Մարդու իրավունքներին նվիրված համաժողով` առանց իրավապաշտպանների
00:00, April 7, 2010 | Մամլո հաղորդագրություններԱյսօր Երեւանում կմեկնարկի Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի համաժողովը:
Սակայն դեռ օրեր առաջ այս համաժողովի կապակցությամբ լուրջ սկանդալներ էին ծագել: Ու հետեւանքը եղավ այն, որ մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ ի սկզբանե հայտարարեցին համաժողովը բոյկոտելու մասին: Այդ համաժողովին հրաժարվեց ելույթ ունենալ նաեւ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը. վերջինս համաժողովին կներկայանա վաղը նոր միայն: Բանն այն է, որ իշխանություններն ի սկզբանե փորձել են անել ամեն ինչ, որպեսզի համաժողովը վերցնեն իրենց ղեկավարության տակ: Նախատեսված էր, որ այդ համաժողովի բացմանը ելույթ է ունենալու Սերժ Սարգսյանը: Սակայն բարձրացված աղմուկի պատճառով իշխանությունները ստիպված եղան նահանջել, եւ հիմա հայտնի է, որ այդ համաժողովի բացմանը Սերժ Սարգսյանի փոխարեն ելույթ է ունենալու ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը: Եթե անկեղծ լինենք, ապա որեւէ լուրջ տարբերություն Գագիկ Հարությունյանի եւ Սերժ Սարգսյանի միջեւ չկա: Համենայնդեպս, ՍԴ նախագահը նույնքան մեղսակից է ներկա ավազակախմբի ձեւավորման գործում, որքան Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը: Ավելին` Գագիկ Հարությունյանն այս ողջ ընթացքում եղել է այդ ողջ անօրինականություններն իրավաբանորեն հիմնավորողն ու վավերացնողը: Այնպես որ, նա եւս պատասխաատվություն է կրում այսօր Հայաստանում ստեղծված իրավիճակի համար:
Իսկ Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի համաժողովի հետ կապված սկանդալները սկսվեցին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի հետ կապված պատմությունից: 2010 թ. մարտի 19-ին այս կազմակերպության ինտերնետային կայքում տեղադրվել էր հայտարարություն` Հայաստանում արդար դատաքննության վերաբերյալ: Հայտարարության տակ ստորագրել էին Քաղաքացիական հասարակության ինստիտուտը, Հայաստանի Հելսինկյան կոմիտեն, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, Համագործակցություն հանուն ժողովրդավարության եւ Ընդդեմ իրավական կամայականության կազմակերպությունները: Հայտարարության մեջ անդրադառնալով 2008 թ. մարտի 1-ի իրադարձություններին` նշվում էր, որ 10 մարդ սպանվել է եւ 200 հոգի վնասվածքներ են ստացել բախումների հետեւանքով: Սակայն ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հայտարարել է, որ համաձայն չէ նշված ձեւակերպումների հետ: «Սույն հայտարարությամբ հայտնում ենք, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը չի ստացել հայտարարության տեքստը մինչ հրապարակումը, համաձայն չէ տեքստում նշված ձեւակերպման հետ եւ իր ստորագրությունը հետ է վերցնում հիշատակված պատճառներով», – հայտարարել էր Արթուր Սաքունցը: Հետո արդեն Միքայել Դանիելյանի ղեկավարած Հելսինկյան ասոցիացիան, Արթուր Սաքունցի Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, Վարդան Հարությունյանի Իրավունքի եւ ազատության կենտրոնը հայտարարել էին, որ չեն մասնակցելու այդ համաժողովին: Ամենայն հավանականությամբ, այդ համաժողովին չի մասնակցի նաեւ Բորիս Նավասարդյանի ղեկավարած Երեւանի մամուլի ակումբը, Աշոտ Մելիքյանի Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, Լեւոն Բարսեղյանի Գյումրիի Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը:
Փոխարենը այս համաժողովին մասնակցելու են միջոցառման կազմակերպիչը` «Քաղաքացիական հասարակության ինստիտուտի» ղեկավար Արման Դանիելյանը, այդ կազմակերպության խորհրդի նախագահ Արտակ Կիրակոսյանը, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Վահան Իշխանյանը, «Դիֆենս» հ/կ ղեկավար Կարեն Անդրեասյանը: Մյուս մասնակիցների վերաբերյալ այլ մանրամասներ երեկ ճշտել չհաջողվեց: «Քաղաքացիական հասարակության ինստիտուտի» նախագահ Արման Դանիելյանը մեզ հետ հեռախոսազրույցում տեղեկացրեց, որ իրենք 200-ից ավելի մարդու են հրավերք ուղարկել: «Ում հետաքրքրում է, կգա, ում ոչ` չի գա: Ես տեղյակ չեմ, ով կգա, ով ոչ», – ասաց նա` հավելելով, որ այդ համաժողովին մասնակցությունը պարտադիր չէ:
ԱՂԲՅՈՒՐԸ` http://www.zhamanak.com/article/14573/