«Առաջնայինը մարդու խախտված իրավունքների վերականգնումն է». Արթուր Սաքունց
00:00, April 25, 2011 | Նորություններ | Կյանքի իրավունքՀայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն այսօր անդրադարձել է 2008 թ. Մարտի 1-ի իրադարձությունների հետևանքներին:
Կարեն Անդրեասյանը հանդես է եկել նախաձեռնությամբ՝ լինել միջնորդ իշխանության և ընդդիմության միջև:
«Կարևորելով մարդու իրավունքների ոտնահարման կանխարգելումը հնարավոր ներքաղաքական լարված իրավիճակներում, ինչպես նաև անկեղծ հավատալով, որ մեր հասարակության զարգացման և պետության հզորացման համար իսկապես անհրաժեշտ է քաղաքական ուժերի երկխոսություն և առողջ համագործակցություն, ես ցանկանում եմ հանդես գալ Հայ ազգային կոնգրեսի և խորհրդարանական իշխող կոալիցիայի միջև ՄԻՋՆՈՐԴ դառնալու առաջարկությամբ»,- նշել է Մարդու իրավունքների պաշտպանն իր հայտարարության մեջ:
«Առաջին լրատվական»-ը իրավապաշտպան, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցից հետաքրքրվեց, թե որքանով է իրատեսական ՄԻՊ-ի միջնորդ լինելու ցանկությունը, և արդյոք Կարեն Անդրեասյանի անդրադարձն ուղղակի արձագանքը չէ՞ Սերժ Սարգսյանի՝ օրեր առաջ ՀՀ նախագահի նստավայրում հրավիրած խորհրդակցության ժամանակ հնչեցրած այն հայտարարության, որ 2008 թ. Մարտի 1-ի դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի ընթացքում ակնկալում է նոր թափ և ընդգծված ակտիվացում նշված դեպքերի բացահայտման հարցում: Արթուր Սաքունցը կարծում է, որ ներկայիս ՄԻՊ-ը պետք է անպայման անդրադառնար Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արմեն Հարությունյանի՝ Մարտի 1-ի վերաբերյալ հրապարակած հատուկ զեկույցին, որը ժամանակին քննարկման դրվեց Ազգային ժողովում: Արթուր Սաքունցը հիշեցնում է, որ այդ զեկույցը ժամանակին տարբեր գնահատականների արժանացավ իշխանությունների կողմից, և նույնիսկ Ռոբերտ Քոչարյանը Արմեն Հարությունյանին համարեց իր ամենաանհաջող կադրը:
«Նախկին օմբուդսմենի Մարտի 1-ի մասին զեկույցը դեռ օրակարգում է, և ներկայիս օմբուդսմենը պետք է անդրադառնար դրան: Սա նշանակում է, որ, ցավոք, իրավական մշակույթում չի պահպանվել իրավահաջորդության սկզբունքը»,- ասում է իրավապաշտպանը:
Նախկին օմբուդսմենի զեկույցում անդրադարձ է եղել ոստիկանության՝ ոչ իրավաչափ ուժի կիրառմանը, եղել են նաև այլ հարցադրումներ, որոնց, իրավապաշտպանի կարծիքով, պարտավոր է անդրադառնալ ներկայիս օմբուդսմենը: Ինչ վերաբերում է Միջնորդի դեր ստանձնելուն, ապա, Արթուր Սաքունցի կարծիքով, այդպիսով Մարդու իրավունքների պաշտպանը հարցերը տեղափոխում է քաղաքական դաշտ և փորձում հաշտարարի դեր կատարել:
Արթուր Սաքունցը մեր զրույցի ժամանակ տեսակետ արտահայտեց, որ խնդիրը պետք է դիտարկել մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից, և առաջնային համարել մարդու խախտված իրավունքների վերականգնումը: