«ԵրևանՋուրը» անօրինական «աշխատող» է պահում և գյուղացիներին գժտեցնո՞ւմ
00:00, May 14, 2011 | ՆորություններՆոր Խարբերդի ամառանոցային հատվածում գյուղացիների մեջ կռիվ է ընկել. խմելու ջրի շուրջ ծագող վեճերը մարդկանց հանցագործության մղելու եզրին են հասցրել:
Ազատամարտին մասնակցած գետաշենցի Հարություն Չիլինգարյանը, ով արդեն 14 տարի Նոր Խարբերդում է ապրում, վերջին 4 տարում խմելու ջուրը հարևան Վահագն Մեսրոպյանից էր ստանում: Վերջինս` որպես ֆիզիկական անձ, օրինական թույլտվություն ունի խմելու ջրից օգտվելու, սակայն իր ջրախողովակով 4 փողոցների 23 ընտանիքի ջրամատակարարում է իրականացնում: Սակայն ջրագնի համար գանձվող սակագնի աստիճանական և կամայական բարձրացումը, ինչ-որ պատճառներ բռնելով` ջրամատակարարման դադարեցումը հունից հանում են Վահագնի գծից օգտվող որոշ գյուղացիների: «ԵրևանՋուրն» էլ աշխատում է չխառնվել այդ վեճերին` Վահագնին հորդորելով` լեզու գտնել գյուղացիների հետ, բայց եթե հանկարծ նրա «բաժանորդ»-գյուղացիներից հանկարծ բողոք է գնում «ԵրևանՋրի» կենտրոնական գրասենյակ` ինչ-որ օղակներից Վահագն Մեսրոպյանից գանձվող գումարի չափն անհասկանալիորեն աճում է: Եվ այդ գումարը ինչ-ինչ ձևերով հենց գյուղացիների «ջանից է դուրս գալիս»` վեճ ու կռվով:
Համենայնդեպս, կողմերին լսելուց մենք այդպիսի եզրահանգման եկանք: Հարություն Չիլինգարյանը Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչ Արայիկ Զալյանի և տողերիս հեղինակի հետ զրույցում խնդիրն այսպես ներկայացրեց. «…Էս չորրորդ փողոցը մատակարարելուց հետո, ասել ա (Վահագն Մեսրոպյանը.- Է.Մ.), էս առաջի ամիսը` 280 դրամ: Մենք ասել ենք` ախպեր, էս ջուրն օրինականացնես, որ օրինական կարգով ա միացված: Էտի հելավ ասավ` 35 հազար, 30 հազար պտի փող տաք, որ «Ջրմուղը» օրինական կարգով անի, որ մենք աբոնենտ դառնանք: Էդ փողերն էլ տվանք, հիմա ոչ աբոնենտ ենք, ոչ մեզ թուղթ ունենք, դակումենտ ունենք, որ ջրի տեր ենք: Դրանից հետո եկավ, սարքավ 380 դրամ` խորանարդ մետրը: Էլի 380 դրամով մենք էդ փողը մուծում էինք: Դրանից հետո եկավ` ասավ շնչին պտի տաք 1000-1200 դրամ: 7 հոգի ենք, երեք փոքր թոռ ունեմ, հերը, մերն են, մեկ էլ երկու հոգի` մենք ենք, 6000-7000 ամիսը պետք ա տանք: Հիմա ես էդ փողը, որ վեր եմ ածում խորանարդ մետրի, էտի անում ա ամսեկան 45 կուբամետր ջուր: Բայց 45 կուբ ջուր… Ես ձուկ չեմ աճեցնում է~: Մի մարդ չի կարում 1-2 կուբամետր ջուրը մի ամսում խմի»:
Հ.Չիլինգարյանի խոսքով, Վահագնը նաև ստիպում է ջրաչափը դրսում դնել, ամիսը մեկ անգամ լաբորատորիա տանել ու դրա համար 3000 դրամ գումար վճարել: Հետո լաբորատորիայից հետ է վերադարձնում գործարանային այլ համարով բոլորովին այլ ջրաչափ, որի համարները չեն համապատասխանում իր կողմից ձեռք բերված հաշվիչի անձնագրի համարին: Վահագն Մեսրոպյանը նույնիսկ մի անգամ բողոք է գրել ոստիկանություն, որպեսզի Հարություն Չիլինգարյանին թույլ չտան` իրեն նեղացնի:
Բայց այնտեղ հասկացել էին խնդրի էությունը և հորդորել հաշտվել ու հանգիստ ջրի հարցը լուծել: Սակայն հարցը կրկին չի լուծվել. ս.թ. մարտ ամսին Հ.Չիլինգարյանը բողոք է գրել «ԵրևանՋուր», որտեղից հաճախորդների հետ փոխհարաբերությունների գծով տնօրեն Գագիկ Մարգարյանը պատասխանել է` ««Երևան Ջուր» ընկերությունում որպես բաժանորդ գրանցված է Վահագն Մեսրոպյանը, ում «ԵրևանՋուր» ընկերությունը ջուրը վաճառում է գործող սակագնով: Ինչ վերաբերում է վերջինիս կողմից բնակիչներից պահանջվող գումարներին, ապա այդ հարցերին միջամտելը մեր ընկերության իրավասությունից դուրս է»: Սակայն, այդուամենայնիվ, կազմակերպությունից եկել են գյուղ, բայց ոչ թե բողոքողի, այլ ջրամատակարարի` ջրային պոմպը միացնող Վահագնի մոտ ու հեռացել: «Էտի էդքան փողերը հավաքում ա, ինչ ա՞ անում` չգիտեմ: Մնացած 5 օրերին էլ ջուր չի տալիս: 15 ընտանիք մենակ էս փողոցում են, որ ջուր ունեն, ընդհանուր 4 հատ փողոց ա: Առաջին փողոցից մինչև չորրորդ փողոցն ինքն ա մատակարարում… 40-50 աբոնենտ կլինի… »,- նշեց խմելու ջրից զրկված գյուղացին:
