Ոստիկանության աշխատակիցները բողոքի ակցիայի մասնակիցներին չե՞ն խոչընդոտել
00:00, May 3, 2011 | Մամլո հաղորդագրություններ | Արդար դատաքննության իրավունք, Հավաքների և միավորումների ազատություն, Տեղաշարժի ազատություն | Ոստիկանություն2011 թ. ապրիլի 15-ին ՀՀ Շիրակի մարզի քննչական բաժինը մերժել է Լեւոն Բարսեղյանի եւ Արթուր Սաքունցի դիմումների եւ հաղորդումների վերաբերյալ նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը:
2011 թ. փետրվարի 17-ին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հաղորդում է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն եւ ՀՀ հատուկ քննչական ծառայություն 2011 թ. փետրվարի 15-ին ոստիկանության կողմից քաղաքացիների ազատ տեղաշարժման եւ ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու իրավունքի անօրինական սահմանափակումների փաստերի կապակցությամբ:
Հիշեցնենք, որ 2011 թվականի փետրվարի 15-ին Վանաձոր եւ Գյումրի քաղաքների մի խումբ վարորդներ նախաձեռնել են բողոքի ակցիա՝ ուղղված ՀՀ մաքսային օրենսգրքում 2010 թվականին իրականացված փոփոխություններին, որոնց համաձայն՝ վրացական պետահամարանիշներով ավտոմեքենաները պետք է պարտադիր մաքսազերծվեն Հայաստանում օգտագործելու համար:
Բողոքի ակցիայի մասնակիցները, սակայն, հանդիպել են ոստիկանության աշխատակիցների կողմից մի շարք խոչընդոտների, մասնավորապես՝ Գյումրիից Վանաձոր ճանապարհի Ջաջուռ գյուղի մոտ բողոքի ակցիային մասնակցող վարորդների ազատ տեղաշարժը սահմանափակվել է մոտ 2 ժամ, ոստիկանության աշխատակիցները հանրահավաքին մասնակցել ցանկացող վարորդների ազատ տեղաշարժը սահմանափակել են նաեւ Վանաձոր քաղաքի մուտքի մոտ՝ մինչեւ Վանաձոր-Ստեփանավան խաչմերուկ, մոտ 1 կմ հատվածում. զուգահեռ փողոցի երթեւեկելի հատվածի հենց մեջտեղում կանգնել է տրակտոր եւ փակել դեպի Վանաձոր մուտքը:
Դեպքի վերաբերյալ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հաղորդում է ուղարկել, սակայն Շիրակի մարզի քննչական բաժինը հաղորդման վերաբերյալ նախապատրաստված նյութերով մերժել է քրեական գործի հարուցումը ոստիկանության աշխատակիցների արարքներում հանցակազմի բացակայության պատճառով:
Կից ներկայացվում է քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը: