Կոլեկտիվ հանցագործությո՞ւն
00:00, June 26, 2010 | ՆորություններՀունիսի 5-ին Չարենցավանի թիվ 5 դպրոցում մահացել է տասնամյա Դերենիկ Գասպարյանը: Վաղ առավոտյան Դերենիկին ծնողներն ուղեկցել են դպրոց` մաթեմատիկայի քննություն հանձնելու, սակայն կարճ ժամանակ անց լուր են ստացել, որ երեխան դպրոցում վատացել է:
Մինչ ծնողները կվազեին դպրոց, տեղեկություն են ստանում, որ երեխան հիվանդանոցում է:
“Երեխային ճանապարհեցի եկա, տաս րոպե չանցած հարևանն ասեց, որ էրեխեն վատացել է դպրոցում, քեզ շուտ կանչում են: Ես շտապում եմ դպրոց, ինձ ասում են իզուր ես դպրոց գնում, տարել են հիվանդանոց: Հիվանդանոցում իմանում եմ, որ երեխան մնահացել է: Պարզվում է, որ երեխան մահացել է դպրոցում”, պատմում է մայրը` Գայանե Մկրտչյանը:
Չորրորդ դասարանի մաթեմատիկայի քննությունը նշանակված է եղել ժամը 11-ին, բայց երկու ժամ շուտ են կանչել` կոնսուլտացիա անցկացնելու համար: Ինչպես ավելի ուշ պարզել են ծնողներն, իրենց որդու հետ կռվի են բռնվել համադասարանցիներից Իշխան և Վրեժ անունով եղբայրները ու ծեծել Դերենիկին:
“Էրեխուն գցել են գետնին ու ծեծել, թե կոնկրետ ինչից է մահացել` չգիտենք: Բժիշկն ասեց, որ եթե յոթ րոպեի ընթացքում օգնություն ցույց տային, երեխայի կյանքը կհաջողվեր փրկել, սակայն երեխան 15 րոպե անօգնական է մնացել”, պարզել են Դերենիկի հարազատները:
Դեպքի պահին մաթեմատիկայի ուսուցիչը կամ դասղեկը դասարանում չեն եղել: Մինչ դեպքից ահաբեկված երեխաները գտել են ուսուցչին արդեն ուշ է եղել:
“Մեր էրեխեն անտեր ա եղել, եթե տեր ունենար, չէր մահանա: Էրեխեքին լցրել են դասարան ու գնացել են”, ողբում էին ծնողները:
Չնայած դեպքը տեղի է ունեցել քննությունից անմիջապես առաջ և երեխաներին պարզ է դարձել, որ իրենց դասընկերը մահացել է իրենց աչքի առաջ, մաթեմատիկայի ուսուցչուհին, այսուհանդերձ, քննություն է անցկացրել:
Վերը շարադրածի մասին ծնողներն իմացել են ուշացումով, երբ հասկացել են, որ դպրոցի ուսուցչական կազմն այլ կերպ է ներկայացրել եղելությունը:
“Դպրոցը մի շոու էր սարքել, թե իբր էրեխեն հանկարծակի գլուխը բռնել ա ու ընկել գետնին մահացել: Ծնողներին ու դասարանցիներին էլ սովորեցրել են, թե նույնը կասեք, իբր մեր երեխան հիվանդ ա եղել: Ես առողջ երեխա եմ ուղարկել դպրոց: Երեխուս ուրախ, ծաղկեփունջը ձեռքին ուղարկել եմ դպրոց: Իմ երեխան որևէ հիվանդությամբ չի տառապել”, բորբոքվում է մայրը:
Մաթեմատիկայի ուսուցիչ և դպրոցի ուսմասվար Էլմիրա Կարապետյանը, ով անցկացնում էր մաթեմատիկայի քննությունը, խուսափեց մեր հարցերին պատասխանել, ասելով, թե անհրաժեշտության դեպքում ինքը կզանգահարի: Հավելենք նաև, որ տիկին Կարապետյանն ու իր ամուսինը` դպրոցի տնօրեն Պապ Շահնազարյանը, չեն մասնակցել տասնամյա Դերենիկ Գասպարյանի թաղման արարողությանը և չեն ցավակցել հարազատներին:
Հարազատները փոքրիկ Դերենիկի գլխի, դեմքի և մարմնի այլ մասերում կապտուկներ են հայտնաբերել: “Անօրեն ու դաժան երկրում ենք ապրում: Էրեխուն գլխներիս վրա պահել ենք, որ տանեն 15 րոպեում սպանեն”, լացակումած բողոքում էր պապը:
Հարազատները հանդիպել են թե ոստիկանապետի և թե մարզային դատախազի հետ, ովքեր խոստացել են, թե օբյեկտիվ քննություն է կատարվելու: Սակայն երեխայի մահվանից քսան օր անց հարազատները մտահոգված են, որ ոստիկանությունը գործը կոծկում է: “Հիմալ էլ մեզ ասում են, թե երեխաներին դատ չի հասնում, շատ-շատ մի դասատու հեռացնեն դպրոցից…”:
Հարազատներին ոստիկանությունից քննության ընթացքի մասին որևէ տեղեկություն չեն հայտնում, ասելով, թե “վերջում կիմանաք”:
Դերենիկի հարազատները ողբում են իրենց երեխայի մահը և փորձում գոնե արդարություն գտնել ու դրանով մխիթարվել: Սակայն պարզվում է ծնողների համար մխիթարիչ քիչ բան կա: Չարենցավանի ոստիկանությունում Դերենիկ Գասպարյանի մահվան դեպքի կապակցությամբ քրեական գործ չի հարուցվել:
Քննիչ Արմեն Իսկանդարյանը պատրաստակամ չէր մեր հարցերին պատասխանելիս. “Ձեզ ոչ մի ինֆորմացիա չեմ տա, ով իմ համարը տվել ա, նրար էլ հարցեր տվեք”, ասում էր քննիչը: Նրան խնդրեցինք միայն մեկ հարցի պատասխանել. Հարուցվե՞լ է քրեական գործ տասնամյա Դերենիկ Գասպարյանի մահվան փաստի առթիվ, ինչին քննիչը կարճ պատասխանեց. “Ոչ”:
Չարենցավանի ոստիկանության բաժնում հարցաքննության կանչված Վահան Խալաֆյանի մահվան դեպքից հետո կալանավորված են ոստիկանության աշխատակիցներ: ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը աշխատանքից հեռացրեց մի քանի աշխատակիցների, փոխվեց նաև Չարենցավանի ոստիկանապետը, սակայն չի փոխվել աշխատելաոճը:
Աղբյուրը` http://lragir.am/armsrc/country-lrahos36315.html
ԺԱՆՆԱ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