Հայաստանի քաղաքացին դատապարտվում է Աբխազիա մուտք գործելու համար
00:00, August 12, 201025-ամյա Արման Ղազարյանի ընտանիքը 1992 թ.-ին բնակություն է հաստատել ՌԴ-ում: Արմանի ծնողները վաղուց քաղաքացիություն են ստացել այնտեղ, բայց Արմանը ՀՀ քաղաքացի է, Ռուսաստանում ժամանակավոր գրանցումով է ապրում:
Այս տարի Արմանը որոշեց գալ Հայաստան: Մինչ այդ նա պիտի մեկներ Աբխազիա, որտեղ եղբոր ընտանիքն էր հանգստանում: Քանի որ վախենում էր ինքնաթիռից, նախընտրեց գնացքով ուղևորությունը. Մոսկվայից ճանապարհվեց Սոչի, այնտեղից` Աբխազիա, Աբխազիայից` Թբիլիսի, ապա նստեց Թբիլիսի-Վանաձոր երթուղային տաքսին` Վանաձորում ավարտելու իր երթուղին: Բայց վերջնական կանգառը ոչ թե Վանաձորը եղավ, այլ Թբիլիսիի Գլդան բանտը:
Աբխազիայից Թբիլիսի անցնելիս Արմանը հարցրել էր վարորդին` արդյո՞ք խնդիրներ չի ունենա: Վարորդը հավատացրել էր, թե կարիք չկա անհանգստանալու: Բայց աբխազական սահմանի վրա Արմանի անձնագրում դրված կնիքը ճակատագրական եղավ նրա համար: Վրաց-հայկական սահմանի վրա վրացի սահմանապահն, այն հայտնաբերելով, ձերբակալեց նրան` սահմանային ռեժիմը խախտելու համար:
Արմանը չգիտեր, որ երկու երկրների միջև գոյություն ունեցող քաղաքական կոնֆլիկտի պատճառով Վրաստանը չի ճանաչում Աբխազիան որպես ինքնուրույն պետություն: Չկա երկու երկրների միջև սահմանային հարաբերությունները կարգավորող օրենք, և Վրաստանն էլ Աբխազիայից մուտքի թույլտվություն չի տալիս իր երկիր: Իսկ առանց մուտքի թույլտվության պետության սահմանն անցնելն անօրինական է:
Հետաքրքիր է, որ Արմանն Աբխազիայից Վրաստան էր անցել միանգամայն անարգել: Արգելքն առաջացել էր Վրաստանից դուրս գալիս: Արմանի` Վանաձորում բնակվող մորաքույրը` Լիանա Գալոյանը, դեռ հուլիսի 7-ին էր սպասում զարմիկին: Այդ օրը նա չեկավ:
Իսկ հուլիսի 8-ի առավոտյան Արմանն արդեն Ռուսթավի մեկուսարանում էր: Երկու օր Արմանից ոչ մի տեղեկություն չկար: Միայն երրորդ օրը հայտնի դարձավ, որ նա ձերբակալված է: Մորաքրոջ խնդրանքով Արմանի գտնվելու վայրը պարզել էր Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը` հարցում անելով Վրաստանի հայկական դեսպանատանը: Դեսպանատունն անմիջապես էր տեղեկացել Արմանի ձերբակալության մասին և պարտավոր էր անմիջապես տեղյակ պահել այդ մասին նրա հարազատներին, ինչը չէր արել:
«Մենք ըստեղ մեռնում էինք, դեսպանատունը մի հատ չէր զգուշացրել, որ ձեր երեխան էս պատճառով ըստեղ ձերբակալված ա: Էրեխեն էլ չէր կարող զանգի: Գոնե ասեին, որ չանհանգստանայինք, միջոցներ ձեռնարկեինք»,-պատմում է Արմանի մորաքույրը:
Թբիլիսիում իրավապահներն Արմանի հարազատներին հայտնել են, որ պետության սահմանն ապօրինաբար անցնելու համար պատիժ է սահմանվում 2-4 տարի ազատազրկում: Հարազատներն առաջարկել են տուգանք վճարել: Նրանց պատասխանել են, որ օրենքի այս խախտումն այլևս տուգանք չի նախատեսում: Իսկ տուգանքի նշանակումն ու ազատազրկումն էլ դատարանն է վճռում:
