Կարոն ՌՊԿ-ով ինքնասպան լինելու համար 1, 90 սմ հասակ պետք է ունենար
00:00, August 9, 2010 | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ | Զինված ուժերԶինվորներին սպանողն այժմ ազատության մեջ է: Ասում է ԼՂՀ Մարտունու զորամասերից մեկի հենակետում հուլիսի 28-ին իբր 5 զինվորի սպանած, ապա «ինքնասպանված» Կարո Այվազյանի մայրը` Մարինե Միքայելյանը:
Նա ասաց, որ պիտի պատասխան տա Արմեն Հակոբյանը, ում մի որոշումը` դատվածություններ ունեցող Կարոյին բանակ զորակոչելու, 5 զինվորի կյանք արժեցավ, թեեւ նա չի հավատում նախաքննական մարմնի առաջ քաշած վարկածին: Կարոյի հարազատները նաեւ պատրաստվում են` պատասխան, փաստաթուղթ պահանջել պաշտպանության նախարարից, թե ինչ հիմքով են ՀՀ քաղաքացուն տարել ԼՂՀ-ում ծառայելու:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի, «Ազատություն» ռ/կ-ի եւ «ժամանակ» օրաթերթի հետ հանդիպման ընթացքում մայրն ասաց, որ իրենք չեն հավատում նախաքննական մարմնի առաջ քաշած վարկածին, այդ քրեական գործից իրենց որեւէ բան չեն ասում, եւ մինչ այժմ տուժողի կամ որեւէ այլ կարգավիճակով նրանց չեն ներգրավել գործում: «Ես իրեն ասել եմ` Կարո, եթե գնաս բանակ, լավ չի տեղդ, մենք քեզ կփախցնենք: Ինքը ասեց` «չէ, ես սրանից ավելի դժվար տեղեր եմ մնացել, սա ինչ ա, որ չդիմանամ»: Մի օր առաջ զանգել էր, ասեցի` ոնց ա՞, ասում ա, դե գիտե՞ս ոնց ա, սաղից էլ փող են ուզում, սաղին ճնշում են… Ես էլ ասեցի` ուզո՞ւմ ես իրանց անունը ասա, որ ես փող փոխանցեմ, ասեց` չէ, կարող ա՞ ես իրանց մի կոպեկ տամ… Ասեցի` բա կարող ա՞ քեզ նեղեն, ասեց` չէ, ես լավ եմ, ասեց` ուրիշների վրա շատ են ճնշում, էս երեխեքն էլ ոնց որ վախում են խոսան: Ես չեմ վախում», – պատմեց Կարոյի մայրը, իսկ մեր այն հարցին, եթե չտային` ի՞նչ կլիներ, մայրը պատասխանեց. «Չգիտեմ, բայց ես մենակ էն գիտեմ, որ եթե իրան նեղեին, ինքը կփախներ: Եթե ինքը բանտից փախել ա, բանակից չէր կարա՞ փախներ… Ինքը քեզ կհարգեր եւ քեզանից էլ հարգանք կպահանջեր»: Միանշանակ բացառելով ինքնասպանության, նրա կողմից սպանություն կատարելու վարկածը` մայրը չի բացառում, որ ընկերներին պաշտպանելու համար կարող էր նաեւ միջամտել, բայց ոչ թե զենքով, այլ բռունցքներով, քանի որ ընկերներին շատ սիրում էր, ինքն էլ մարզված էր, բռնցքամարտիկ: «Եթե ինքը տեսնի, որ մեկը ճնշված ա` կհավատամ, ես դրան հավատում եմ, ինքը դրան կպաշտպանի, բայց ինքը ինչի ա՞ ընկերոջը սպանում…», – ասաց մայրը: Պապն էլ, հիշեց, որ մի կռվի ժամանակ նա միայնակ կարողացել էր 5 հոգու փռել գետնին: Ուստի Ջիվան Միքայելյանը նաեւ այսպիսի հարցադրում է առաջ քաշում. «Եթե Կարոն, ասենք, մեկի կամ երկուսի հետ վատ հարաբերություն ունենար` էլի կհասկանայինք, բայց հինգի հետ էլ չունե՞ր… Կամ` բոլորը զինված էին, եթե մեկին զենքով խփեր, մյուսներից մեկն այդ ընթացքում պատասխան կրակով նրան կսպաներ, կկանխեր չէ՞… Երկու պահունակ ա կրակվել»:
Ուշագրավ մի հանգամանք եւս. Կարո Այվազյանի քեռու` Անուշավան Միքայելյանի փոխանցմամբ` զորամասի պատասխանատուներից մեկը «ոչ աֆիցալ կարգով» առաջին օրն իրեն ասել է. «Մի հոգի ա սաղ (ականատեսներից.- Է.Մ.), հետո երկրորդ օրը գնում ենք, ճշտում ենք, երկրոդ օրը ասում ա` մեկը գժվել ա, երկուսը կենդանի են` ահավոր վիճակում»: Հարազատները գրեթե համոզված են, որ Կարոյի դատվածության հանգամանքը օգտագործելով, ուղղակի ուրիշի արածը Կարոյի գլխին են «սարքել», որովհետեւ սպանվածներից մեկի` Անդրանիկի կինը միայն լավն է լսել Կարոյի մասին, ով միշտ հարազատներին խնդրել է` շատ բան ուղարկել, որ ընկերների հետ ուտի:
Մայրը մեկ օր առաջ` հուլիսի 27-ին է խոսել որդու հետ. «Ինքը ժամը 4-ի (16.00-ի) կողմերն ա խոսել: Ամեն երկու օր ինքը զանգում էր ինձի»: Վերջին օրը նրա հետ խոսակցության ժամանակ տարօրինակ ինչ-որ բան չի նկատել: Ամեն դեպքում հարազատները գտնում են, որ այդ դեպքի մեջ շատ մութ պատմություն կա:
Մահվան ակտի տեղեկանքի մեջ նշված է. «Գլխուղեղի կենսական կարեւոր ֆունկցիաների սուր խանգարում, գանգի հրազենային, գնդակային միջանցիկ վնասվածք, գանգի հիմի, թաղի բազմաբեկոր բաց կոտրվածքներ, գլխուղեղի մասնակի արտանկում, ջնջխում»: Ի դեպ, քեռին ներկա է եղել դիահերձմանը, եւ մեջքի ներքեւի հատվածում մեծ կապտուկ է եղել` 10 սմ շառավղով, մուգից բաց գնացող երանգով, եւ ենթադրվում է, որ խզակոթի հարված կարող է լինել, սակայն դիահերձելիս ասել են` դիակային կապտուկ է, որը կարող էր առաջանալ տեղափոխելիս: Սակայն մասնագետներն ասում են, որ մահացած մարդու վրա, ում մարմնում այլեւս դադարեցված է արյան շրջանառությունը, չի կարող այդ կարգի կապտուկ առաջանալ: Նշանակում է` նրան հարվածել են կենդանության ժամանակ: «Հետո շատ մութ բաներ կան. եթե դեպքը լինում ա, գործը նշանակում են ըստ դատախազության, քննչական բաժնի, բայց չգիտես ինչու` նրան տարել են Հադրութ, նոր բերել Երեւան: Ստեղ են դիահերձումն արել, շորերը չկան, նրան մերկ են բերել», – զարմանում է մորեղբայրը եւ հարազատների կարծիքով` դա մատնահետքերը, այլ ապացույցները թաքցնելու համար է: «Ես մի բան գիտեմ, եթե ինքը արել ա, մենք չգիտենք, կարող ա` կյանքում էլ չիմանանք, հիմա որն ա հեշտ` դու քեզ սպանե՞ս, թե՞ սահմանն անցնես` կրակես: Թուրքերը ընդեղ չե՞ն… Որ ինքը հրացանը վեկալեր` կրակելով գնար, ի՞նչ պետք ա լիներ: Կսպանեին չէ՞ իրան: Բա խի՞ են նստում, որոշում` ոնց սպանեն», – հարցնում է մայրը:
Կարոյի անունը փալաս
մի սարքեք
Միակողմանի ծնողազրկության հարցը շոշափելիս պապիկին` Ջիվան Միքայելյանին ասել են. «Գնա թուղթ բեր, որ հերը մեռել ա, մահվան թուղթը, ես ուրիշ տարբերակներ եմ առաջ քաշում. ասենք աղջիկս ա` մեկի հետ հարաբերություն ա ունեցել, զագս չկա, էս չկա, էն չկա, ասում եմ` չկա էդ մարդը: Ասում ա` չէ, պտի բերեք: Եթե 17 տարի հերը դրան կանֆետ չի առել, մայկա չի առել, դա ի՞նչ հերա»: Մոր հայտարարության հիման վրա է որդին հոր ազգանունը ստացել, եւ ոչ էլ միայնակ մայր է գրվել, որովհետեւ շատ վաղ են լքել Հայաստանը: Կարոն երկու տարեկանից այստեղ չի եղել, հայերեն հազիվ էր խոսել, կարդալ չգիտեր, գրել չի իմացել, սակայն նրան դեմ են տվել մի փաստաթուղթ, որտեղ գրված է լինում` ես կամավոր եմ մեկնում ԼՂՀ:
Մայրն ասաց. «Մենք թուղթ ունեինք Ամերիկայից, որ որոշել են, որ ինքը իրավունք չունի զենք կրի, տանը պահի», պապն էլ ավելացրեց. «Ես նամակ եմ գրել պաշտպանության նախարարությանը, որ եթե այս երեխայի հետ դեպք պատահի` էս մարդն ա մեղավոր (Արմեն Հակոբյանը)»: Ի դեպ, ոչ միայն նա, քանի որ ՀՀ ՊՆ իրավաբանական վարչության պետ Ս.Սեդրակյանը Արաբկիրի զինկոմիսարին այսպիսի գրությամբ տեղեկացրել է. «1989թ. ծնված Կարո Շուրիկի Այվազյանի զորակոչի վերաբերյալ որոշում կայացնելու համար նրա գործն ուղարկվել է ՀՀ զինվորական դատախազություն եւ ՀՀ զինվորական դատախազի թիվ 19/1123-09 պատասխան գրությամբ հայտնվել է, որ Կ.Այվազյանը «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն ենթակա է զորակոչի: Քննարկելով ներկայացված փաստաթղթերը եւ հաշվի առնելով ՀՀ զինվորական դատախազի կարծիքը գործի վերաբերյալ` 20.11.2009թ. ՀՀ պաշտպանության նախարարին է ներկայացվել թիվ 1423 զեկուցագիրը եւ որոշվել է նրան զորակոչել ՀՀ զինված ուժեր»: Սույն փաստաթղթին առդիր` անձնական գործը 20 թերթ է, կից փաստաթղթերը` 24 թերթ: Հետաքրքիր է, թե ինչ կարծիքներով եւ փաստաթղթերով են հիմնավորել նրան ծառայության ուղարկելու հանգամանքը` անտեսելով ամերիկյան դատարանի որոշումը, ըստ որի նա իրավունք չուներ զենք կրելու, պահելու, քանի որ անչափահաս ժամանակ դատապարտվել էր անօրինական զենք կրելու եւ թմրամիջոցներ իրացնելու համար: Ավելի ուշ` չափահաս տարիքում` նաեւ բանտից փախչելու համար: «Իսկ 4000 դոլար ուզող Արմեն Հակոբյանն ասում էր` ըստեղ օրենք չկա, որտեղ ուզում ես` գնա, բողոքի», -պատմում է պապը:
Մի հետաքրքիր հանգամանք եւս. դեպքից 5 օր առաջ գումարտակի հրամանատար Ֆելիքս Բաղդասարյանը (կամ Խաչատրյանը) զանգել է Կարոյի հարազատներին եւ ասել. «Ես լսել եմ, որ ձեր տղան (Կարոն) ուզում ա փախնի, ես էլ ասի` տենց բան չի լինի, ես էլ ասի` լսել եմ, որ 5 մլն ձեզ կաշառք են տվել, ասեց` կարա՞ս ապացուցես, ես հարցրի` բա դու կարա՞ս ապացուցես… Ու Ֆելիքսն իրա համարը տվեց, ասեց, որ մի բան ըլնի` կզանգես ինձ… Ըհը», – պատմում է Ջիվան Միքայելյանը:
Անդրանիկը, ով լավ է ճանաչել Կարո Այվազյանին, նրա մորը` Մարինե Միքայելյանին, ասել է. «Ես չեմ ուզում նրա անունը փալաս սարքեն, որովհետեւ ինքը տենց տղա չէր»:
Աղբյուրը՝ http://www.zhamanak.com/article/15688/