Զինծառայողները դժգոհում են
00:00, September 10, 2010 | Նորություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներԱրդեն մոտ մեկ ժամ է, ինչ Արարատի մարզում գտնվող թիվ 58837 զորամասում, որտեղ զինվորական ծառայություն են անցկացնում պայմանագրային հիմունքներով զինծառայողներ (այն հանրությանն ավելի շատ հայտնի է որպես «Զանգակատան զորամաս»), դժգոհություն է բարձրացել:
Զորամասի հարեւանությամբ ապրող տների բնակիչները, ովքեր միրգ ու բանջարեղեն են վաճառում, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին հայտնել են, որ զինվորները բողոքում են, որ եթե մինչ այսօր իրենց թույլ էին տալիս տնից սնունդ, ծխախոտ ու հագուստ բերել, հիմա զորամասի ղեկավարությունն արգելել է դա եւ նշել, որ զինվորները պետք է օգտվեն զինվորական ճաշարանից ու հանդերձանքից: Սա հանգեցրել է նրան, որ զինվորների շրջանում լուրջ բողոք է առաջացել: Ներկա պահին զորամասում են գտնվում ՀՀ պաշտպանության նախարարության եւ կորպուսի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ: Պայմանագրային զինծառայողներները տեղի ունեցածի մասին տեղյակ են պահել նաեւ իրավապաշտպան Արթուր Սաքունցին:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Ա. Սաքունցը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ իրեն հասած տեղեկություններով, գնդի հրամանատարի եւ հրամանատրի տեղակալի միջեւ ինչ-որ վիճաբանություն է տեղի ունեցել, ինչից հետո նման պահանջ է առաջադրվել զինծառայողներին: «Եթե մինչեւ այժմ զինծառայողները իրենց համար սնունդ, հագուստ ու ծխախոտ են գնել սեփական միջոցներով, դա նշանակում է, որ նրանց ըստ կարգի, հատկացվող սնունդն ու մնացած պարագաները ինչ-որ տեղ են գնացել, յուրացվել են: Թե ում կողմից, դեռ պարզ չէ: Գուցե հենց սա է, որ դժգոհության պատճառ է դարձել»,-նկատեց իրավապաշտպանը եւ հավելեց, որ փորձելու է պարզել տեղի ունեցածի արմատները:
Ի դեպ, NEWS.am-ը փորձեց մեկնաբանություն ստանալ նաեւ Պաշտպանության նախարարությունից: ՊՆ-ի լրատվական ծառայությունում տեղյակ չէին միջադեպի մասին եւ խոստացան տեղեկություն փոխանցել երկու ժամից:
Աղբյուրը` http://www.news.am/arm/news/30430.html