Դերենիկ Գասպարյանի գործով տուժող կողմը վերաքննիչ բողոքը չի ստացել
00:00, June 3, 2011 | Մամլո հաղորդագրություններ | Արդար դատաքննության իրավունք, Կյանքի իրավունք2011 թ. հունիսի 2-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում կայացավ Կոտայքի մարզի դատախազության բողոքի քննությունն ընդդեմ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշման:
Դատաքննության ընթացքում տուժող կողմը ներկայացրեց, որ չի ստացել դատախազի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը և ծանոթ չէ բողոքի բովանդակությանը: Ինչպես նաեւ պարզվեց, որ Կոտայքի մարզի դատախազությունը միջնորդություն է ներկայացրել ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան բաց թողնված ժամկետը վերականգնելու համար, որի մասին ևս տուժող կողմը իրազեկված չի եղել:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի իրավաբան, իրավահաջորդի ներկայացուցիչ Ա.Զալյանը միջնորդություն է ներկայացրել որպեսզի տրամադրեն գործում առկա նյութերը՝ վերաքննիչ բողոքը և ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը:
Դատարանը բավարարել է միջնորդությունը և դատական նիստը հետաձգել մինչև 2011 թ. հունիսի 7-ը:
Հիշեցնենք, որ Կոտայքի մարզի դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել Դերենիկ Գասպարյանի գործով 2011 թ. մարտի 18-ին ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ՝ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը վերացնելու վերաբերյալ: