Քաղաքացուն բռնության ենթարկած ոստիկանի նկատմամբ քրեական գործի հարուցումը մերժվեց
00:00, June 7, 2011 | Մամլո հաղորդագրություններ | Արդար դատաքննության իրավունք, Խոշտանգումներից և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունք | ՈստիկանությունՀունիսի 6-ին Վերաքննիչ քրեական դատարանը (դատավոր’ Ազարյան) մերժեց Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) քննիչի կողմից քրեական գործի հարուցումը մերժելու որոշման դեմ վերաքննիչ բողոքը:
Վերաքննիչ բողոքը ներկայացրել էր Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փաստաբան Էդմոն Մարուքյանը, սակայն ուժի մեջ մնաց Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 14.03.2011թ վճիռը:
Հիշեցնենք, որ Տաշիրի Մեդովկա գյուղի բնակիչ Գառնիկ Մելիքյանին Ոստիկանության Տաշիրի բաժնի ՊՊԾ ջոկի ոստիկան Զոհրաբ Ծառուկյանը բաժին էր տարել’ պահանջելու իր հոր պարտքը՝ մեկ գլուխ պանրի գումարը: Հայցվոր կողմը պնդում է, որ Զ.Ծառուկյանը չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, ապօրինաբար և ստիպողաբար Մելիքյանին մեքենայով տարել է Ոստիկանության բաժին և, ակնհայտորեն դուրս գալով իր լիազորությունների շրջանակից, բռնություն է գործադրել Մելիքյանի նկատմամբ: Ըստ տուժողի՝ Ծառուկյանն իրեն մի քանի անգամ ապտակել է և երկու անգամ հարվածել։
ՀՔԾ հատկապես կարևորագույն գործերով (ՀՔԾ ՀԿԳ) քննիչ Գորիկ Հովակիմյանը, գործի վերաբերյալ նախապատրաստված նյութերը քննելով, 25.12.2010թ որոշում է կայացրել մերժել քրեական գործի հարուցումը։ Քննիչի կայացրած որոշումը Գառնիկ Մելիքյանը բողոքարկել է ՀՀ գլխավոր դատախազությունում, կրկին մերժում ստանալով դիմել է դատարան։
Հայցվոր կողմը պատրաստվում է Վերաքննիչ դատարանի վճիռը նույնպես բողոքարկել: Դատավարության ավարտից հետո փաստաբան Էդմոն Մարուքյանը ևս մեկ անգամ պնդեց, որ գործով օբյեկտիվ քննություն չի իրականացվել և դեպքի մասին արժեքավոր տեղեկատվություն ունեցող ոչ բոլոր անձինք են քննվել։ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, ով դեպքից հետո ահազանգի հիման վրա այցելել է Գառնիկ Մելիքյանին և աջակցություն ցուցաբերել, չի հարցաքննվել ո´չ նախաքննության ընթացքում, և ո´չ էլ դատարանում:
Մարուքյանի խոսքերով’ նման դեպքերում քրեական գործի հարուցումը մերժում են բացատրությունների հիման վրա, որոնց կեղծ լինելու դեպքում, ի տարբերություն քրեական գործի շրջանակներում վերցված ցուցմունքի, քրեական պատասխանատվություն սահմանված չէ: Դրա համար էլ իրենք պնդում են, որ քրեական գործ հարուցվի:
Փաստաբանը բերում է ևս մեկ ակնհայտ հակասական փաստ: ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետի գրության համաձայն’ քաղաքացիների միջև ծագած գումարային հարցերին անհարկի միջամտելու համար Ոստիկանության Լոռու մարզի մարզային վարչության Տաշիրի բաժնի ՊՊԾ ջոկի ոստիկան, ոստիկանության ավագ սերժանտ Զոհրաբ Ծառուկյանը ենթարկվել է կարգապահական տույժի: «Այսինքն’ներքին ծառայողական քննության ժամանակ նա նկատողություն է ստացել, իսկ նյութերի նախապատրաստման մակարդակում չի հաստատվել, որ նման բան է տեղի ունեցել և քրեական գործի հարուցումն այդ հիմքով մերժվել է»,- ասում է Մարուքյանը:
Իրավապաշտպան Արթուր Սաքունցի կարծիքով’ դատարանի կայացրած վճիռը «խայտառակ» և «ապօրինի» էր և զրոյի հավասարեցրեց ոստիկանական և դատական համակարգի այն բարեփոխումները, որոնց մասին այդքան խոսում են: «Երբ որ քաղաքացին փորձ է անում ոստիկանի օրինական պահանջին չենթարկվել կամ նրան մատով կպնել, 316.1 hոդվածով մասսայաբար դատավճիռներ են կայացնում ու ազատազրկում մարդկանց: Իսկ երբ ոստիկանի կողմից է քաղաքացու նկատմամբ կատարվում նույն բռնությունը, և´ իրավապահ մարմինները, և´ դատարանը ակնհայտորեն հովանավորում են այդ բռնությունը: Ինչո՞ւ են ոստիկանությանը հովանավորում: Դա անձեռնմխելի կառույցի կարգավիճակ ունի՞ իրենց համար »,- ասում է նա’ ավելացնելով, որ օրենքի առջև բոլորը հավասար պետք է լինեն, բայց դատարանը հավատում է ոստիկանի ասածին, իսկ քաղաքացուն չի հավատում:
Մերի Ալեքսանյան
Աղբյուրը’ www.hra.am
Կից ներկայացվում է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը: