Վանոն ուզողին տվել ա… Կամ բաց հետեւներին` «կռուժիվայով տռուսիկ»
00:00, June 19, 2010 | Նորություններ | Կոռուպցիայի կանխարգելումՎանո Եղիազարյանի նման գյուղապետ չկա. նա ոչ մեկին “չէ” չի ասել, նույնիսկ երբ մի քանի անգամ են փող ուզել. այդպես նա 11 միլիոն 665.000 դրամի “լավություն” է արել զոքանչին, կնոջը, աներոջը, իր ազգին, հարեւաններին, հարեւանների բարեկամներին եւ այժմ ստիպված է լինելու բացատրություններ տալ մսխած փողերի մասին:
Բացահայտումը կատարել է “Լոռու մարզի շահերի պաշտպանության եւ աջակցության կենտրոն”-ը եւ դիմել Լոռու մարզի դատախազ Կարեն Շահբազյանին` համապատասխան միջոցներ ձեռնարկելու: Կազմակերպությունն ուսումնասիրել է ՀՀ Լոռու մարզի Լեռնապատ համայնքի ղեկավարի եւ ավագանու կողմից 2004-2010թթ. կայացված որոշումների մի մասը եւ հայտնաբերել կոռուպցիոն ռիսկ պարունակող եւ ապօրինի մի շարք որոշումներ:
Գյուղապետ Վանոյի առաջարկությամբ եւ ավագանու “դաբրոյով” 2009թ. մայիսին Լեռնապատ համայնքի հաշվեկշիռ են մուտքագրել նոր ձեռք բերված գրասենյակային սեղան (270.000 դրամ), գրասենյակային աթոռ (80.000 դրամ) եւ մոտ 1000 դոլարանոց սառնարան (363.000 դրամի չափով): Եվ դա այն դեպքում, երբ նույն գնանոց սառնարան համայնքը դեռ 6 ամիս առաջ էր գնել: Հաջորդ ապօրինի որոշմամբ համայնքի համար գնվել է բաղնիքի հավաքածու (150.000 դրամ), թենիսի սեղան (150.000 դրամ), բիլիարդի սեղան (845.000 դրամ), նկարների հավաքածու (31.000 դրամ), որոնք չեն բխում համայնքի շահերից, կրում են անհատական օգտագործման բնույթ, եւ չեն կարող համայնքի բյուջեի հաշվին կատարվել նման գնումներ: Համայնքի համար գնվել է նաեւ 2 մահճակալ` 156.000 դրամ արժողությամբ, եւ հայտնի չէ, թե հատկապես ում եւ ինչ նպատակով են դրանք ծառայել:
Լեռնապատի ավագանու որոշմամբ, բայց առանց հիմնավորման` 2009թ.-ի համար ավտոմեքենաների գույքահարկից ամբողջությամբ ազատվել են գյուղապետ Վանոն եւ նրա ազգականները` Տ.Եղիազարյանը, Ս.Եղիազարյանը, Ա.Եղիազարյանը, Դ.Թամարյանը, Մ.Մալխասյանը:
Ավագանու 2008թ.-ի մեկ այլ որոշմամբ` կրճատվել է գյուղապետի վարորդի հաստիքը, իսկ վարորդի պարտականությունները կատարել է գյուղապետը` 135.000 դրամ աշխատավարձի դիմաց, որը նախկին վարորդի աշխատավարձից բարձր է կրկնակի անգամ: Ընդ որում` ավագանու որոշումը հաստատվել է գյուղապետ-վարորդի ստորագրությամբ:
Լավ աշխատելու համար գյուղապետը պետք է նաեւ հանգստանար. այդ նպատակով 2004թ. սեպտեմբերի իր կարգադրությամբ եւ ստորագրությամբ Լեռնապատի գյուղապետն ինքն իրեն 2004թ. սեպտեմբերի 1-ից համարել է հերթական արձակուրդի մեջ եւ իրեն վճարել ոչ միայն արձակուրդայինը, այլ նաեւ օգնություն` 1 ամսվա աշխատավարձի չափով:
ՀՀ Լոռու մարզի Լեռնապատի ավագանու 2008թ.-ի մեկ այլ որոշմամբ, համայնքի ղեկավարն ինքն իրեն թույլատրել է համայնքի բյուջեից 100.000 ՀՀ դրամ փոխանցել “Գեւորգ-Հրայր” ՍՊԸ-ին` հովանավորելու “Հովհաննես Թումանյանը եւ հայ ժողովրդի ողբերգությունը” գրքի (գլխավոր հերոսը երեւի գյուղապետն է- Է.Մ.) տպագրությունը` տպաքանակի չափը թողնելով հեղինակի որոշմանը: Որոշումը կազմվել է Լեռնապատի ավագանու անունից, սակայն միայն գյուղապետն է ստորագրել այն:
Այս եւ այլ նյութերի վերլուծությունը ցույց է տվել, որ օգնությունները եւ արտոնությունները մեծամասամբ տրվել են համայնքի ղեկավարի ազգականներին:
Էլմիրա Մարտիրոսյան
Աղբյուրը` http://www.zhamanak.com/article/15453/