Մտածելով, որ տուգանքի փոխարեն հնարավոր է դատարանը ազատազրկման վճիռ տա, Արմանի հարազատները որոշեցին ընդունել մինչ դատական գործընթացը հաշտարարագիր ստորագրելու առաջարկությունը: Ըստ հաշտարարագրի` օրինախախտն ընդունում է իր մեղավորությունը, և նրա նկատմամբ պատիժ է սահմանվում 1 տարի ազատազրկում: Իսկ դրան հաջորդող դատական նիստը կվճռի հաստատել այն, թե ոչ:
Արմանի համար անմիջապես իրավաբան էին վարձել` նախապես վճարելով 500 ԱՄՆ դոլար, մնացած 500-ն էլ պայմանավորվել էին վճարել մեկ շաբաթից:
ՀՀ դեսպանատունն ու արտգործնախարարությունը պարտավոր են պաշտպանելու ՀՀ քաղաքացու իրավունքներն օտար երկրում: Բայց երբ Արմանի հարազատները դիմել էին Վրաստանի հայկական դեսպանատուն, նրանց պատասխանել էին, որ կարող են միայն իրավաբանական ծառայություն տրամադրել: Հայ իրավաբանն անմիջապես գնահատել էր իր ծառայության արժեքը` «ինչքան վրացուն եք տվել, էնքան էլ ինձ տվեք»:
Նույն արժեքով ծառայություն մատուցող իրավաբաններից ընտրվեց վրացին, քանի որ նրան արդեն տրված 500 դոլար կանխավճարը գործը դադարեցվելու դեպքում չէր վերադարձվելու: Բացի այդ, նա նաև թարգմանչի գործն էր անում:
Հայ իրավաբանն ասել էր նաև, որ նախկինում եղել են օրինախախտության նմանօրինակ դեպքեր, երբ մեծ գումարներ վճարելով` ազատ են արձակվել: Ու նշել էր 15-20 հազար լարի: Ասել էր, որ 2000 լարին դեր չի խաղա: Իսկ վրացի իրավաբանը տուգանքի չափ էր նշել 2-8 հազար լարի:
Այն, որ Արմանն անտեղյակությունից է փորձանքի մեջ ընկել, չի ազատում նրան պատժից. դա ամրագրված է նաև վրացական օրենսդրության մեջ: «Ամեն Հայաստան մտնողը մեր օրենքները գիտի՞, ոչ,-ասում է տիկին Լիանան ու շարունակում,-վրացիները շատ անգամ սահմանը խախտելով են անցնում մեր երկիր: Հո բոլորը չեն անցնում Սադախլուն ու Կալինինոյի անցակետը, գյուղերի ծուռումուռ ճանապարհներով գալիս են: Եթե մենք վերցնենք տենց անենք, լավ կլինի՞: Բայց մենք շատ լոյալ ազգ ենք»:
Հարազատներն անհանգստանում են, թե ինչպես պետք է Արմանը մի տարի դիմանա բանտում, երբ լուրջ առողջական խնդիրներ ունի` սրտի, աչքի, ականջի: Հիվանդության պատճառով ազատվել է զինծառայությունից: Բայց նույնիսկ դա չօգնեց նրան բանտ չտանելու: Այժմ Արմանը կրում է իր պատիժը քրեական հանցագործների հետ միևնույն բանտախցում:
Հարազատները բողոքում են սրա դեմ: Նրանց կարծիքով` եթե կա նման օրենք, ու կան օրինախախտներն, ապա առանձին պայմաններ պետք է ստեղծվեն այդ օրենքը խախտողների համար, «ոչ թե տանեն անմեղ էրեխին քրեական հանցագորների հետ մի տեղ նստեցնեն»:
Արմանի հետ նույն ձևով Աբխազիայից Վրաստան են անցել ևս երկու ՀՀ քաղաքացիներ` Արտեմիս գրական կեղծանունով մի կին գրող և մի երիտասարդ, որոնք նույնպես տվել են իրենց համաձայնությունը կյանքից մեկ տարով արձակուրդ գնալու համար:
«Արմանս ոչ առաջինն ա, ոչ վերջինը: Ցանկալի ա, որ նման բաների չհանդիպենք: Հարևան պետություն ա, ինչ անենք, թե Աբխազիայից ա եկել, ինչ մեղավոր է էն մարդը, որը համարում է, որ սա էլ ա պետություն»,-սրտնեղում է տիկին Լիանան: