Համարբերգը հրապարակել է զեկույցը
00:00, May 10, 2011 | Նորություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ, Կյանքի իրավունք | Զինված ուժերԵվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգը այսօր հրապարակել է Հայաստանի վերաբերյալ իր զեկույցը` 2008 թվականի մարտի 1-2-ին անվտանգության ծառայությունների կողմից ուժի գործադրումը որակելով «անհամաչափ»:
Անդրադառնալով 10 զոհերի մահվան պատճառների բացահայտման ուղղությամբ կատարված քայլերին, մարդու իրավունքների հանձնակատարըը դրանք գնահատել է` «անարդյունավետ»:
«Մինչ օրս այդ իրադարձությունների պատասխանատուները բացահայտված չեն: Ոստիկանության եւ անվտանգության ծառայությունների բարձրաստիճան պաշտոնյաների արձակած հրամանների համար կրած պատասխանատվությունը լրջորեն չի քննարկվել», զեկուցում արձանագրել է Թոմաս Համարբերգը, ով այս տարվա հունվարին Հայաստան կատարած իր այցի արդյունքում է պատրաստել զեկուցը:
«Հայաստանի իշխանությունները պետք է վճռականություն հանդես բերեն այդ իրադարձությունների բացահայտման գործում եւ պատասխանատվության կանչեն բոլոր մեղավորներին: Տասը զոհերի ընտանիքները պետք է իրենց հարազատների կորստյան համար համարժեք փոխհատուցում ստանան, նրանք պետք է լիարժեքորեն տեղեկացված լինեն տարվող հետաքննության մանրամասներին»:
Միեւնույն ժամանակ, Հանձնակատարը ողջունում է նախագահ Սերժ Սարգսյանի հրահանգը «Մարտի 1»-ի գործի բացահայտման վերաբերյալ եւ հույս հայտնում, որ դա կվերածվի կոնկրետ քայլերի` մեղավորներին հայտնաբերելու եւ պատժելու ուղղությամբ:
Թոմաս Համարբերգը ողջունում է նաեւ մարտի 1-2-ի իրադարձությունների առնչությամբ կալանավորված ընդդիմադիրների մի մասի ազատ արձակումը, նաև լուրջ մտահոգություններ հայտնելով այն ընդդիմադիր ակտիվիստների առնչությամբ, ովքեր դեռևս շարունակում են մնալ կալանավորված, եւ Հայաստանի իշխանություններին կոչ է անում նրանց եւս բաց թողնել:
«Որոշ կարեւոր քայլեր արվել են 2008-ի մարտյան իրադարձությունների հետեւանքով առաջացած մարդու իրավունքների խախտումների հետեւանքները մեղմելու համար, սակայն լրացուցիչ ջանքեր են հարկավոր իշխանությունների նկատմամբ հասարակության վստահությունը վերականգնելու եւ հասարակության հաշտեցման համար», – ասվում է զեկույցում:
Զեկույցն անդրադառնում է նաև խոսքի եւ հավաքների ազատությանը, ինչպես նաեւ բանակում մարդու իրավունքների իրավիճակին:
Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարը, մասնավորապես, ընդգծում է, որ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել` խուսափելու համար զրպարտության եւ վիրավորանքի առնչությամբ լրատվամիջոցների դեմ հարուցված գործերով պահանջվող «չարդարացված բարձր տուգանքներից»: Նա, միաժամանակ, կոչ է անում խրախուսել լրագրության էթիկական չափանիշների պահպանումն ու ինքնակարգավորման մեխանիզմները:
«Անհանգստություն հայտնելով անցած երկու տարիներին լրագրողների դեմ հարձակումների եւ գործադրվող ճնշումների առնչությամբ, Հանձնակատարը երկրի ղեկավարներին կոչ է անում խստորեն դատապարտել նմանօրինակ միջադեպերը եւ քայլեր ձեռնարկել դրանք ապագայում կանխելու համար», – ասված է զեկույցում:
Մարդու իրավունքների հանձնակատարը մտահոգություն է հայտնում նաեւ «խաղաղ հավաքների անցկացման դեմ անօրինական եւ անհամարժեք արգելքների» առնչությամբ` որպես օրինակ նշելով դրանց մասնակիցների ձերբակալությունները, տրանսպորտային միջոցների տեղաշարժի դեմ խոչընդոտների հարուցումը, «որոշ վայրերում» հավաքների անցկացման արգելքը:
Ըստ այդմ, Համարբերգը կոչ է անում իշխանություններին վերանայել խոսքի եւ հավաքների ազատության ոլորտի օրենսդրությունը եւ իրավակիրառ պրակտիկան` այն համապատասխանեցնելով մարդու իրավունքների ընդունված չափանիշներին:
Զեկույցը նաեւ անդրադարձել է զինված ուժերում ոչ-պատերազմական իրավիճակում արձանագրված սպանություններին, խոշտանգումներին եւ վատ վերաբերմունքին, որոնք «հանրային քննարկման թեմա են դարձել»:
«Հայաստանի իշխանությունները պետք է ակտիվացնեն ջանքերը բանակում նմանօրինակ լուրջ չարաշահումները բացառելու ուղղությամբ», – եզրակացրել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգը:
Աղբյուրը՝ http://lragir.am/armsrc/right47645.html