«Գարեգին Նժդեհ» կայարանում քաղաքացուն գնդակահարած ոստիկանը պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության. Իրավապաշտպան
00:00, June 17, 2011 | Նորություններ | Կյանքի իրավունք | ՈստիկանությունՀայաստանում, օրը ցերեկով տեղի է ունեցել հանցագործություն` ոստիկանի կողմից սառնասրտորեն սպանվել է քաղաքացի:
Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց իրաավապաշտպան «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի» ղեկավար Արթուր Սաքունցը` անդրադառնալով Մետրոպոլիտենի «Գարեգին Նժդեհ» կայարանում հունիսի 14-ին տեղի ունեցած միջադեպին, երբ ոստիկանության ներկայացուցիչը հրազենից կրակ էր բացել ավազակային հարձակում կազմակերպելու մեջ կասկածվող Արման Ենգիբարյանի ուղղությամբ եւ սպանել նրան:
Իրավապաշտպանը նշեց, որ ոստիկանի կողմից կատարված գործողությունները ոչ միայն իրավաչափ չեն եղել, այլ նաեւ համաչափ: «Մետրոյի կայարանը մարդաշատ վայր է, եւ կարող է ոստիկանական գործողությունների, մասնավորապես հրազենի գործադրման հետեւանքով այլ քաղաքացիների կյանքին եւ առողջությանը վտանգ սպառնար»,-հայտարարեց Սաքունցը: Նրա խոսքով` տեղի ունեցածը պետք է լուրջ հետաքննության առարկա դառնա, եւ հրազեն կիրառած ոստիկանը պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության` իշխանազանցության, պաշտոնական դիրքի չարաշահման համար, որը բերել է ծանր հետեւանքների:
Իրավապաշտպանն անդրադարձավ նաեւ ոստիկանների գործողություններին տրվող հիմնավորմանը, թե նրանք կրակ բացելով կասկածյալի ուղղությամբ`նրան այսպիսով վնասազերծել են: Նա տարակուսեց, որ ոստիկանը դիպուկահարի ճշգրտությամբ կրակել է կասկածյալի գլխին, մինչդեռ վնասազերծելու համար պետք է կրակեր նրա թեւին, ոտքին կամ մարմնի այն հատվածին, որպեսզի նրա կյանքին վտանգ չսպառնար:
«Եթե անգամ ոստիկանը ցանկացել է թեւին խփել, սակայն կպել է կասկածյալի գլխին, ապա նրան մի վայրկյան անգամ չպետք է թույլ տալ զենք կրել»,-ասաց Սաքունցը` հավելելով. «Սա էլ հո «Մարտի 1»-ը չի՞, որ ոստիկանները կրակեցին մարդկանց վրա, հետո ասացին, թե չեն կարող նույնականացնել կրակողներին: Հայտնի է ոստիկանի անունը, զենքի նույնականացման խնդիր չկա, ուստի` նա պետք է կրի պատասխանատվություն»:
Իրավապաշտպանը ուշադրություն հրավիրեց նաեւ այն հանգամանքի վրա, որ մինչեւ այժմ ոստիկանությունը չի հայտնում, թե միջադեպի առթիվ Քրեական օրենսգրքի ո՞ր հոդվածով է քրեական գործ հարուցվել, որն էլ ուղարկվել է ՀՔԾ:
Սաքունցի խոսքով` քրեական գործեր պետք է հարուցվեն միջադեպի տարբեր դրվագներով: Մասնավորապես` ավազակային հարձակման փորձի եւ սպանության փաստերով: «Այն, որ այդ մարդը ավազակային հարձակման փորձ է արել, դա բոլորովին կապ չունի մարդուն գնդակահարելու փաստի հետ»,-հայտարարեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավարը:
Ինչ վերաբերում է այն տեղեկություններին, թե հնարավոր է կասկածյալին սպանած ոստիկանը խրախուսվի լավ ծառայության համար, Սաքունցն ասաց. «Դա կլինի հանցագործության ակնհայտ կոծկում: Եթե ոստիկանապետը փորձի նման բան անել, ապա նա կիսելու է տեղի ունեցածի պատասխանատվությունը, ինչպես մոտ մեկ տարի առաջ ոստիկանությունում սպանված Վահան Խալաֆյանի դեպքում»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել է, որ հունիսի 14-ին Երեւանի մետրոյի «Գարեգին Նժդեհ» կայարանի տարածքում ոստիկանի կողմից զինված անձի վրա կրակելու փաստի առիթով քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի հատկանիշներով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):
Աղբյուրը՝ http://news.am/arm/news/63563.html