Այցելեցինք նաև բաժանորդ Վահագն Մեսրոպյանին` լսելու նաև նրա բացատրությունները: Խնդրեցինք ցույց տալ այն փաստաթուղթը` պայմանագիրը, որն իրեն իրավունք է տալիս ջրամատակարարում իրականացնելու: Ասաց, որ տեխպայմանագիր ունի, բայց ո՛չ դա և ո՛չ էլ ջրամատակարարում իրականացնելու փաստաթուղթ նա ցույց չտվեց. ասաց, որ ինքը դիմել է «ԵրևանՋուր» ՓԲԸ` ստանալու, սակայն այդպես էլ չի ստացել: Սկզբում այնտեղից ասել են` կա, հետո, թե` կորել է, նորից դիմի և այդպես 4 տարի: Իսկ ինչ վերաբերում է խմ-ի համար գանձվող սակագներին, ապա Վ.Մեսրոպյանն այսպես բացատրեց գնագոյացումը. «…Բնակչին ասել եմ, քանի որ ջրմուղն իր վրա չի վերցնում հոսանքի (պոմպի) վարձը, դա պետք է ներառվի խորանարդի արժեքի մեջ: Նրանք համաձայնվել են»: Արայիկ Զալյանի հարցին, թե հարկային դաշտ մտե՞լ է, թե՞ ոչ, Վ.Մեսրոպյանը պատասխանեց. «…Ջրային տնտեսությունը ինձ տվել ա իրավունք` սպասարկում եմ «ԵրևանՋրի» կողմից…
Ավելացված արժեքի հարկը «ԵրևանՋուրը» փակում ա: Ես առանձին բաժանորդ եմ դառել, առանձին հաշվիչ է տեղադրված, և առաձին չեկեր»: Բայց դուք գործունեություն եք ծավալում որպես ֆիզիկակա՞ն անձ: «Այո, որովհետև …վարչությունից պարզաբանում են, քանի որ ՓԲԸ է, չի կարող քեզ տա ՍՊԸ կամ ԱՁ, որպեսզի իրականացնես: Ասում ա` տենց չի լինի, դու պետք ա սպասարկես որպես ֆիզիկական անձ, դու գնա քո բաժանորդի հետ լեզու գտի»: Ակտ կազմելու իրավասություն ունե՞ք: «Ակտը ես չեմ կազմում, ես գնում` դիմում եմ ջրմուղի պետերին, նրանք ակտեր չեն կազմում, հրաժարվում են: Իմ ակտ կազմելը սենց ասեմ` եթե գումարը հրաժարվում է տալ, կա խախտումը, անջատում եմ ընդամենը». սա Մեսրոպյանի պատժաձևն է: Իսկ նախնական 30.000-ական դրամները հավաքել է իր ջրագծին միացնելու դիմաց. «…Սենց ասենք` 25.000-ից 30.000 դրամ փող, որը ասում եմ` դու տալիս ես նրա համար, որ միանաս, որ հանկարծ խախտում նկատեմ` անջատեմ: Էս քո գումարը արդեն նախապես գանձած եմ լինում, որ խոսքի ինչքան ջուր իմ վրից գողանաս` կարող ա ավելի շատ գողանաս, հնարավոր կորուստները փակելու համար: Մի անգամ եթե խախտում են անում, ասենք հիմա էդ մարդը` Չիլինգարյան Հարութը խախտում է արել` անջատել եմ, էս 3 ամիս ա….Գումարը իր օգտագործածի հրաժարվում է տալ, այդ պատճառով անջատեցի»:
Ինչ վերաբերում է պայմանագրին, ապա Վ.Մեսրոպյանն ասում է. « Ջրմուղին ասում եմ` տուր ինձ հանրային պայմանագիր, որպեսզի ես մտնեմ, գործ եմ անում, քանի որ դու հրաժարվում ես հոսանքի փողը մուծես, ես ավել եմ հավաքում, որպեսզի այդ ավելացված արժեքի հարկը վճարեմ, ինքը ինձ թուղթ չի տալիս»: Հետաքրքրվեցինք` «ԵրևանՋուրը» ձեզնից հավելյալ գումար ուզո՞ւմ է: Մեր զրուցակիցը դա չհերքեց ու ասաց. «Էս ապրիլ ամսվա տվյալով, ունեցել եմ 23 տուն բաժանորդ, ինձ վրա եկել է, որ ես հրաժարվում եմ գումար մուծելուց` Ջրմուղին», վրես գրել ա 230.000 դրամ գումար: Դուրս ա գալիս, կոպիտ հաշվեմ, յուրաքանչյուր բաժանորդից 10.000-ական դրամ պետք է հավաքեմ, տամ ձեզ, մի բան էլ` հոսանքին: Դրա համար հրաժարվում եմ, ասում եմ` ուղղում մտցրեք…»: Վահանգն Մեսրոպյանն ասաց, որ նախկինում էլ է բողոք եղել գյուղացու կողմից, և «ԵրևանՋրից» եկած և իրեն վերագրվող պարտքի չափն անցել է 1 միլիոնից: Հետաքրքիր է, թե գյուղացիների մեջ ջրի կռիվ գցելով` ո՞ւմ ֆինանսական վիճակն է լավանում. ո՞ւմ օգտագործած ջրի դիմաց են գյուղացուց 45 խմ-ի փող ուզում, եթե նա ձկնաբուծարան չունի: