտումների մեջ առանձնացրել են օրական մեկ հերթապահով ՁՊՎ-ի աշխատելը, ով միայնակ չի կարող ապահովել ձերբակալվածների զբոսանքը, սննդի տրամադրումը, հանձնուքի ընդունումը, տեսակցության տրամադրումը, զուգարանի ու լոգանքի հարցերը։
Թեև ոստիկանները նշեցին, որ օրենքով իրենք պարտավոր չեն ապահովել մեկական բժիշկ ամեն մի ՁՊՎ-ում, բայց դիտորդական խմբի անդամները պնդեցին, որ ՁՊՎ-ին անհրաժեշտ է գոնե մեկ բուժակ, ում առկայությունը Երևանի ՁՊՎ-ում իր դրական արդյունքն է տվել, երբ ձերբակալվածներից մեկը փորձել է ինքնասպան լինել, իսկ մարզերից մեկում ինքնասպանության փորձ արած ձերբակալվածին չի հաջողվել փրկել։
«Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքի 21-րդ հոդվածի համաձայն՝ ձերբակալված անձի մոտ մարմնական վնասվածք հայտնաբերելու դեպքում ձերբակալվածներին պահելու վայրի բուժաշխատողը անհապաղ կատարում է բուժզննություն, որին կարող է մասնակցել ձերբակալված անձի ընտրած բժիշկը: Օրենքը հստակ սահմանել է ՁՊՎ-ում աշխատող բժշկի անհրաժեշտությունը։
Դիտորդական խումբը նշում է նաև, որ օրենքով նախատեսված 4 ժամի փոխարեն հաճախ ավելի երկար են հարցաքննում մարդկանց։ Դեպքեր են եղել, երբ անձին պահել են ոստիկանության բաժանմունքում մինչև 55 ժամ։
«Քննիչները նաև փորձում են փաստաբաններին ընդհանուր գործից հետ պահելով իրենց աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպել»,- մտահոգվում է դիտորդական խմբի անդամ Սուրեն Իսկանդարյանը։
Կիրակոսյանը ժխտեց, որ նման ժամային խախտումներ են արվում՝ հաշվի չառնելով իրավապաշտպանների կողմից հնչեցրած մասնավոր դեպքերը՝ Բոզինյանների, Ստեփան Հովակիմյանի, ինչպես նաև արդեն մահվան ելք ունեցած Խալաֆյանի և Գուլյանի գործերը՝ ժխտելով նաև, որ ոստիկանների կողմից կիրառվում են խոշտանգումներ հենց այդ ժամային խախտումների պատճառով։
Կիրակոսյանը նշեց, որ ՄԱԿ-ի և տարբեր միջազգային կառույցների կողմից իրենց աշխատանքները չեն քննադատվում, բայց միևնույն ժամանակ իրենք ընդունում են, որ կան թերություններ՝ օրինակ կան խոնավության բարձր աստիճան ունեցող ՁՊՎ-ներ, որոնցից մեկը՝ Չարենցավան քաղաքի ՁՊՎ-ն փակվել է հենց դրա համար։
«Մեղավոր ոստիկաննության աշխատակիցներ համապատասխան տույժի են ենթարկվում։ Ձերբակալվածների կողմից 2010թ. 5374 ձերբակալվածների կողմից միայն 6 բողոք է գրանցվել, այն էլ ոչ վարչակազմի դեմ»,- հայտնում է Կիրակոսյանը։
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի տնօրեն իրավապաշտպան Արթուր Սաքունցը նշեց, որ տրամաբանական էր, որ ոստիկանական աշխատակիցները բուն խնդիրը տասերորդական նշանակության դաշտ պիտի տեղափոխեն, բայց ճշմարտությունն այն է, որ ոստիկանական բաժանմունքներում բռնությունները քաղաքացիների նկատմամբ շարունակվում են։
«Այն փաստը, որ ձերբակալման ժամկետը չի համապատասխանում ձերբակալվածին ՁՊՎ տեղափոխելու ժամանակին, արդեն հիմնավոր կասկած է, որ անձի նկատմամբ կատարվել է ապօրինություն։ Միայն Երևանի 156 ձերբակալվածներից ավելի քան 50-ը ունեն վնասվածքների հետքեր։ Նրանք պնդում են թե ընկել են, գլուխն են խփել մի տեղ, բայց այդքան հաճախակի մարդիկ չեն կարող ընկնել»,- համոզված է Սաքունցը։
Սաքունցն առաջարկում է դիտորդական խմբի լիազորություններն ընդլայնել՝ թողնելով մուտք գործել նաև ոստիկանության բաժանմունքներ, որտեղ էլ հիմնականում կատարվում են մարդու իրավունքների խախտումները։
Շատ մտահոգիչ է այն փաստը, որ կոնկրետ տարածաշրջանում կալանավորվածների թիվը տասնյակ անգամ գերազանցում է ձերբակալվածների թվից։ Օրինակ Արմավիրում 2010թ.-ին եղել է 816 կալանավորված և միայն 154 ձերբակալված, Կոտայքում՝ համապատասխանաբար 642 և 117, Գեղարքունիքի մարզում՝ 433 և 72։
Դիտորդական խմբի անդամները առանձնացրեցին նաև կանանց ու անչափահասների խնդիրները՝ նշելով, որ նրանց համար բացակայում է տաք ջուրը խցերում, ինչպես նաև ոչ մի ՁՊՎ-ում չկա կին աշխատակից, որի առկայության դեպքում կին ձերբակալվածները ավելի քիչ կաշկանդված իրենց կզգան։
Դիտորդական խմբի 3 ներկայացուցիչները նաև խոսում էին սանիտարահիգիենիկ ոչ լավ պայմանների, խոնավության մասին, կեղտոտ սպիտակեղենի՝ մի քանի անգամ տարբեր մարդկանց կողմից օգտագործվելու ու վարակների հնարավոր տարածման մասին։
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության ներկայացուցիչներից Թաթուլ Պետրոսյանը ուրախությամբ նկատեց, որ դիտորդական խմբի մասնակիցների մեծ մասը հիմնականում աղջիկներ են և ասաց.
«Ուստի տրամաբանական է, որ նրանք կարող են ավելի բծախնդիր ու զգայուն լինել ազատությունից զրկված անձանց վիճակի, նրանց բարոյականի, կենցաղայինի և այլնի հետ կապված, դրա համար են նկատում, որ սպիտակեղենը լավ չի փոխվել կամ խոնավությունը։ Բայց պետք է նկատել, որ մենք հանրապետությունում շենքեր ունենք, որտեղ խոնավությունը ավելի բարձր է, քան օրինակ Չարենցավանի ՁՊՎ-ում»,- արդարանում է Պետրոսյանը։
Ոստիկանության մեկ այլ ներկայացուցիչ՝ Կարեն Մեհրաբյանը, նշեց, որ ոչ մի օրենքում գրված չէ, որ իրենք պարտավոր են տաք ջուր ապահովել, իսկ իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը հիշեցրեց փափուկ օրենքի կարգավիճակ ունեցող ՄԱԿ-ի որոշումը, որի համաձայն այդ պայմանները պետք է ապահովվեն երեխաների ու կանանց համար։
Դիտորդական խմբին մտահոգում է նաև ձերբակալվածների համար օրական միայն 450 դրամ տրամադրելը, որով բնականաբար հնարավոր չէ ապահովել օրական երեքանգամյա սնունդ։
Կիրակոսյանը նշեց, որ այդ ուղղությամբ այժմ աշխատանքներ են տարվում, ինչպես նաև հայտնեց Տավուշի մարզում կառուցվող նոր ՁՎՊ-ի մասին, որն աշխատելու է եվրոպական բոլոր չափանիշներին համապատասխան։
Իրապաշտպանները առաջարկեցին ամեն մարզում ստեղծել միայն մեկ ՁՊՎ և մյուս մոտ 30 ՁՊՎ-ները փակելու հաշվին գումար տնտեսել և այն օգտագործել ՁՊՎ-ների պայմանները բարելավելու համար։ Մեհրաբյանը հայտնեց, որ դա չի կարող իրատեսական լինել, քանի որ կան մարզեր, որոնք մեծ են ու մարդկանց տեղափոխման ծախսերի հետ կապված խնդիրներ կառաջանան։
Կարինե Իոնեսյան
Աղբյուրը՝ www.hra.am