Ծեծելով սպանված երեխայի գործը պետք է բացահայտվի
00:00, June 9, 2011 | Մամլո հաղորդագրություններ | Արդար դատաքննության իրավունք, Կյանքի իրավունքՎերաքննիչ քրեական դատարանը հունիսի 7-ին մերժեց դատախազի բողոքն ընդդեմ Դերենիկ Գասպարյանի գործով կայացրած առաջին ատյանի դատարանի որոշման:
Հիշեցնենք, որ Դերենիկ Գասպարյանը մահացել էր անցյալ տարի հունիսի 5-ին Չարենցավանի թիվ 5 դպրոցում համադասարանցիների կողմից ծեծի ենթարկվելու արդյունքում: Տասնամյա Դերենիկ Գասպարյանի մահվան հետ կապված քրեական գործը հարուցվել էր 46 օր ուշացումով և ոչ թե մահվան փաստի առթիվ, այլ՝ «մինչև մահը հասցված թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասի հատկանիշներով»՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով:
Քրեական գործը հարուցվել էր դատաբժշկական փորձաքննության եզրակացության հիման վրա, սակայն նախաքննական մարմինը ոչ գործի հանգամանքները պարզեց և ոչ էլ որևէ մեկին մեղադրանք առաջադրեց: Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը ի սկզբանե կարծիք հայտնեց, որ գործը հարուցելով 118 հոդվածի հատկանիշներով՝ իրավապահները փորձում են շեղել գործի ընթացքը, և այն մարդիկ, ովքեր պետք է պատժվեն, այսպիսով ազատվում են պատասխանատվությունից: Այսինքն, քննչական մարմինը ընդունելով ծեծի փաստը, այն չի դարձրել քննության առարկա, ինչպես նաև աչք է փակել կոնկրետ դեպքում մաթեմատիկայի ուսուցչի (ով դպրոցի տնօրենի կինն է)՝ դասարանում չգտնվելու փաստի վրա, թեև երեխաների՝ դպրոցում գտնվելու ժամանակ դպրոցի վարչակազմը՝ տնօրենը, ուսուցիչները պատասխանատու են երեխաների համար և որոշակի պատասխանատվություն են կրում նրանց անվտանգության ապահովման համար:
Տվյալ դեպքում նրանք պետք է տեղում լինեին և կանխեին ծեծկռտուքը, որպեսզի այն չհանգեցներ մահվան. նման կասկած կա, թեև դատաբժշկական փորձաքննության համաձայն՝ Դերենիկի մոտ սրտանոթային սուր անբավարարություն է եղել, ինչին տղայի հարազատները չեն հավատում: Չնայած այդ կասկածներին՝ նախաքննական մարմինը գործի վարույթը կարճելու վերաբերյալ որոշում էր կայացրել:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի իրավաբան Ա.Զալյանն այն վիճարկել էր Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանում և պահանջել՝ վերացնել քննիչի կողմից քրեական գործը կարճելու մասին որոշումը և Կոտայքի մարզի դատախազությանը պարտավորեցնել համապատասխան որոշում կայացնել բողոքարկված որոշման վերաբերյալ: 2011 թ. մարտի 18-ին ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր իրավապաշտպանի հայցը: Սա իհարկե դուր չէր եկել դատախազությանը, և այդ մարմինը վերաքննիչ բողոք էր ներկայացրել՝ վիճարկելով առաջին ատյանի դատարանի որոշումը, սակայն հիմնվելով դատական ակտում թյուրիմացաբար նշված 1-ամսյա ժամկետի վրա, մեխանիկորեն այն ներկայացրել էր բողոքարկման 10-օրյա ժամկետից ուշ:
Դատարանն այն վերադարձրել էր, և բաց թողնված ժամկետը դատական կարգով վերականգնելուց հետո դատախազությունը բողոքը կրկին ներկայացրել էր վերաքննիչ դատարան: Այդ պատճառով պատասխանող կողմը դատական նիստի ծանուցագիրը ստացել է միայն մայիսի 24-ին, ժամկետից մոտ երկու ամիս անց, ինչի պատճառով հնարավորություն չէր ունեցել բողոքի պատասխան ներկայացնելու: Բողոքի ժամկետանց լինել-չլինելու հարցը հստակեցնելու համար Ա. Զալյան միջնորդություն էր ներկայացրել նախագահող դատավորին՝ ստանալու վերաքննիչ բողոքը և այն վարույթ ընդունելու որոշումը, որի քննարկման արդյունքում պարզվել էր, որ բողոքը եղել է ժամկետի մեջ, պարզապես տուժող կողմը վերը նշված հանգամանքների մասին տեղեկություն չի ունեցել մինչև վերաքննիչ դատարանում կայացած սույն գործով առաջին նիստը:
Այդուհանդերձ, վերաքննիչը մերժեց դատախազության բողոքը՝ ուժի մեջ թողնելով առաջին ատյանի դատարանի որոշումը. այլ կերպ ասած՝ ընդունեց, որ նախաքննական մարմինը պետք է պատշաճ քննություն կատարի: